ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդմամբ, պաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնել են մարդասիրական հրադադար հաստատել, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով առավոտյան 8-ին:
Պետդեպարտամենտի տարածած՝ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունում ասված է․
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանի հետ հանդիպմանը հաստատել են իրենց երկրների հանձնառությունը` իրագործել Մոսկվայում հոկտեմբերի 10 -ին, ապա Ֆրանսիայի միջնորդությամբ հոկտեմբերի 17-ին ձեռք բերված մարդասիրական հրադադարի համաձայնությունը` հոկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության համաձայն:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:
Միացյալ Նահանգները ինտենսիվ բանակցություններ է վարել երկու երկրների արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահողների հետ` Հայաստանին ու Ադրբեջանին ավելի մոտեցնելու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը»:
Քիչ անց նույն բովանդակությամբ հայտարարություններ են տարածվել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների կողմից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 23-ին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանի Վաշինգտոնում հանդիպել էին Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումները անց էին կացվել առանձին։
ԱՄՆ մայրաքաղաքում հոկտեմբերի 24-ին կայացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։
Հրադադարի հայտարարմանն այսօր նախորդել են նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Թուքրիայի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունները։
Ռոբերտ Օ՛Բրայանն այսօր հայտարարել էր, թե «Նախագահ [Դոնալդ Թրամփի] ղեկավարությամբ հանգստյան օրերին մենք փորձել ենք միջնորդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի: Հայաստանն ընդունել է հրադադարը, Ադրբեջանը` դեռ ոչ: Մենք աշխատում ենք վերջիններիս հետ, որ նրանք ևս ընդունեն հրադադարը»։
Նրա հայտարարությանը հաջորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը, որում վերջին նշել էր․ «Որոշ ամերիկացիներ զանգում են իմ եղբայր Իլհամ Ալիևին ու ասում. «Մենք գիտենք, թե ով է ձեր կողքին կանգնած: Դուք Թուրքիային եք ապավինում, բայց մենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կսահմանենք»: ․․․Ախր դու[ԱՄՆ] չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել: Մի՛ ուշացրու, սահմանի՛ր քո պատժամիջոցները, տեսնենք: ․․․Մենք հո գաճաճ պետություն չե՞նք: Մենք Թուրքիան ենք»։
Ավելի ուշ արտահայտվել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հաստատելով․ ղարաբայան հարցով Բաքվի վրա իսկապես «որոշակի ճնշում» է գործադրվում։
Իսկ երեկոյան՝ Նյու Հեմփշիրում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ընթացքում, Լեռնային Ղարաբաղի խնդրին անդրադարձել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անվանելով այն «թեթև դեպք», և հաշտության հեռանկարի կոնկտեքստում հիշատակելով Կոսովոյի և Սերբիայի օրինակը [որտեղ կիրառվել էր «անջատում հանուն փրկության» դոկտրինը]։