Home / Եկեղեցի / Աստծո բարձրաստիճան զավակը «Աֆրիկայի հանքով» շահագրգռել էր միլիոնատեր սանիկին

Աստծո բարձրաստիճան զավակը «Աֆրիկայի հանքով» շահագրգռել էր միլիոնատեր սանիկին

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին՝ 2010-2011 թվականներին ձեռնարկատերերից մեկին մոտ 11․5 միլիարդ դրամով ունեզրկելու, հանցավոր եղանակով ստացած գումարները օֆշորային գոտում հիմնադրված ընկերության միջոցով օրինականացնելու և հետագայում հանցագործության համար մեղքը այլ քաղաքացու վրա բարդելու համար։ Առաջնորդական փոխանորդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

ԱԱԾ փոխանցմամբ, վերջինս 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանում վերամշակելու և վաճառքի հանելու մտածածին պատրվակով, շահագրգռել է Հայաստանի ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11 միլիարդ 442 միլիոն 68 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ Հայաստանի առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ը ստացել և անարգել տնօրինել են 3 միլիարդ 664 միլիոն 175 հազար դրամին համարժեք 9 միլիոն դոլար և 361 միլիոն 500 հազար դրամ գումարի չափով վարկային միջոցներ, մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը:

ԱԱԾի տարածած հաղորդագրության համաձայն, հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոսով բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:

Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո, ըստ հաղորդագրության, 2013 թվականի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ, նշվել է Ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԱԾ-ի հիշատակած հոգևորականը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն է։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ բացահայտված Կիպրոսի օֆշորային սկանդալում ներգրավված էր նանախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործարար Փայլակ Հայրապետյանը նրանց մեղադրում էր իրեն ունեզրկելու մեջ։ Մեղքը հետագայում իր վրա էր վերցրել գործարար Աշոտ Սուքիասյանը, ով հայտարարել էր, իբր առանց Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի գիտության, օֆշորում բացված ընկերությունում բաժնետեր է դարձրել՝ օգտագործելով վերջիններիս անձնական տվյալները։