2019 թվականի ապրիլի 15-ի հանդիպման արդյունքները ձևակերպվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը և չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին, «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Վերջին օրերին տարբեր անդրադարձներ են կատարվել ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ, որոնցում նշվել է կարգավորման փուլային մոտեցման մասին։ Խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք 2019թ. ապրիլի 15-ի հանդիպմանը քննարկվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք ենթադրում են ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ: Դրա վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է արտահայտել հայկական կողմը: Ո՞րն է Հայաստանի ներկայիս դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում», – Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ հարցրել է ռուսաստանյան պարբերականը:
Նաղդալյանն ասել է․ «Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա:
Հայաստանն ունի հստակ տեսլական հավասարակշռված, փոխզիջումների և հավասարարժեք հանձնառությունների վրա հիմնված այն մոտեցումների վերաբերյալ, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական կարգավորումը»:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են:
Այս հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, մասնավորապես, որ ղարաբաղյան բանակցություններում որևէ հայկական կողմ նույնիսկ չի կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել պաշտպանական գծերը՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը: