Գյումրիում «Չեք անցկացնի» նախաձեռնության հրավիրած սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաքի ժամանակ ոստիկաններն անջատել են կազմակերպիչների սարքերը սնուցող էլեկտրաէներգիան: Այս մասին իր ելույթում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Սամվել Բալասանյան (Գյումրիի քաղաքապետ ֊ խմբ․), ոստիկանապետ, հո միշտ այսպես չի մնալու, էս էրեխեքը դիմել են, արտոնված հանրահավաք է սա, ինչո՞ւ եք անջատում լարերը»,- ասել է Արամ Մանուկյանը:
Մանուկյանն ընդգծել է, որ իրականում Սերժ Սարգսյանի կողքին կանգնած են իշխանավորները, քանի որ հասարակ քաղաքացիները չեն կարող մտածել անգամ, որ Սերժ Սարգսյանը կարող է շարունակել կառավարել երկիրը։
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով քանդվում է կառավարման ամբողջ համակարգը, ոտնահարվում են մարդու իրավունքների ոլորտի դրույթները։ Նա նշել է, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ղեկավարությունը ցանկանում է անցել խորհրդարանական համակարգի, երկիրը թողնել առանց գերագույն գլխավոր հրամանատարի, միայն թե կատարվի Սերժ Սարգսյանի հավերժ իշխելու երազանքը։
Պատգամավորն ասել է, որ երեկ Ադրբեջանն առանց պատերազմ հայտարարելու հրետակոծել է անկախ ՀՀ պետության տարածքը՝ Նոյեմբերյանի գյուղերը:
«Խնդրում եմ ասեք՝ դուք Սերժ Սարգսյանի արձագանքը տեսե՞լ եք, լսե՞լ եք: Պատկերացնում եք որևէ այլ երկիր, որ ռմբակոծի այլ երկրի տարածքը… իսկ նախագահը չկա ուղղակի»,- ասել է Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ «այս իրավիճակում մենք կարիք ունենք նախագահի, ոչ թե Սերժի»:
Նա կոչ է արել հավաքվածներին միանալ և միասնական պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ:
«Այո, մենք պայքարելու ենք խորհրդարանում, բայց դա քիչ ա: Մենք 15-20 հոգի կարող ենք լինել։ Հլը նայեք Մարգոյի (նկատի ունի ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանին-խմբ.) տեսակը 80 հատ ա, Գեղամյանի տեսակը (նկատի ունի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին-խմբ.) քծնելու է մինչև վերջ»,- ասել է Մանուկյանը: