Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 25-րդ (հոկտեմբերի 21)

Պատերազմ Ղարաբաղում, օր 25-րդ (հոկտեմբերի 21)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

23:48 Մարզպետարաններն ու համայնքապետարանները մեկը մյուսի հետևից միանում են Նիկոլ Փաշինյանի կոչին․ դիմելով մարզի/համայնքի «բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցներին, կուսակցություններին, ՀԿ-ներին և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին»՝ կոչ են անում կամավորագրվել տեղում ձևավորվող ջոկատներին, որոնց կազմավորման գործընթացը, ինչպես նշվում է հայտարարություններում, համակարգում են համայնքապետարանները և զինվորական կոմիսարիատներ՝ Գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո։

Էջմիածնի միակ կին քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարել է, որ ինքը ևս կամավորագրվել է։ Կամավորագրվել է նաև Լոռու մարզպետը, Արտաշատի համայնքապետը, մի շարք այլ ՏԻՄ պաշտոնյաներ: Հայտարարությունները շղթայական են։

23:12 «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի ճեպազրույցից․

— Հիմնադրամը ստեղծվել է 4 տարի առաջ։ 4 տարվա ընթացքում Հայաստանում աշխատող ամեն մարդ Հիմնադրամին վճարել է ամսեկան 1000 դրամ։ Դրա շնորհիվ տարիների ընթացքում կուտակել ենք 60 միլիոն դոլար, որն ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ ապահովելու նրանց, նրանց երեխաների, ծնողների արժանապատիվ կյանքը։

— Յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի տրամադրում ենք 120 հազար դոլարից մինչև շուրջ 160 հազար դոլար։ Երկու եղանակով․ առաջինը՝ միանվագ վճարն է․ 10 միլիոն դրամ, եթե զոհված է, անհայտ կորած է կամ առաջին կարգի հաշմանդամություն ունի, 5 միլիոն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Այնուհետև 240 ամիս շարունակ փոխանցում ենք ամսեկան 100 հազարից մինչև 300 հազար դրամ։ Եթե զինծառայողը ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ հատուցում ենք կատարում։

— Սա երկարաժամկետ պարտավորություն է, որը հիմնադրամը ստանձնում է մեր զինծառայողների առջև։

— Նվիրաբերություն կատարելու համար կարող եք այցելել 1000plus.am կայք․ նվիրատվությունները կարող են լինել միանվագ կամ պարբերական։

Պատերազմի 25 օրերի ընթացքում Հիմնադրամը հավաքվել է 4․5 միլիոն դոլար, որի 80%-ը հանգանակվել է Հայաստանից։

22:33 «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ճեպազրույցից․

— Դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ։

— Հիմնադրամի ծախսերի վերաբերյալ ամբողջական հաշվետվություն կտրամադրվի խաղաղության հաստատումից հետո։

— Ձեր նվիրաբերություններով դուք օգնում եք հումանիտար օգնության կազմակերպմանը և տրամադրմանը։ Այդ գումարների միջոցով հնարավորություն է ստեղծվում, որ Հայաստանի և Արցախի կառավարությունները խնայած գումարներն ուղղեն շատ ավելի կարևոր տեղեր։

— Մենք սկսում ենք մի նոր շարժում, որն անվանել ենք «Համազգային շարժում 2․0», որը ․․․նպաստելու է համահայկական ռեսուրսների ավելի համախմբանը, դրամական միջոցների մշտական հոսքին ՀՀ և ԱՀ․ «Մեր հայրենակիցները պահանջում են, որ ոչ թե միանվագ օգնություն ուղարկեն, այլգրանցվեն հիմնադրամի կայքում՝ ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերելու համար։ Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա 1 միլիոն մարդ և նվիրաբերի, օրինալ, 50 դոլար, ամեն ամիս Հիմնադրամում կունենանք 50 միլիոն դոլար։ Սրանով մեծ թափ կհաղորդենք դրամահավաքին»։

Համահայկական հիմնադրամում պատերազմի 25 օրերի ընթացքում հավաքվել է 137.520.137 ԱՄՆ դոլարի հանգանակություն։

22:19_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփոխ ասուլիսից․

— Առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով։

— Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ։ Մի քանի դիվերսիոն խմբեր, հիմնականում՝ առանց զրահատեխնիկայի, փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, մեր հրետանային կարկից հետո՝ դիմել են փախուստի։

— Հյուսիսում Ադրբեջամի ԶՈՒ-ն հարձակվողական մի քանի փորձ է կատարել և հետ մղվել։ Կիրառվել է ավիացիա, հիմնականում՝ մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ հաջողության չեն հասել։

— Հարավային ուղղությամբ օջախային մարտերը շարունակվել են։ Ուղղությունը թեքվել է դեպի ավելի հարավ, ավելի մոտիկ Արաքսի հունին։ Առանձին օջախներում մեր ԶՈՒ-ն հակառակորդի առաջխաղացման փորձերը կասեցրել է․․․ Օդուժ շատ չի կիրառվել, թեև առավոտյան մեր ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է ինքնաթիռ, ինչի մասին հաղորդվել է։

— Հիմնականում կիրառվում է հրետանի, քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն և գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ։

— Մարտերը շարունակվում են։ Այնքան թեժ չեն, ինչպես նախորդ օրերին։

20:55_ Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ :Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է
– Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ,
– ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։

Քննարկվել է ղարաբաղյան պատերազմը։
Հաղորդագրություններից դատելով’ բոլորը մտահոգ են, կոչ են անում հարգել հրադադարը, կարևորում են, որ կողմերը զսպվածություն ցուցաբերեն ու բանակցեն։

— ԵԽ-ի նախագահն առանձին շեշտել է արտաքին միջամտությունների անընդունելիությունը։

— ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը համատեղ ճեպազրույցի ընթացքում ընդգծել է նաև’ «ՆԱՏՕ-ն չի հանդիսանում այս հակամարտության կողմ»․․․

Իսկ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներգրավվածության մասին։ «Սա հակամարտություն է ոչ միայն հայկական կողմի ու Ադրբեջանի միջև, կա նաև երրրոդ երկիրը, որն աջակցում է Ադրբեջանին ռազմական և դիվանագիտական ճանապարհով։ Այդ երկիրը Թուրքիան է, որը տարածաշրջան է բերում նաև ահաբեկիչների: Ցավոք, այդ երկիրը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Եթե ՆԱՏՕ-ի անդամը, որպիսին Թուրքիան է, դադարի հակամարտության կողմ լինել, այդ դեպքում, կարծում եմ, կհասնենք կրակի դադարեցմանն ու կկարողանանք նստել բանակցությունների և գտնել այս հակամարտության խաղաղ լուծումը»։

20։33_ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ուրբաթ օրը Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների ընթացքում մենք հույս ունենք նոր հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել, քիչ առաջ Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական պետությունների մոտեցումը [ճգնաժամից դուրս գալու] ուղիների վերաբերյալ հետևյալն է՝ դադարեցնել հակամարտությունը, կողմերին կոչ անել չսրել իրավիճակը, բոլոր մյուս պետությունները չպետք է միջամտեն և բորբոքեն հակամարտությունը՝ զենք և աջակցություն առաջարկելով։ Եվ այդ դեպքում է, որ հավանական է հասնել խնդրի դիվանագիտական մի լուծման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», – հայտարարել է Պոմպեոն։

19:03_ «Երևանում կձևավորվի է օպերատիվ շտաբ, որը Հայաստանի մարզերում կունենա աշխատանքային խմբեր:

Շտաբի նպատակն է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված բոլոր ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելն ու նրանց առաջնահերթ խնդիրները հոգալը: Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար», — հայտնում է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։

18:53_ «Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում», — Արծրուն Հովհաննիսյան

18:52_ Ադրբեջանի ԶՈՒ-ն, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում է նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ, հայտնել է ՊԲ-ն։

«ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր: Ստորև ներկայացնում ենք ՊԲ հետախուզական ծառայությունների տրամադրության տակ եղած DANA ինքնագնաց հրետանային դիվիզիոնի՝ հարավային ուղղությամբ ծավալված մարտակարգերի լուսանկարները։

․․․Վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ»։

17:28_ Թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի կառավարության կողմից ժամանակավորապես արգելվեց։

Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

17:21_ «Հրապարակ կայքը, վերատպելով իմ հաղորդագրությունը Հայաստանի և Արցախի նախկին նախագահների միջև կայացած հանդիպման մասին, իր կողմից ավելացրել է.«Մենք տեղեկացանք, որ ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին և մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում։ Մեր տեղեկություններով, Արցախի և Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը»:

Հրապարակի «տեղեկությունը» սադրիչ հորինվածք է, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», — Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյան։

17։14_ ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 62 զինծառայողների անունները․

Պահեստազորային Ղուկասյան Դավիթ Երվանդի, ծնվ. 1980թ.
Սարգսյան Արթուր Գագիկի, ծնվ. 2000թ.
Աղաջանյան Ազիզ Սամվելի, ծնվ. 2001թ.
Ահարոնյան Գերասիմ Վարդանի, ծնվ. 2001թ.
Արևջանյան Սպարտակ Ռոբերտի, ծնվ. 1998թ.
Երիցյան Սերգեյ Մանուկի, ծնվ. 2001թ.
Թադևոսյան Հրաչ Անտոնի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Խաչատուր Վարդանի, ծնվ. 2001թ.
Շիրինյան Արգիշտի Սուրենի, ծնվ. 2002թ.
Գրիգորյան Արտակ Սեյրանի, ծնվ. 2002թ.
Հարությունյան Մելիք Երեմի, ծնվ. 1998թ.
Մելքոնյան Վահե Անդրանիկի, ծնվ. 1996թ.
Զաքարյան Էդգար Սամվելի, ծնվ. 1981թ.
Մելքոնյան Շմավոն Արթուրի, ծնվ. 1998թ.
Սարգսյան Սեդրակ Գորիկի, ծնվ. 1983թ.
Մելքումյան Սերգեյ Սեյրանի, ծնվ. 2000թ.
Բաբայան Արման Արթուրի, ծնվ. 1998թ.
Բաբայան Հարութ Ռաֆայելի, ծնվ. 1991թ.
Մկրտիչյան Մհեր Կամոյի, ծնվ. 1993թ.
Պետրոսյան Արմեն Գևորգի, ծնվ. 1995թ.
Պահեստազորային Ազատյան Արման Արարատի, ծնվ. 1983թ.
Հակոբյան Միշա Արծրունու, ծնվ. 2001թ.
Աղախանյան Վահան Արմենի, ծնվ. 2000թ.
Այվազյան Ազատ Արմենի, ծնվ. 2000թ.
Հախվերդյան Արսեն Արմենի, ծնվ. 2001թ.
Գասպարյան Արտակ Նվերի, ծնվ. 2000թ.
Արթենյան Սիմոն Խաչիկի, ծնվ. 2001թ.
Ալեքսանյան Սևակ Արթուրի, ծնվ. 2000թ.
Սարգսյան Նարեկ Հարությունի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Արամ Արմենի, ծնվ. 2000թ.
Կասոյան Մամիկոն Սոսիկի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Էրիկ Արտակի, ծնվ. 2001թ.
Գեղամյան Ժիրայր Արթուրի, ծնվ. 2000թ.
Բարոյան Գոռ Անդրանիկի, ծնվ. 2000թ.
Սերոբյան Վիրաբ Բենիկի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Պետրոսյան Իշխան Թովուզի, ծնվ. 1977թ.
Ստեփանյան Բաբկեն Խաչիկի, ծնվ. 1992թ.
Սարգսյան Մարտիկ Սեյրանի, ծնվ. 1996թ.
Գալստյան Արմեն Ռազմիկի, ծնվ. 1982թ.
Նորավարդյան Վարդան Գրիգորի, ծնվ. 1993թ.
Մանուկյան Արման Սամվելի, ծնվ. 1998թ.
Գրիգորյան Գեղամ Հակոբի, ծնվ. 1980թ.
Մուրադյան Մովսես Ռուդիկի, ծնվ. 1990թ.
Աղախանյան Սերգեյ Սուրիկի, ծնվ. 1992թ.
Հունանյան Գրիգոր Արշակի, ծնվ. 1986թ.
Ալեքսանյան Հայկ Սամվելի, ծնվ. 1991թ.
Մարտիրոսյան Ջոնիկ Վաղինակի, ծնվ. 1974թ.
Քոչարյան Յուրիկ Հակոբի, ծնվ. 1999թ.
Այվազյան Կարեն Լյուդվիգի, ծնվ. 1982թ.
Մկրտչյան Արեգ Ժերմիկի, ծնվ. 2001թ.
Սարկիսյան Գոռ Նորայրի, ծնվ. 2002թ.
Հակոբյան Սպարտակ Իշխանի, ծնվ. 2002թ.
Հովհաննիսյան Ժորա Սերժիկի, ծնվ. 1996թ.
Մանուկյան Նարեկ Ռուստամի, ծնվ. 1999թ.
Խաչատրյան Դավիթ Հովնանի, ծնվ. 1991թ.
Լալաբեկյան Սերգեյ Սամվելի, ծնվ. 1997թ.
Հակոբյան Թաթուլ Տիգրանի, ծնվ. 1994թ.
Հովհաննիսյան Համլետ Աշոտի, ծնվ. 1994թ.
Նորոյան Վալոդյա Անդրանիկի, ծնվ. 1998թ.
Աշոտյան Աշոտ Արմանի, ծնվ. 2000թ.
Վարդանյան Ալեն Տիգրանի, ծնվ. 2001թ.
Ասատրյան Արտավազդ Ոսկանի, ծնվ. 2001թ.

Հայկական կողմը մինչ այժմ ընդհանուր 833 ռազմական զոհ է հաստատել։

16:24_ Նիկոլ Փաշինյանի՝ «Ստեղծված վիճակի և մեր անելիքների մասին» ուղիղ եթերից․

― Մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` մինչև բավականին երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի։

― Բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, այս իրավիճակում առավել ևս պետք է համարենք ավարտված:

― Մենք բազմիցս ասել ենք, որ Ղարաբաղի հարցը փոխզիջումային տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Փոխզիջում՝ նշանակում է, որ մեր դրած նշաձողից, մեր ազգային նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել` հանուն լուծման, պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան իջեցնի:

― Այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլևս անընդունելի է Ադրբեջանի համար: ․․․Որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում:

— Մոլորություն կա նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետ կապ կապված։ ․․․Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը՝ որպես Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի: ․․․Մենք հնարավորինս՝ ամենաբարձ և արդյունավետ կերպով փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար։

— Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի համանագահ է և Հայաստանի ռազմավարական գործընկերնը: Այս երկու կարգավիճակի բերումով՝ Ռուսաստանը մինչ օրս արել է և կանի առավելագույնը։

— Այս իրավիճակում մեր անելիքն է՝ պայքարել՝ մեր ժողովրդի իրավունքների համար, մինչև վերջ և անմնացորդ։ Անկախ նրանից՝ ինչ տեղի կունենա։

― Ադրբեջանի վերոհիշատակված դիրքորոշման համատեքստում, պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար՝ նշանակում է առաջին հերթին զենք վերցնել։ ․․․Որ մենք ի վերջո կարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման։

― Այստեղ խոսքը Ղարաբաղի մասին չէ։ Դեռ 90-ականներից մեր ամբողջ կոնտեքստը այդպիսին է, որ մենք՝ Ղարաբաղի մասին խոսելով, խոսում ենք մեր ժողովրդի իրավունքների մասին։ Առանց Արցախի չկա Հայաստան։ Հետևաբար՝ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը։ Իսկ սա այսօր առաջին հերթին նշանակում է կռվել։

— Կռվել այնքան ժամանակ, մինչև հնարավոր լինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի — և ես խոսում են հարցի վերջնական լուծման մասին։

— Այս պրոցեսը պետք է իրականացնի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը, և ես իմ կոչը ուղղում եմ Հայաստանի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին և ՏԻՄ բոլոր ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ։

— Այդ ջոկատները պետք է դրվեն Գլխավոր շտաբի տրամադրության տակ։

— Ես սա համարում եմ շրջադարձային պահ։

— Մեր շարքայիններից, սպաներից, կամավորներից շատերը զոհվել են հանուն հայրենիքի, և նրանց տեղը պետք է կանգնել։ Եվ այսօր կռվող զինվորների, գեներալների կողքը պետք է կանգնել։ Ո՞վ պետք է կանգնի։ Մենք բոլորս։ Դո՛ւ։

— Նրանից չէ, որ մենք ֆանատիկ ենք։ Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը, չի թողնում։ Չկա միջանկյալ տարբերակ։

15:25_ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը ներկայացնում են «անջատում հանուն փրկության» դոկտրինի բովանդակությունը, որը դրվել է շրջանառության մեջ՝ որպես Ղարաբաղի միջազգային ճանաչման իրավական հիմք։

15:23_ «Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ.

Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը», – տեղեկացրել է Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

15:05_ Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ֊ներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկվել են զինադադարի պայմանավորվածությունները, գրում է РИА новости-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները կարճատև այցով մեկնել են Մոսկվա։

14։53_ «Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել երկրորդ աստիճանի մարտական խաչով։

Սխալմունք է եղել։ Նա ողջ առողջ է», – Արծրուն Հովհաննիսյան։

13։56_ԱԺ-ն այսօր մի նախագիծ է ընդունել, որը սխալմամբ մեկնաբանվում է որպես զոհված զինծառայողների վարկերը ներելու որոշում։

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանում է.

«Նախագծով բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն են ստանում առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզանձանց վարկային պարտավորությունները։

ՀԱՏՈՒԿ ՇԵՇՏԵՄ. օրենքով ոչ թե ներվում են վարկերը, այլ պետությունը հրաժարվում է հարկերից, եթե բանկերը որոշեն ներել»։

13։03_Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար Beeline-ը սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ բոլոր մուտքային զանգերի, դեպի Հայաստան ելքային, դեպի Արցախի տեղական բջջային և ֆիքսված ցանցերի զանգերի համար։ Ընկերությունը նաև 0 դրամ/րոպե սակագին է սահմանում ՀՀ-ից դեպի Արցախի բջջային և ֆիքսված ցանցեր զանգերի համար։

13։00_Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկություն, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ’ հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

12։34_ ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում, որ զոհվածների մարմինները մարտի դաշտում թողնելը հիվանդությունների բռնկման պատճառ դառնա, հայտնում է «Հետք»-ը։

«Եթե անձը չի մահացել խիստ վարակիչ հիվանդությունից, հասարակության համար ռիսկն աննշան է»։

12:29_ Երեկ Ղարաբաղի պաշտոնաթող Նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ հանդիպել է նաև պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեղի է ունեցել հանդիպում նաև պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, հայտնում է Քոչարյանի գրասենյակը։

12։21_ ԱԺ-ն միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու» մասին օրենքի նախագիծը:

Առաջարկում են պետությանը նվիրաբերելու համար ԵԱՏՄ երկրներից ներմուծված (որոշ) ապրանքներն ազատել հարկերից։

12:18_ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա` ռուսական կողմի հետ խորհրդակցություն անցկացնելու համար, հայտնում է РИА новости-ն։

11:54_ Ակցիա Տորոնտոյում (Կանադա). «ճանաչե‘ք Արցախը»:

11:11_ Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք։

11:01_ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել’ հանդիպելու

– ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի,

–Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի,

– Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:

10:57_ «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը:

―Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները:

―Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում:

―ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ», – հայտնում է Պաշտպանության Բանակը։

10։55_ «Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:

Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները», – փոխանցում են ԱՀ ԱԻՊԾ֊ից։

10։53_ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեն որոշել է ժամանակավորապես արգելել իր հովանու ներքո տեղի ունեցող ակումբային և ազգային հավաքականների հանդիպումների անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում։

02։28_ «Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում», — հայտնում է ԱԳՆ խոսնակը։

02։26_ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական «The Independent» պարբերականին։ Մի քանի մեջբերում․

— Իրական խաղաղությունը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով։ Դրան հնարավոր էր հասնել, օրինակ, Կազանում։ ․․․բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներն իրենց գոհանակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ: Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Այդ դրույթները ամիսներ շարունակ քննարկվել էին կողմերի միջև բանակցությունների ընթացքում և մանրակրկտորեն պարզաբանված կամ հեռացված էին պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթում: Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին:

— Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը:

— [2016 թվականի] ռազմական գործողություններից շաբաթներ հետո, Վիեննայում և Սանկտ Պետեբուրգում Մինսկի խմբի համանախագահները որոշեցին հարգել 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները: Չնայած Ալիևը դժվարությամբ էր համաձայնվում դրան, մենք բանակցությունները շարունակում էինք միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների միջոցով:

— Հակամարտության չկարգավորված լինելը պայմանավորված է նաև վստահության բացակայությամբ:

— Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ԼՂ անկախությանը, և ընդհանրապես միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնորոշման իրավունքի իրացումը տեղի է ունենում միջնորդների կողմից որոշակի պարտադրանքի միջոցով:

— Պատահական չէ, որ 2016թ. լայնածավալ ռազմական գործողություններից ամիսներ հետո` հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը իր կառավարության նիստում հայտարարեց (խոստովանեց), որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը:

— Ես գտնում եմ, որ բանակցային գործընթացի վերը նշված մոտեցումները [հիմնարար սկզբունքները] անկյունաքարային են․․․

―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27