Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 36-րդ (նոյեմբերի 1)

Պատերազմ Ղարաբաղում, օր 36-րդ (նոյեմբերի 1)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

18։41_ «Հենց նոր ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր», – գրել է ՊԲ-ն։

Ավելի վաղ Ղարաբաղի բանակը հայտնել էր ևս մեկ խոցված ԱԹՍ-ի մասին։

17։39_ Ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահ զորքերի տեղակայումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը ոչ հավանական է համարում։

Հոկտեմբերի 31-ին՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Հարությունյանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի խորհրդական Ռոբերտ Օ’ Բրայենի հայտարարությունը պարզապես առաջարկ էր՝ ոչ ավելին։

«Երբ հայկական կողմն ասում է՝ մենք պատրաստ ենք, և մեզ համար ընդունելի են ռուս խաղաղապահները, Ադրբեջանը հայտարարում է, որ երրորդ ուժ չպետք է լինի։ Դե ֆակտո նա դեմ է այդ առաջարկին»,- ասել է խորհրդականը։

17։28_ «Տոնի օրերին եկեք չմոռանանք՝ ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, որտեղ փխրուն հրադադարներին ընդհատումներով հաջորդում են զինված բախումները։ Զոհերի թվի ողբերգական աճը, տների, ենթակառուցվածների ու աղոթավայրերի ավիրումը․․․ Վտանգի տակ է քաղաքացիական բնակչությունը», — բոլոր սրբերի տոնին նվիրված հանդիսավոր աղոթքից հետո ասել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։

Պապը Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին խնդրել է «խաղաղ լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքում ընթացող հակամարտության համար», գրում է vaticannews.va-ը։

17։18
🌑 Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ռազմական գործողությունները Ղարաբաղում կշարունակվեն։

«Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերումը պետք է ապահովվի բանակցային ճանապարհով՝ ամենասեղմ ժամկետներում, հակառակ դեպքում՝ Բաքուն կգնա մինչև վերջ», — ասել է Ալիևը։

🌑 Չավուշօղլուն, իր հերթին, տեղեկացրել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ևս կժամանի Բաքու։

«Ես եկել եմ մեր նախագահի [Էրդողանի] հանձնարարությամբ։ Նա մեզ հանձնարարել է եղբայրական Ադրբեջանին այս պրոցեսներում միայնակ չթողնել, պարբերաբար այցելել Բաքու, գործել միահամուռ», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

15։16_ Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։

🔺 Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։

🔺 Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի և սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական 《Գոհար աղա》 մզկիթը։

🔺 Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

🔺 Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

14:08_ «ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:

Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա: Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար», — գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊԲ-ն հրապարակել է գերեվարված Ալաաբեթ ալ Հաջիի հետ հարցաքննության տեսանյութը։

13։27_ «Արցախի Մարտունի շրջկենտրոնում և հարակից բնակավայրերում հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած հրետակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Մարտունիում ջրի մատակարարումը իրականացվում է նորմալ, գազը՝ մասնակի` մոտ 30 տոկոսով, իսկ հոսանք չկա», — հայտնում է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Վադիմ Դանիելյանը։

13։13_ «Մենք գրեթե վստահ ենք, որ ահաբեկիչները մասնակցել են բախումներին: Մենք ընդգծել ենք, որ այդ քայլը ոչ մեկի օգտին չէ: Բանակցությունների ընթացքում և դրանցից առաջ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաներին, ինչպես նաև Ռուսաստանին ու Թուրքիային հայտնել ենք, որ Իրանը նման բան չի հանդուրժելու», — Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ։

ավելի մանրամասն՝ Արմենպրեսում։

12։53_ ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի: Մանրամասները` առաջիկայում, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

12։37_ Քննչական կոմիտե․ Գերեվարված Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը ձերբակալվել է։

Հարցաքննության ընթացքում, ըստ ՔԿ-ի, սիրիացի վարձկանը նշել է, որ հոկտեմբերի 17-ին Սիրիայից անխոչընդոտ 50 հոգանոց խմբով հատել են Թուրքիայի սահմանը, որտեղից ավտոբուսներով տեղափոխվել են օդանավակայան: Ինքնաթիռով մեկնել են Թուրքիայի մեկ այլ օդանավակայան, որտեղ իրենց դիմավորել են թուրք զինվորականներ և ուղեկցել դեպի Ադրբեջան թռչող քաղաքացիական ինքնաթիռ: Հոկտեմբերի 18-ի առավոտյան ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում: Օդանավակայանում իրենց չեն ստուգել և տեղափոխել են ռազմական օբյեկտներից մեկը, տվել են ադրբեջանական զինուժի համազգեստ և զենքեր:

Ավելի մանրամասն՝ այստեղ։

Նիկոլ Փաշինյան․ «Հիմա արդեն առկա են ամբողջական և համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան և ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ:
Սա միջազգային հանցավոր ցանց է և սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ»։

12:26_ «Արցախի բնակավայրերում իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է։ Միայն Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում։ Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան», — հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

12։07_ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Ադրբեջան։

«Մեն կրկին Բաքվում ենք, որպեսզի քննարկենք Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները և վերահաստատենք մեր վճռական աջակցությունը Ադրբեջանին»։

11:15_ «Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր [ավտո]տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել»:

Սա շատ կարևոր լուր է, բայց ամեն ինչ հիանալի չէ։ Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով։

Երեկվա բրիֆինգից հետո նորից նկատեցի չարդարացված ծայրահեղ էմոցիաներ։ Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ։ Պատերազմ է և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը», – հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։

11։14_ Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում:

Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը’ հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին:

Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել:

Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը, հայտնու է ՊԲ-ն։

11։12
🦠 Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2441 նոր դեպք։

🦠 510 հոգի առողջացել է,
🦠 28 հոգի մահացել է. 22-ը կորոնավիրուսից, 6-ը` «այլ պատճառներով»

🦠 5392 թեստ է արվել, որոնցից 45.2% դրական ։

11։08_ Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։

Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։
Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։

Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

02:00_ Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով զոհվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ: 141 հոգի վիրավորվել է։

Ղարաբաղի ՄԻՊ-ը ամփոփել է քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերին հասցված վնասները. ինֆոգրաֆիկան` կից։

―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 31
հոկտեմբերի 30
հոկտեմբերի 29
հոկտեմբերի 28
հոկտեմբերի 27
հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27