Գլխավոր / Ազգային ժողով / Արտահերթից առաջ․ ՀՀԿ-ն դիմադրում է, ՔՊ-ն պատրաստ է փողոցի, Վենետիկը ըմբռնում է

Արտահերթից առաջ․ ՀՀԿ-ն դիմադրում է, ՔՊ-ն պատրաստ է փողոցի, Վենետիկը ըմբռնում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ խորհրդարանական ուժերի բանակցությունները ակնկալվում է հրատապ ռեժիմով անցկացնել: Սա թույլ կտա, որ հնարավորինս շուտ որոշվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմները եւ ժամկետները: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին փոխանցեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Նա չբացառեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն մինչեւ տարեվերջ: Խմբակցության ղեկավարը նշեց, որ օրակարգում առկա է արտահերթ ընտրությունների անցկացման երկու տարբերակ:

«Կա կարճ ճանապարհ եւ կա երկար ճանապարհ: Այս տարբերակներից մեկի ընտրությամբ է պայմանավորված լինելու ընտրությունների անցկացման ժամկետը: Կարճ ճանապարհը լինելու է այն, որ վարչապետի հրաժարականի դեպքում երկու անգամ վարչապետ չի ընտրվում եւ օրենքի ուժով Ազգային ժողովն արձակվում է: Երկրորդ ճանապարհն այն է, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ պետք է լինեն՝ խորհրդարանով եւ ԱԺ-ն լուծարվի առանց վարչապետի հրաժարականի, բայց այս ընթացակարգերը երկար են եւ հնարավոր է, որ հանրաքվեի անհրաժեշտություն լինի»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, սակայն, ձեռնտու են համարում կարճ ճանապարհով խորհրդարանական ընտրություններին գնալու տարբերակը: Միաժամանակ մտավախություն կա, որ ՀՀԿ-ն այս հարցում իրենց խոչընդոտելու է եւ հնարավոր չի լինելու խորհրդարանն իրավունքի ուժով արձակել վարչապետ չընտրելու պարագայում: «Մեզ համար ցանկալի չէ Սահմանադրական փոփոխության ճանապարհով գնալը: Կարծում եմ, որ մյուս ուժերին եւս ցանկալի չէ, բացառություն է միայն ՀՀԿ-ն, որը հնարավորինս փորձում է ձգձգել: Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ այստեղ կարեւոր գործով ենք զբաղված, բայց հասկանալի չէ, թե այդ կարեւոր գործը որն է», — ՀԺ-ի հետ զրույցում ասաց Լենա Նազարյանը:

Լենա Նազարյանը նշեց, որ «Հանրապետական» խմբակցության դիմադրությունը լրացուցիչ լարվածություն է առաջացնելու հասարակության շրջանում: Ըստ նրա՝ ՀՀԿ-ականներն ամեն ինչ անում են, որ հասարակության վերաբերմունքը իրենց նկատմամբ բացասական դառնա: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշակի զիջումների գնա, որպեսզի վարչապետի հրաժարականի եւ երկու անգամ վարչապետ չընտրելու պարագայում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման առիթ լինի, Լենա Նազարյանը բացառեց: ԵԼՔ խմբակցության ղեկավարի պնդմամբ՝ որեւէ քաղաքական ուժի շահն առաջնային չի լինելու:

«Եթե այս ամենն անկարեւոր է եւ առաջ են քաշվում շահեր, նախապայմաններ, ցանկություններ, ապա հարց է առաջանում՝ այդ ուժերն ինչի՞ մասին են մտածում, ո՞ւմ մասին են մտածում, ի՞նչ շահերի են ծառայում: Իրենց նպատակը պորտֆելներ ունենա՞լն է, թե՞ այն, որ մարդկանց ակնկալիքները իրականանան: Տեղի կունենան ազատ եւ անկախ ընտրություններ, ՀՀԿ-ն էլ կմասնակցի ու իր քվեները կստանա: Ես զարմանում եմ, թե ինչու են իրենք հանդուգն կերպով, անընդհատ ավելի լարում իրավիճակը, երբ բացահայտվում են կոռուպցիոն գործարքներ եւ շատ պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվում: Նրանցից ոչ մեկն այս ընթացքում ափսոսանք չհայտնեց, որ նման բաներ են տեղի ունեցել իրենց իշխանության ժամանակ»,- նշեց Նազարյանը:

Անդրադառնալով 6-րդ գումարման Ազգային ժողովը լուծարելու մեխանիզմներին, Լենա Նազարյանը չբացառեց, որ հարկ եղած դեպքում իշխանությունները կօգտագործեն նաեւ փողոցային պայքարի տարբերակը: «Դա ամենաանցանկալի ճանապարհն է, որը չեմ բացառում, բայց տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը միշտ պատրաստ է եղել բանակցելու: Փողոցային պայքարը վերջին էտապն է: Եթե այլեւս հնարավոր չլինի բանակցել, ապա չեմ բացառում, որ մարդիկ դուրս կգան փողոց: Դա ցանկալի չէ, քանի որ այդ տարբերակը խաթարում է բնականոն ընթացքը»,- ասաց պատգամավորը:

Այս ընթացքում շարունակվում է նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակումը: «Հանրապետական» խմբակցությունը հույսեր ուներ, որ կառավարությունը հիմք կընդունի Վենետիկի հանձնաժողովի այն տեսակետը, թե փոփոխություններից հետո ցանկալի է մեկ տարի անց անցկացնել ընտրությունները: Այսինքն՝ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակելու համար դեռ մեկ տարի կպահանջվեր, իսկ ՀՀԿ-ն կշարունակեր իշխել ԱԺ-ում: Լենա Նազարյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից կա ըմբռնում՝ այդ կետը շրջանցելու համար: «Կառավարութան ներկայացուցիչները Վենետիկի հանձնաժողովին բացատրել են երկրում ստեղծված իրավիճակը: Այնտեղից ունենք ըմբռնում, որ արտառոց իրավիճակ է մեր մոտ եւ շուտ պետք է ընդունենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունները»:

Վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը պատրաստ կլինի երկու շաբաթից: «Վենետիկի հանձնաժողովի այն ռեկոմենդացիան, որ ընտրությունները պետք է անցկացնել ԸՕ-ի փոփոխություններից 12 ամիս հետո, այս անգամ դա Հայաստանում տեղի չի ունենա: Դրա համար պատճառները պարզ են, իսկ ինչ վերաբերվում է օրենսգրքի բովանդակությանը՝ մենք հայցելու ենք ու ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաները, որոնք ամենայն հավանականությամբ տեղ կգտնեն վերջնական նախագծում», — ասաց նա:

Նրա խոսքով՝ առաջիկայում Վենետիկի հանձնաժողովի անդամներն անձամբ են գալու Հայաստան եւ աջակցելու են ԸՕ-ի բարեփոխումների հարցում: Պատասխանելով այն հարցին, որ ՀՀԿ-ականներն ասում են, թե միջազգային այս հանձնաժողովի կանոններից շեղվել չի կարելի, Իոաննիսյանը նշեց՝ 2017 թվականի ընտրություններից վեց ամիս առաջ եւս ԸՕ-ի փոփոխություն է եղել: