Home / Առողջապահություն / Ղարաբաղ գնալը ժամանակավորապես արգելվում է

Ղարաբաղ գնալը ժամանակավորապես արգելվում է

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ղարաբաղ գնալը ժամանակավորապես արգելվում է։ Բացառություն կարվի միայն Ղարաբաղում հաշվառվածների, բեռնափոխադրողների և հայաստանցի դիտորդների ու լրագրողների համար, որոնք մեկնելու են դիտարկելու կամ լուսաբանելու մարտի 31-ին Ղարաբաղում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Հայաստանի ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ Հայաստանի ճանապարհային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ գյուղից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:

Բացառություն կարվի.
– Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,
– բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,
– Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում», – գրում է Ահարոնյանը։

Հիշեցնենք, որ Ղարաբաղի խորհրդարանական և նախագահական ընտրություններն, ըստ նախատեսվածի, կկայանան մարտի 31-ին։ Կորոնավիրուսային պանդեմիայի և Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ֆոնին՝  Ղարաբաղում մինչ օրս նախընտրական ակտիվ քարոզարշավ է ընթանում։ Ղարաբաղում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ, ընտրությունները հետաձգելու կամ չեղարկելու մտադրություն այս պահին չկա։