Հանրային հեռուստառադիոընկերության (ՀՀԸ) խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոններից ազատվել է նաև Հ1-ի լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։
Խորհուրդը հայտարարությամբ ափսոսանք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով, հիշեցնենք, երեկ աշխատանքից ազատման դիմում էին ներկայացրել նաև Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանը, ով ավելի վաղ Փաշինյանի ուղերձի՝ եթերի համար չնախատեսված կադրերի «արտահոսքի» համար մեղադրել էր վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին։
Հ1-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանը, հայտնում է ՀՀԸ խորհուրդը։ Առաջիկայում այս պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։