Home / Հայաստան / «Սարգսյանն ու Կճոյանը չգիտեին». Աշոտ Սուքիասյանը օֆշորային սկանդալն իր վրա է վերցնում

«Սարգսյանն ու Կճոյանը չգիտեին». Աշոտ Սուքիասյանը օֆշորային սկանդալն իր վրա է վերցնում

Գործարար Աշոտ Սուքիասյանն առանց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի գիտության նրանց անունով Wlispera Holdings Limited օֆշորային ընկերությունն է գրանցել Կիպրոսում:

Այս մասին գրում է hetq.am կայքը՝ նշելով, որ Սուքիասյանն այս մասին նամակ է գրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենն ուղարկել է կայքի «Հետք»-ի խմբագրություն:

«Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ:

Ներկայացնում եմ WLISPERA HOLDINGS LIMITED-ի և «Ձորագյուղ» ԱԿ-ի ֆինանսական փոխանցումների հետ կապված վիճակագրությունը: Խնդրում եմ այս տեղեկություններն ի գիտություն ընդունել: Կցված են բոլոր ֆինանսական հաշիվների շարժերը», – մասնավորապես ասված է նամակի մեջ, որի ամբողջական տեքստը «Հետք»-խոստանում է հրապարակել այսօր:

Աշոտ Սուքիասյանը, ով Նավասարդ Կճոյանի սանիկն է, այժմ հետախուզման մեջ է, նա անցնում է գործարար Փայլակ Հայրապետյանի գործով: Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու մեջ:

«Հետք»-ին հղած իր նամակում Սուքիասյանը մեղադրանքներ է առաջադրում Հայրապետյանին՝ գրելով, որ վերջինս իր գործընկերների հետ «քցել են» իրեն:

Ավելի վաղ hetq.am-ը փաստաթուղթ էր հրապարակել, համաձայն որի Սուքիասյանը, Սարգսյանն ու Կճոյանը օֆշորային ընկերության սեփականատերեր են: