Այսօր սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի կողմից վարձակալած միկրոավտոբուսի վարորդը, ով Գյումրի էր տեղափոխում լրագրողներին այսօր կայանալիք հանրահավաքը լուսաբանելու համար, Ուջան գյուղի մոտ հրաժարվել է շարունակել երթուղին։
Ինչպես Epress.am-ին հայտնել է «Ոչ»֊ի ճակատի անդամ լրագրող Հրայր Մանուկյանը, ով գտնվում էր միկրոավտոբուսում, վարորդի վրա ճնշում են գործադրել:
«Նա ամբողջ ճանապարհին անընդհատ զանգեր էր ստանում հեռախոսին ու մենք լսում էինք՝ ինչպես է արդարանում: Սկզբից ասեց՝ ես Սևան եմ գնում, երկրորդ զանգին, ասեց՝ ես նրանց Գյումրիից դուրս կիջացնեմ, քաղաք չեմ հասցնի: Ուջանի մոտ իջեցրեց, ասեց՝ ստեղից ես հետ պետք է քշեմ Երևան, ձեզ այստեղ եմ թողնում»,- պատմել է Մանուկյանը:
Միկրոավտոբուսի մեջ գտնվող լրագրողները զանգահարել են ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ով մոտեցել է դեպքի վայրին և վարորդին խնդրել է զանգահարել այն անձին, ում հետ ճանապարհին բանակցություններ էր վարում, ու հեռախոսն իրեն փոխանցել։
Վարորդը հեռախոսը չի փոխանցել, սակայն որոշ ժամանակ զրուցելուց հետո ասել է, որ կշարունակի ճանապարհը:
Այսօր ժամը 18.00-ին Գյումրիում տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների դեմ «Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքը, որին մասնակցում են «Ոչ»֊ի ճակատում ընդգրկված կուսակցություններն ու նախաձեռնությունները, այդ թվում՝ «Հայ Ազգային Կոնգրեսը» և «Ժառանգությունը»:
Լուսանկարը՝ Facebook սոցիալական ցանցի Ara Harutyunyan օգտատիրոջ էջից