Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 27-րդ (հոկտեմբերի 23)

Պատերազմ Ղարաբաղում, օր 27-րդ (հոկտեմբերի 23)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

00:42_ Ի՞նչ բանակցային առաջընթացի մասին է խոսում Դոնալդ Թրամփը՝ Կրեմլը տեղյակ չէ։

ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում «ռազմական գործողություններն ավարտելու հարցում լավ առաջընթաց է արձանագրվել»։

Ռուսաստանի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուսական կողմը «դեռ չգիտի, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը», գրում է РИА новости-ի գործակալությունը։

23։52_ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանին։

Արտգործնախարարը խիստ մտահոգություն հայտնեց Հարավային Կովկասի նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության կապակցությամբ, որով ձգտում է տարածաշրջանը վերածել անկայունության նոր օջախի՝ օգտագործելով Ադրբեջանը որպես հենակետ: Մնացականյանի ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար, ասված է Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

23:51_ ―Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։

― Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն, ըստ բժիշկների, բավարար է։ Կան նաև նյութական մեծ վնասներ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

23:50_ Ստեփանակերտի` ինքնաթիռից հրթիռակոծման հետևանքով վնասվել է բնակելի տուն ու հարակից գազատարը։

22:24_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցից․

— Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-ը շարունակել են հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով:

— Օրվա ընթացքում հրթիռակոծվել են նաև Արցախի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով, և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան։

— Հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող հատվածները․ Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում ադրբեջանական դիվերսիոն խմբերի չեզոքաքացվել են։ Այս ուղղությամբ կան հստակ հաջողություններ․ գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով, որոշ տեղերում, որոշ բնակավայրերի հարակից անտառներում չեզոքացման աշխատանքները դեռ շարունակվում են։

— Հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ։ Հարձակման մի քանի փորձ տապալվել է։ Որոշ ստորաբաժանումներ կազմակլուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փոխուստի, փորձել պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում։ Բերձորից հարավ, ուղղությունը՝ դեպի Հակարի գետով հյուսիս, մեր զինված ուժերի հարձակման ազդեցության տակ հետ են մղվել դեպի հարավ։

— Լարվածությունը պահպանվում է․ մարտերը հիմնականում ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան, տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են մեր ԶՈՒ-ի կողմից։

— Մեր ԶՈՒ-ն լիովին տիրապետում է իրավիճակին ․․․չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ։

— Մարտական գործողությունները շարունակվում են՝ գիշեր, թե ցերեկ։

21։44_ Այնպիսի ինտենսիվությամբ ու խտությամբ, ինչպես անցած կես ժամվա ընթացքում: Ստեփանակերտը վերջին անգամ ռմբակոծվել է մեկ էլ մոսկովյան բանակցությունների գիշերային մարաթոնից առաջ։

Այս անգամ կասետային զինամթերքներ չեն կիրառվել, հնչել են ավելի քան 20 առանձին պայթյուններ, գրել է Russia today-ի թղթակից Իգոր Ժդանովը։

21։35_ «Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու», – հայտնում է ԱՀ նախագահի խոսնակը։

21։19_ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի բանակցություններին և նշել, որ «ռազմական գործողություններն ավարտելու հարցում լավ առաջընթաց է արձանագրվել»․ գրում է ՏԱՍՍ֊ը։

21:08_ Մարտունին ռմբակոծվում է: Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

20։39_ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 50 անդամներ պահանջում են Ադրբեջանի դեմ կիրառել Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցները, հայտնում են Ամերիկայի հայ ազգային կոմիտեից։

20։35_ ՄԱԿ-ի գրասենյակի համակարգող Շոմբի Շարփ. Մանդատի տարածքային սահմանափակումներ թույլ չեն տալիս ՄԱԿ-ին մուտք գործել Արցախ և աշխատել հենց այնտեղից։

20։29_ «Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:

🔴 Գերևարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից», – Արծրուն Հովհաննիսյան

20։24_ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հրաժարվեց պատասխանել հարցին’ որքանով է ընդունելի, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ըստ բազմաթիվ հաղորդագրությունների, Սիրիայից գրոհային վարձկաններ է փոխադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

Ստոլտենբերգն, այնուամենայնիվ, նշեց, որ ՆԱՏՕ-ն խորը մտահոգություն է հայտնում Ղարաբաղի հակամարտության և հատկապես խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ:

20։16_ Ավարտվել է Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը։

Զոհրաբ Մնացականյանը Պոմպեոյին տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունների մասին, ընդգծել է, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության մաս դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար:

Երկուստեք վերահաստատվել է հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը, ասված է Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

19։27_ Մեկնարկել է Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը։

Հիշեցնենք, որ Պոմպեոյի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարարի հետ ավարտվել է քիչ առաջ։

18։52_  Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով այսօր Հայաստան է ժամանել հերթական մարդասիրական ուղեբեռը։ 25 տոննա բեռի մեծ մասը դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումներն են: Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած արդեն երրորդ նմանատիպ բեռնափոխադրումն է։

18։17_ ― Կեսօրին՝ ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։

Նյութական վնասներից բացի՝ խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։

― Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։

Հայտնում է ԱՀ ԱԻՊԾ֊ն։

16:46_ Հոկտեմբերի 16-ին տեսաբաններ Գայատրի Չակրավորտի Սպիվակը, Նոամ Չոմսկին, Յուդիթ Հերմանը, Քորնել Վեսթը, Սեյլա Բենհաբիբը և գրողներ Թարիք Ալին ու Վիգեն Բերբերյանը «Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության կոչ» վերնագրով (բաց) նամակ էին հրապարակել՝ խնդրանքով, «որ ձեռք բերվի ոչ միայն զինադադարի համաձայնություն, այլև հաստատակամություն՝ այդ հրադադարի պահպանման և իրենց ինքնորոշմանն ուղղված ջանքերում հայ փոքրամասնության պաշտպանության համար»։

Նամակի թարգմանությունն՝ այստեղ:

16:34_ «Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն:

Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ ԱՀ-ում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին: Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը՝ խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ», — Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

16։06_ ❗️Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ հավաստի տեղեկություններ է ստացել Ստամբուլում և այլ քաղաքներում օտարերկրացիների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դեսպանի նկատմամբ նախապատրաստվող ահաբեկչությունների և առևանգումների մասին։

15։52 _ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քիչ առաջ հաստատել է ЗРС С-400 ռազմական հրթիռների կիրառությունը (հոկտեբերին 16-ին) և հավելել, որ Թուրքիան չի պատրաստվում ԱՄՆ֊ից թույլտվություն խնդրել։

15:29_ Կալանքից նախօրեին ազատ արձակված Գագիկ Ծառուկյանն առաջարկում է Արցախին, Հայաստանին և Սփյուռքին մեկ բռունց դառնալ, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին’ կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին:

«Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: …Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, և դա անբեկանելի ճշմարտություն է», – ասված է Ծառուկյանի անունից տարածած հաղորդագրությունում։

15:02_ Ստեփանակերտում երկու անգամ պայթյունի ձայներ են լսվել։

Օդային տագնապի ազդանշաններ չեն հնչել, հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը

14:51_ ՌԴ արտգործնախարարի տեղակալ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ՀԱՊԿ կարողությունը գործադրելու պատճառներ չկան, Երևանը չի դիմել ՀԱՊԿ-ին, կոնֆլիկտը Հայաստանի տարածքում չէ։

«Քանի որ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը Հայաստանն իր տարածք չի ճանաչել, չի էլ կարող ճանաչել, տեղին չէ արծարծել ՀԱՊԿ կարողությունները գործադրելու խնդիրը»։

14:28_ Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում զոհվել է 63 քաղաքացիական անձ, ևս 289-ը վիրավորվել է, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։

Ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների մասին տեղեկություններ ադրբեջականական կողմը չի հանրայնացնում։

14:16_ Նախագահ Արմեն Սարգսյանը այցելեց նաև Էմանուել Մակրոնին’ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Մակրոնը մտահոգություն հայտնեց։

13։43_ Արծրուն Հովհաննիսյան․ Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր։

13։14_ Հրապարակվել է պատերազմում զոհված 27 զինծառայողների անունները․

Մարանջյան Էդվարդ Արտուշի, ծնվ. 2000թ.
Հովհաննիսյան Գևորգ Զոհրաբի, ծնվ. 1984թ.
Հովհաննիսյան Գոռ Զոհրաբի, ծնվ. 1986թ.
Ավագյան Արա Սենիկի, ծնվ. 1981թ.
Հարությունյան Նարեկ Սենիկի, ծնվ. 1988թ.
Գաբրիելյան Իգոր Գրիգորի, ծնվ. 1977թ.
Համբարձումյան Համբարձում Ալբերտի, ծնվ. 1989թ.
Ավետյան Գեղամ Ժորայի, ծնվ. 1971թ.
Դանիելյան Գարիկ Ազատի, ծնվ. 1990թ.
Մեսրոպյան Հովսեփ Մհերի, ծնվ. 1991թ.
Հայրապետյան Արշակ Վանուշի, ծնվ. 1977թ.
Այվազյան Վլադիմիր Կարապետի, ծնվ. 1982թ.
Նիկալյան Արմեն Սամվելի, ծնվ. 1981թ.
Գրիգորյան Հայկ Դավիթի, ծնվ. 1985թ.
Ավետիսյան Հրաչյա Սահակի, ծնվ. 1993թ.
Պահեստազորային Մարտիրոսյան Արայիկ Գաչայի, ծնվ. 1989թ.
Պահեստազորային Բաղդասարյան Արամ Գուրգենի, ծնվ. 1969թ.
Պահեստազորային Գրիգորյան Կարեն Գուրգենի, ծնվ. 1976թ.
Պահեստազորային Միրզոյան Սաշիկ Աշոտի, ծնվ. 1962թ.
Պահեստազորային Սահինյան Սարգիս Ռաֆայելի, ծնվ. 1984թ.
Պահեստազորային Ապերյան Յուրիկ Լևոնի, ծնվ. 1961թ.
Նեչաև Ալեքսանդր Վասիլևիչ, ծնվ. 2001թ.
Մխիթարյան Նիկողոս Էդվարդի, ծնվ. 2000թ.
Բաբաջանյան Դավիթ Գառնիկի, ծնվ. 2001թ.
Հակոբյան Նվեր Ազատի, ծնվ. 2001թ.
Հովսեփյան Հարություն Արթուրի, ծնվ. 2001թ.
Եղիազարյան Գոռ Գարեգինի, ծնվ. 2000թ.

11։35_ Երեկ հաստատվել է կորոնավիրուսի 2474 նոր դեպք: Կատարվել էր 5760 թեստավորում, 489 մարդ առողջացել է:

10:41_ Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։
…Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կայանքից։ Մարդկային կորուստներ չկան։ Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ. Շուկան, հրթիռակոծվում են սմերչով», – հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

10։39_ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ Երևանի ժամով 17:30-ին նախատեսված է պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ Երևանի ժամանակով 18:30-ին՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումը:

09:27_ Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։

09:27_ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում…», – հայտնում է ՊԲ֊ն։

―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27