Հայաստանի արտգործնախարարը Վաշինգտոնում կայացած բանակցությունները արդյունավետ է համարում։
«Առավոտյան մենք շատ արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել։ Մենք կշարունակենք մեր համատեղ աշխատանքը՝ գտնելու ուղի, որի միջոցով կարող ենք շատ հստակ և շատ կարևոր նպատակների հասնել․ [Լեռնային Ղարաբաղում] հրադադարի ռեժիմի հաստատման, վերադարձի խաղաղ կարգավորմանը․․․», – հոկտեմբերի 23-ին՝ Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի իր ելույթում, ասել է Զոհրաբ Մնացականյանը։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի արտգոծնախարարը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Եվրոպան Լեռնային Ղարաբաղի հարցում միաբան են։
«ԱՄՆ ջանքերը զգալի չափով համախմբված են Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերի հետ։ Սա այն ֆորմատներից է, երբ այս երեք երկրները զգալիորեն միաբան են իրենց ջանքերում, զգալիորեն համակարգված ու համախմբված են․․․ Սա հենց այն ձևաչափն է, որում՝ չնայած միջազգային շատ այլ հարցերում տարամիտվող դիրքորոշումների, համանախագահների շրջանում ապշեցուցիչ միասնականություն կա», – ասել է պաշտոնյան։
Բանակցություններն, ըստ նրա, այժմ կենտորնացած են Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցմամ խնդրի վրա․ «Պետքարտուղար Մայք Պոմպեոյի, մեր մյուս գործընկերների, Պետդեպարտամենտի և դրանից դուրս մեր ընկերների հետ բանակցություններում մենք փնտրում ենք անհապաղ հրադադար հաստատելու և խաղաղ կարգավորմանը վերադառնալու ուղիներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ աշխատանքի կոնսոլիդացման հարցում Միացյալ Նահանգների ջանքերը շատ կարևոր են»։
Հայաստանը կողմ է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայմանը և կարծում է, որ այս քայլը կնպաստի զինադադարի հաստատմանն ու պահպանմանը, ասել է Մնացականյանը։
««Հողի վրա» խաղապահները գործի մասն են։ Խաղաղապահ ուժերը՝ մեթոդ է, որով անհրաժեշտ է կոնսոլիդացնել [հրադադարի ռեժիմը], զբաղվել [Լեռնային Ղարաբաղում] հրադադարի կայունությանը սպառնացող ցանկացած ռիսկով։ Սա պրոցեսի մաս է եղել շատ երկար ժամանակ՝ այն տարբերակի շրջանակներում, որով մենք ձգտում ենք խաղաղ կարգավորմանը․․․ Խաղաղապահների խնդիրը ծայրահեղ կարևոր նշանակություն է ունեցել մեր բոլոր քննարկումներում, մեր բոլոր մոտեցումներում, որ եղել են անցյալում և կան հիմա», – նշել է նախարարը՝ վստահեցնելով՝ խաղաղապահների տեղակայման հնարավորությունը ներկայումս դիտարկվում է։
Մնացականյանն ավելի վաղ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանի հետ, որոնք այսօր նույնատիպ բանակցություններ են ունեցել նաև Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումները անց են կացվել առանձին։
ԱՄՆ մայրաքաղաքում հոկտեմբերի 23-ին կայացել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։