Գործող Սահմանադրությունում կան հոդվածներ, որոնք արգելում են մարդու իրավունքների սահմանափակումներն ավելի մեծ ծավալով, քան դա սահմանված է միջազգային պայմանագրերով։ Իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջակում է մի շարք դեպքերում, օրինակ, հանուն հանրային կարգի, սահմանափակել մարդու իրավունքները: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Վերջինիս խոսքով՝ այդ սահմանափակումն անդրադառնում է խղճի, ընտանիքի, տան իրավունքի ոլորտներին, որտեղ մարդու իրավունքներին կարող է վնաս հասցվել՝ հասարակական շահի պատճառաբանությամբ։
Բագրատյանը ԱԺ֊ում նախագիծը ներկայացնող Սահմանադրական բարեփոփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին հարցրել է, թե ինչ նպատակով է այդ փոփոխությունն առաջարկվում:
Պողոսյանն ասել է, որ մարդու իրավունքները նման դեպքերում ոչ թե «դադարեցվում են, այլ լեգիտիմ հիմքերով, այդ թվում՝ հանրային կարգով, սահմանափակվում»։
Բագրատյանը մեկ այլ հարց է բարձրացրել՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ՝ ընդգծելով, որ թեև առաջարկվող տարբերակով երկրի նախագահը շարունակելու է ունենալ մեծ լիազորություններ, նրան ընտրության ընդդիմությունը փաստացի չի կարող մասնակցել, քանի որ, այսպես կոչված, ընտրիչների ժողովում, որն ընտրելու է նախագահին, ընդդիմութունը կարող է թեկնածու առաջարկել, միայն այն դեպքում, եթե խորհրդարանական ընտրություններում հավաքել է առնվազն 40 տոկոս ձայներ:
Ընտրիչների ժողովի մասին հարցին Պողոսյանը չի պատասխանել: Նա միայն կարծիք է հայտել, որ նախագահի լիազորությունների մասին կարծիքները տարբեր են. ոմանք էլ պնդում են, որ ԱԺ նախագահին են շատ լիազորություններ տրվում: