Ղարաբաղի արտակարգ իրավիճակի պարետի ապրիլի 20-ի որոշմամբ, Ղարաբաղի պետական սահմանի անցակետով քաղաքացիների ելքը ապրիլի 22-ից արգելվում է։
Բացառություն է արվում միայն
— բեռնափոխադրման փաստը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում՝ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդի և մեկ ուղեկցողի համար,
— տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ տնտեսվարողների/շահագրգիռ կազմակերպության ներկայացուցիչների համար, որոնք ելքի նախատեսվող օրվանից առնվազն երեք օր առաջ դիմել են իրավասու մարմիններ՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումները և նրանց միջնորդությամբ Պարետի կողմից ստացել են ելքի թույլտվություն,
— առողջապահական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ այլ քաղաքացիների համար, որոնց կարիքները Ղարաբաղի առողջապահության նախարարության կամ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից (համապատասխան տեղեկանքով) ճանաչվել են անհետաձգելի,
— հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, կին, երեխա, քույր, եղբար) համար,
— պաշտոնական այցերի համար՝ Ղարաբաղի նախագահի կամ պարետի համապատասխան ցուցումով,
— Ղարաբաղի պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի և զինտեխնիկայի համար,
— Ղարաբաղի քաղաքացի չհանդիսացող անձանց ընտանիքների՝ Ղարաբաղի քաղաքացի հանդիսացող անդամների համար՝ հիմնավորող փաստաթղթերն Արցախի Ոստիկանությունը ներկայացնելու դեպքում,
— Պարետի ցուցումով՝ նաև բացառիկ այլ դեպքերում։
Որոշումը ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 22-ից՝ ժամը 00։01-ից։
Հիշեցնենք, որ Ղարաբաղ-Հայաստան սահմանահատումները էապես սահմանափակվել էին դեռևս մարտի 26-ին․ թեև Հայաստանը Ղարաբաղի հետ սահմանը պաշտոնապես չէր փակել, հայտարարվել էր, որ Հայաստանից Ղարաբաղ տանող ճանապարհներին ոստիկանական պահակակետեր կնշանակվեն, որոնք ժամանակավորապես կարգելեն Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ղարաբաղ։ Բացառություն էր արվել միայն Ղարաբաղում հաշվառված քաղաքացիների, բեռնափոխադրողների և մարտի 31-ի, այնուհետև՝ նաև ապրիլի 14-ի ընտրությունների համար հավատարմագրված դիտորդների և լրագրողների համար։
Ղարաբաղում ապրիլի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 7 հաստատված դեպք, որոնց 2-ն՝ արդեն առողջացած։ 45 հոգի մեկուսացված է բուժհաստատություններում, տասնյակ քաղաքացիներ ինքնամեկուսացված են։
Ընդհանուր առմամբ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Ղարաբաղից արվել է 141 թեստ, մեծ մասը՝ առաջնային 3 օջախների կոնտակտավորների շրջանում։ Երեք օջախներից մեկը հայտնաբերվել է Հայաստանից ժամանած բեռնափոխադրողի մոտ, մյուս երկուսը՝ Միրիկ և Քարվաճառ գյուղերում, հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված պացիենտի՝ թոքաբորբող հիվանդանոց հոսպիատալացվելու արդյունքում։