Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն (նշանակվել է 2013 թվականին) Մարգարիտա Գրիգորյանը, որը հայտնի է հատկապես նախկին իշխանությունների հետ սերտ կապերի և Հանրային հեռուստատեսության շուրջ ծավալվող կոռուպցիոն սկանդալների շնորհիվ, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
«Ինձ համար անընդունելի է Հայաստանի վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից», – ֆեյսբուքի իր էջում հրապարակված հայտարարության մեջ գրել է Գրիգորյանը։
Գրիգորյանը նշել է, որ «երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը» և ընդգծել, որ «կիսում է կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման դիմումը»։
Աշխատանքից ազատվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի հեռուստատեսային ուղերձի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանը, ով ավելի վաղ տեղի ունեցած «արտահոսքի» համար մեղադրել էր վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին (ավելի մանրամասն՝ այստեղ)։
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի հուլիսին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նաև Հանրային հեռուստառադիոընկերության (ՀՀԸ) խորհրդի նախագահի արդեն նախկին խորհրդական, ռեժիսյոր, գրող և հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը։ Հեղափոխությունից հետո նշանակված ՀՀԸ խորհրդի նախագահ Արա Շիրինյանին Պասկևիչյանը մեղադրել էր «արմատական որևէ տեղաշարժից» խուսափելու, նախկին համակարգի հետ սերտաճած ղեկավարությանը (ի դեմս, նախևառաջ, գործադիր տնօրեն Մարգարիտա Գևորգյանի) հովանավորելու և Հանրայինը «սերժաքոչարյանական ճահճից» դուրս հանելու անկարողության մեջ։