2013 թվականին կայացած նախագահական ընտրությունների դիտարկումներից հետո ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ը պահանջել է, որպեսզի ՀՀ իշխանությունները բացառեն վարչական ռեսուրսի օգտագործումը քարոզարշավի ժամանակ, օրենքի փոփոխություններով բարձրացնեն հասարակության վստահությունը ընտրությունների նկատմամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ կառավարության կողմից առաջարկված նույնականացման քարտերով քվեարկությունը թույլ տալու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Պատգամավորը նկատել է, որ իշխանությունները եվրոպական դիտորդների վերոնշյալ երկու պահանջն էլ չեն կատարել:
«[Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ] դուք կոպտորեն խախտել եք միջազգային կառույցի առաջարկը՝ մարզպետներին, քաղաքապետներին, գործադիր իշխանության ղեկավարներին չընդգրկել քարոզարշավի կազմակերպման գործում: Այն, որ վարչապետը շտաբի նախագահն է, նախարարները՝ նրա տեղակալները, մարզպետները՝ շտաբի պետեր են, սա ուղղակի հակասում է ԺՄՀԻԳ-ի՝ Հայաստանին արված դիտողություններին: Մյուսը՝ դուք չեք հերքում, որ Վենետիկի հանձնաժողովը մերժում է ընտրություններից առաջ խաղի կանոնները փոխելը:Վենետիկը մերժում է ընտրություններից մեկ ամիս առաջ քննարկել, թե ինչպես 20 օր հետո պետք է անցկացվի հանրաքվեն: Փոփոխությունը պետք է քննարկվի ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ», – ասել է Մանուկյանը:
Նա նշել է, որ նույնականացման քարտերի հարցում ՀՀԿ-ականներն իրենք իրենց հակասում են. մինչև հոկտեմբերի 15-ը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստին ասել է, որ Հայաստանում կա 5.000 նույնականացման քարտ ունեցող, իսկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատմագավորներն ասում են, թե խոսքը 182.000 նույնականացման քարտերի մասին է:
«Երկու թիվ եք հրապարակել, ասեք՝ որն է ճիշտ, որը՝ սխալ», – հորդորել է Արամ Մանուկյանը:
Նա ասել է, որ կասկածներ են հարուցում նաև բնակչության թվի և ընտրողների թվի մասին պաշտոնական հրապարակումները:
«Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2015 թվականին մեր բնակչությունը կազմում է 3 միլիոն 10 հազար մարդ, մեր ցուցակներում հայտարարվել է ընտրողների թիվը՝ 2 միլիոն 554 հազար մարդ, 0-14 տարեկանների թիվը՝ 584 հազար մարդ: Հարգելի պատգամավորներ, այս թվերը իրար չեն բռնում, 127 հազար մարդ ուղղակի պակասում է՝ պաշտոնական թվերի գումարման արդյունքում: Էլ չեմ ասում, որ 15-17 տարեկանների համար թիվ չի լինում, այդ տարիքի մարդ չկա: Չի կարող մի երկրում ծնելիությունը պակասի, աշակերտության թիվը երկու անգամ պակասի, բայց ընտրողների թիվը 2 միլիոնից դառնա 2.5 միլիոն», – ասել է Մանուկյանը: