Մաքուր երկաթի գործարանի արհմիությունը դատի է տվել գործարանի տնօրինությանը, որը արհիմության ղեկավարին արգելել է մտնել արտադրության տարածք։ Դատական վերջին նիստը հունվարի 26-ին էր։ Գործարանի ղեկավարությունը դատին չէր էլ եկել։
Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային արհմիության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է՝ Մաքուր երկաթի գործարանի տնօրինությունը արհմիությանը ճնշելու, այն փակելու փորձեր վաղուց է անում։ Առաջին զանգը եղել է 2021 թվականին, երբ տնօրինությունը հրաժարվել է արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիր կնքել։
«Իրենք որոշեցին, որ կարող են իրենց ցանկությամբ փակել կամ ոչնչացնել արհմիությունը», – ասում է ճյուղային միավորման ղեկավարը։
Ավելին՝ տնօրինությունը աշխատողներին ստիպել է դուրս գալ արհմիության շարքերից, ինչի պատճառով միությանն անդամակցոողների թիվն ահագին կրճատվել է։
«Իսկ հետո գործատուն որոշեց կրճատել հաստիքները, և արհմիության ղեկավարը նույնպես կրճատման տակ ընկավ», – պատմում է Փահլևանյանը։
Նա գրությամբ դիմել է գործարանի տնօրինությանը և նշել, որ ընտրված մարմնի ղեկավարին այդ կերպ աշխատանքից ազատելն ապօրինի է։ Գործարանի ղեկավարությունը դրանից մեկ շաբաթ հետո չեղարկել է կրճատման հիմքով ազատման որոշումը․
«Նախագահի կողմից իբրև թե կատարված խախտումներ հորինեցին և ազատեցին աշխատանքից [արդեն այդ հիմնավորմամբ]։ Դիմեցինք դատարան: Դատարանը պարտադրեց փոխհատուցել մեկ տարվա ամբողջ աշխատավարձը»։
Դատարանի որոշումից զայրացած՝ Մաքուր երկաթի գործարանի ղեկավարությունն արգելել է արհեստակցական կազմակերպության ղեկավարին մտնել գործարանի տարածք։ Փահլևանյանը նման այլ դեպք չգիտի, որ գործատուն արհմիության ներկայացուցչին, առավել ևս ղեկավարին արգելի մտնել իր ներկայացրած կազմակերպություն։
Ճյուղային արհմիության ղեկավարը պնդում է, որ Մաքուր երկաթի ղեկավարությունը մշտապես խոչընդոտել է ուսումնասիրել աշխատողների անվտանգության հետ կապված միջադեպերն ու պատահարները։
Գործարանում խնդիրները չեն ավարտվում՝ ամիսներով հումք չեն ստանում, աշխատողներին ուղարկում են հարկադիր պարապուրդի կամ ստիպում ազատման դիմումներ ստորագրել։ «Մենք ինֆորմացիա չունենք, թե իրականում այնտեղ ինչքան պարապուրդի մատնված աշխատող կա», – նշում է արհմիութենականը։
Ճյուղային արհմիության ղեկավարի խոսքով, գործատուները հիմա մտածում են, որ արհմիությունն իրենց ենթակայության տակ գտնվող մարմին է, որին կարող են կառավարել, ցուցումներ տալ, թույլ չտալ անցանկալի քայլեր ձեռնարկել, առավել ևս գործադուլներ անել։
Արհիմության հայցով վճիռը հուլիսի 18-ին է հրապարակվելու։ Ճյուղայինի ղեկավարը լավատես է․ «Վստահ եմ՝ այն լինելու է ի շահ աշխատողների, արգելանքները վերացնելու են, և մենք մտնելու ենք Մաքուր երկաթ գործարան»։
Մաքուր երկաթի գործարանի մոտ 400 աշխատողներ արդեն երեք ամիս է հարկադրված պարապուրդի մեջ են։ Գործարանից պատճառաբանում են, թե վերամշակելու հումք չունեն, քանի որ Զանգեզուրի կոմբինատը մոլիբդեն չի մատակարարում։ Կոմբինատը, սակայն, պնդում է՝ երկաթի գործարանը ի՛նքն է հրաժարվել մասնակցել մոլիբդենի գնման վերջին մրցույթին։ Աշխատողներին գործարանը փող չի տալիս։