Home / Հայաստան / Վարչապետը՝ օֆշորային ընկերության բաժնետեր. ինչպես են ունեզրկել հայաստանցի գործարարին

Վարչապետը՝ օֆշորային ընկերության բաժնետեր. ինչպես են ունեզրկել հայաստանցի գործարարին

Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս մասին գրում է Hetq.am-ը՝ հավելելով, որ այս ընկերությունն անմիջական առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:

Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին և նրա որդուն պատկանող ընկերությունները:

Ստանալով գումար՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, բայց սա չի խանգարել, որ «Ամերիաբանկ»-ն անարգել շարունակի գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերությունների բանկային հաշվեհամարներին:

«Ամերիաբանկը» «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով վերջինիս բանկային հաշվեհամարին փոխանցված վարկի գումարներից շուրջ 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար գումար փոխանցել է Կիպրոսի «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ի մի քանի օֆշորային  ընկերությունների հաշվեհամարներին: Վարկային միջոցները փոխանցվել են.

1.         «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար:

2.         «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար:

3.         «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:

Կիպրոսի օֆշորային ընկերություններին փոխանցված գումարների մի մասը նույն ժամանակահատվածում հետ է փոխանցվել «Ձորագյուղ» ա/կ-ի՝ «Ամերիաբանկի» հաշիվներին: Մասնավորապես՝ «STR EMERALD LIMITED»-ը փոխանցել է 3 մլն 233 հազար, իսկ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը՝ 2 մլն 99 հազար 773 դոլար:

Աղբյուրը հիշեցնում է, որ համաձայն բազում մամուլի հրապարակումների՝ Աշոտ Սուքիասյանը, հանդիսանում է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկը և նա է նվիրել Կճոյանին  հայտնի թանկարժեք «Բենթլի» ավտոմեքենան:

«Ձորագյուղ» ա/կ-ն հավասար բաժնեմասերով պատկանում է Աշոտ Սուքիասյանին, նրա կնոջն ու դստերը: Հայտնի է, որ նա բազմաթիվ մարդկանց պարտք է ոչ միայն Հայաստանում, այլև Աֆրիկայում և Ռուսաստանում: Այժմ վերջինս ընատնիքով լքել է Հայաստանը:

Ոստիկանությունում վերոնշյալ վարկային պատմության առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն որևէ մեկի նկատմամբ առայժմ մեղադրանք առաջադրված չէ: Հանցագործության մասին հաղորդում ներկայացրածներից մեկն էլ գործարար Փայլակ Հայրապետյանն է:

Նա hetq.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հայտնվել այս պատմության կիզակետում ու կանգնել ունեզրկման եզրին:

«2009 թ. Հայաստանում ադամանդագործության և ոսկերչության զարգացման պետական ծրագրի շրջանակներում հիմնեցի ձեռնարկություն և բացեցի 400 աշխատատեղ: Մեծ գումարներ ծախսեցի՝ 3,5 մլն դոլար, կառուցեցի գործարան եւ հիմնեցի ուսումնարան՝ մասնագետների պատրաստման համար: Մեկ էլ մի օր ինձ զանգեց Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը և կանչեց վարչապետի մոտ՝ ոլորտին վերաբերող շտապ խորհրդակցության»,- պատմում է Փայլակ Հայրապետյանը:

Վերջինս նշում է, որ երբ հասել է նախարարություն, վարչապետն արդեն խորհրդակցությունից դուրս էր եկել, ու նրան հանդիպել է աստիճանահարթակին: Մտել է խորհրդակցական սենյակ, նստած են եղել էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանը, նրա կողքին՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, իսկ մյուս կողքին՝ Աշոտ Սուքիասյանը:

Նախարարը հանդիպմանը ներկա ոսկերչության և ադամանդագործության ոլորտում գործող 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ ՌԴ-ն Հայաստանին տրամադրելիք 500 մլն ԱՄՆ դոլարի վարկից 100 միլիոնը հատկացնելու է ադամանդի հումքի տեսքով: Ընդ որում՝ Ռուսաստանը համաձայնվել է, որ մեր երկիրը վարկի տվյալ մասը վերադարձնի հենց ապրանքի՝ մշակված ադամանդի տեսքով: Նախարարը ներկայացրել է Կառավարության պահանջը՝ խորհրդակցությանը ներկա արդյունաբերողներն այս վարկավորման շրջանակներում պետք է աշխատանքով ապահովեն 10 հազար մարդու:

«Մեկ էլ նախարարը խոսքը փոխանցեց Աշոտ Սուքիասյանին, և նա ասաց, որ ինքը Աֆրիկայի Սիերա Լեոնե պետությունում ոսկու և ադամանդի հանքեր ունի և պատրաստ է բարձրորակ հումքով ապահովել Ռուսաստանի առաջարկածից 15 տոկոսով էժան, – պատմում է գործարար Հայրապետյանը,- բոլորն ուրախացան, Երիցյանը, թե՝ ընկերներ, մեզ ձեռնտու է: Պայմանավորվեցինք, և 20 օր հետո Աշոտը բերեց ադամանդի հումքի նմուշը: Այս հանդիպմանն արդեն ներկա էին 17-18 գործարար, բոլորն իրենց մասնագետներով էին եկել: Իսկապես ադամանդի հումքի որակը շատ բարձր էր»:

Սուքիասյանը, սակայն, նշել է, որ հայ գործարարներին տարիներ շարունակ նման հումք կարող է մատակարարել, եթե իր աֆրիկյան հանքերում 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարվի՝ անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար: Հանդիպման մասնակիցներն Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանի ուղեկցությամբ գնացել են «Սվիս» բանկ:

«Քանի որ նման մաշտաբի պետական ծրագիր էր, ես էլ ներկաներից տարիքով ամենամեծն էի, ասացի, որ կարող եմ միանգամից իմ գույքը գրավադրել, որպեսզի մյուսներն էլ ամեն մեկն առանձին-առանձին իր ունեցածը գրավ չդներ: Ժամկետն էլ երկար չէր՝ 3 տարով պետք է վարկը տրվեր»,- պատմում է Փայլակ Հայրապետյանը:

Որոշ ժամանակ անց Աշոտ Սուքիասյանը տեղեկացրել է, որ «Սվիս» բանկը հրաժարվել է վարկը տրամադրել, սակայն վարչապետի, նախարար Երիցյանի և արքեպիսկոպոս Կճոյանի միջնորդությամբ անհրաժեշտ գումարները համաձայնվել է տրամադրել «Ամերիաբանկը»: Աշոտ Սուքիասյանն իրեն տրված լիազորագրով «Ամերիաբանկում» գրավադրել է Փայլակ Հարյապետյանին պատկանող մոտ 33 մլն դոլար ընդհանուր արժեքով գույքը և բանկից ստացել 10,7 մլն դոլարի վարկ:

Լուսանկարը՝ hetq.am

Tekali Taxi