Home / Տեսանյութեր / «Սերժ Սարգսյանն ուզում է ռայկոմի քարտուղար դառնալ»․ «Ոչ»֊ի ճակատը՝ Երևանում

«Սերժ Սարգսյանն ուզում է ռայկոմի քարտուղար դառնալ»․ «Ոչ»֊ի ճակատը՝ Երևանում

Սահմանադրական փոփոխություններին «այո» քվեարկելը կնշանակի, որ սա կլինի երկրում վերջին քվեարկությունը, քանի որ հանրաքվեից հետո օրենսդրորեն հավերժանալու է Սերժ Սարգսյանի և Հանրապետականի իշխանությունը։

Այսօր Ազատության հրապարակում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաքի ժամանակ, հայտարարել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Սերժ Սարգսյանը, հիշելով իր կոմունիստական անցյալը, ցանկանում է դառնալ ռայկոմի քարտուղար և, լինելով կուսակցության գլուխ, որոշի բոլոր հարցերը: [Դառնա] գենսեկ (ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար ֊ խմբ․) և այդ գենսեկի պաշտոնի հետ կարողանա համատեղել վարչապետի կամ պառլամենտի նախագահի պաշտոնը։ Ինչու ոչ, բայց նվազագույնը կուսակցության գենսեկի պաշտոնը՝ Մելիք֊Ադամյան (ՀՀԿ֊ի գրասենյակ) փողոցում նստող, որը որոշում է բոլոր հարցերը՝ ով ում է ծեծելու, ով է ֆինանսավորելու Ցեղասպանության հարյուրամյակը, ով ում է փող տալու»,-ասել է Արամ Մանուկյանը:

ՀԱԿ փոխնախագահը հայտարարել է, որ Սարգսյանը ցանկանում է պայքարել բազմակուսակցության, բազմակարծության դեմ, որոնց հասնելու համար տարիներ շարունակ պայքար է տարվել Ազատության հրապարակում:

«Անկախությունից 20 տարի հետո այս մարդն ուզում է ամեն ինչ հետ պտտել: Նա որոշել է քանդել կիսանախագահական համակարգը: Նրա ասածը հետևյալն է. եթե ես չեմ, ապա ուրիշը չպետք է լինի», – ասել է Մանուկյանը:

Նա դիմել է նաև գործարարներին՝ պնդելով, որ նոր համակարգի դեպքում Սերժ Սարգսյանի տնօրինելու է ամեն ինչ:

«Ի՞նչ է պետք ձեզ հասնակալու, որ ձեզ էլ է հասել: Մի օլիգարխ է մնալու, և այդ մեկը ինքն է», – ասել է Մանուկյանը:

Նշենք, որ սա «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության սահմանադրական փոփոխությունների դեմ կազմակերպած երկրորդ հանրահավաքն է։ Մի շարք քաղաքացիական խմբեր, նախաձեռնություններ, ինչպես նաև նրանց միացած ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները «Ոչ»֊ի ճակատ են ձևավորել՝ դեմ լինելով Սահմանադրության նախագծով առաջարկվող խորհրդարանական կառավարմանը։ Ուժերի առաջին հանրահավաքն  անցկացվել էր սեպտեմբերի 25-ին Գյումրիում։   

Հանրահավաքային ելույթներից հատվածներ՝ տեսանյութում.