Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 31-րդ (հոկտեմբերի 27)

Պատերազմ Ղարաբաղում, օր 31-րդ (հոկտեմբերի 27)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

23:01_ Թրամփը հիասթափված է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է, որ Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները չեն կատարվում։

Հակամարտությունը շարունակվում է շատ երկար տարիներ, ասել է Թրամփը․ «Ահա, թե ինչ է լինում, երբ կան երկրներ, որոնք երկար ժամանակ այդ ամենի մեջ են: Դա հիասթափեցնող է, այո»:

Լրագրողների հետ զրույցում նա հույս է հայտնել, որ իրավիճակ, ամեն դեպքում, կկարգավորվի:

22:36_

https://twitter.com/epressam/status/1321163473628418049

22:19_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի` օրը ամփոփոխ ճեպազրույցից.

— Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ նորից շարունակել է հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով:

— Միժամանակ հրետանակոծվել են Արցախի խաղաղ բնակավայրերը։

— Մարտական գործողությունները եղել են հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև լարվածությամբ:

— Որոտան գետի հոսանքով, Բերձորի մոտակայքում և Հայաստանի հարավում փորձել են ներթափանցել՝ կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ։ Այդ ոտնձգությունները հետ են մղվել, հաջողության չեն հասել:

— Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է: Որպես կանոն, փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, անտառներով և լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել: Այս ուղղությամբ 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են:

— Հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո… հակարակորդը փորձում է զարգացում ապահովել նաև անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում, և ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար:

— Ավետարանոց գյուղի ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել։ Մեր ստորաբաժանումները պայքարում են նրանց դեմ: Նման տեղանքում պատերազմը մի փոքր տարբերվում է իր սաստկությամբ, խտությամբ մարտերից, որոնք ընթանում են դաշտավայրային պայմաններում: Այստեղ պայքարն ավելի շատ փոքր խմբերի դեմ է, հրետանին այստեղ նույն ուժգնությամբ չի կիրառվում:

— Այն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն փաստացի ամեն կերպ ունի Թուրքիայի ԶՈՒ-ի աջակցությունը ամենատարբեր՝ տեխնիկական, մասնագիտական և զորքի առումով, փաստ է:

— Պատերազմը շարունակվում է: Պատերազմի բնույթը որոշակի փոխվել է. մեր ԶՈՒ նույն ուժգնությամբ մարտեր չեն վարում, բայց ընթանում են բարդ մարտեր՝ լեռներում, անտառներում, կիրճերում:

21:52_ «Արդեն մեկ ամիս է՝ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը։

Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի: Հատկանշական է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից», – ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։

20:51_ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 21:00-ին ուղերձով դիմելու է ժողովրդին:

20:42_

https://twitter.com/epressam/status/1321129011767070730

19:52_ Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ:

― Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Նյութական վնասները շատ են:

―  «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծվել է նաև Մարտունու շրջանի Ննգի գյուղը: Կասետային ռումբերի հարվածի հետևանքով երեք կին վիրավորում է ստացել: Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս:

Տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ֊ն։

19։46_ Խորհրդարանը հոկտեմբերի 27-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:

Առաջարկվում է քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հանցանքների համար ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ առավել խիստ պատժաչափեր սահմանել։

19:45_ Կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք:

Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել է, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տներին ու ենթակառուցվածքներին:

Հայտնում է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

19:42_ ԱԺ-ն հոկտեմբերի 27-ի արտակարգ նիստում վավերացրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան:

Միանալով Կոնվենցիային’ Հայաստանը հնարավորություն է ստանում 5-րդ հոդվածի 2-րդ կետը օգտագործել 1997թ. Կոնվենցիային միացած Ադրբեջանի դեմ՝ ընդդեմ Ղարաբաղի սանձազերծված պատերազմում օտարերկրյա վարձկանների օգտագործման առնչությամբ: Թուրքիան Կոնվենցիան չի վավերացրել։

18:33_ 🔺 ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով կատարել կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու վերաբերյալ պարտավորությունները։

18։26_ Վարի-Վուլա-Վուլյաղմենիսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վրա, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

18:21_ «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք:

Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ», — հայտնում է Շուշան Ստեփանյանը։

18:01_ Իրանն ավելացրել է ՀՕՊ ստորաբաժանումների ներկայությունը երկրի հյուսիսարևմտյան հատվածում, հայտարարել է երկրի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին՝ փոխանցում է Tasnim News գործակալությունը:

17։33_ «Պատերազմը ինչքան էլ ոտնձգություն է կյանքի դեմ և մահվան նշան, չի կարող միասնականացնել բոլորին, առավել ևս քաղաքական կողմերին: Բնական է, որ Վազգեն Մանուկյանի բերանով է հնչում իշխանությունը թողնելու և բանակին հանձնելու կոչը: Նույնիսկ զարմացած եմ, որ ավելի շուտ չի հնչել:

Հայաստանի քաղաքական միտքը խարսխված է Ղարաբաղի հարցի վրա: Կա երկու լիբերալ ազգայնական մեյնսթրիմ, և սրանց շուրջ են ստիպված համախմբվել քաղաքական մյուս հոսանքները, քանի չի լուծվել Ղարաբաղի հարցը կամ չի ձևավորվել երրորդ բևեռը, որ չունենա կախվածություն Ղարաբաղի խնդրից»:

Գայանե Այվազյանի անդրադարձը՝ այստեղ։

16:27_  «ՀՀ ՊՆ-ն և ԶՈՒ Գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և ԶՈՒ միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:

Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի ԶՈՒ-ն հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները։ …Քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ ենք անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից», – ասված է ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության նախկին նախարար, այժմ՝ «Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, ի թիվս այլի, նշված է, որ ստեղծված պայմաններում «կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը»։

15:41_ Իրանի արտաքին գործերի փոխնախարարի տեղակալ Աբբաս Արագչին կժամանի Երևան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականությունն առաջ մղելու նպատակով այցեր են նախատեսվում նաև դեպի Բաքու, Մոսկվա, Անկարա, Արմենպրեսի փոխանցմամբ հայտնում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։

15:40_ Եզդիական համայնքի ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Ցուցարարներն ԱՄՆ ղեկավարությանը կոչ են արել ուշադրություն դարձնել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և Ադրբեջանին ստիպել դադարեցնել ռազմական գործողությունները։

Ռազմական գործողությունների դադարեցման պահանջով բողոքի ակցիաները, ըստ կազմակերպիչների, պարբերական են լինելու, գրում է Հետք֊ը։

15:04_ ՊՆ-ն մանրամասնում է’ արյունատվության համար կարելի է դնել նաո ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ ք. Երևան, Մուրացան 113, յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-ից 14:00-ն (անձնագրով):

«Կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության: Արյունատվության նպատակով, խնդրում ենք, ներկայանան այն անձինք, որոնք չունեն խրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ»:

14:58_ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները (Ղարաբաղի ՄԻՊ միջանկյալ զեկույցի տվյալները` հոկտեմբերի 26-ի դրությամբ).

🔺քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից 1-ը’ մանկահասակ աղջիկ, 7-ը’ կին և 31-ը’ տղամարդ:

🔺 Վիրավորվել է ընդհանուր առմամբ 122 մարդ, նրանցից 102-ը ստացել է լուրջ վնասվածքներ:

– 150 բնակավայրերի հասցվել է նյութական մեծ վնաս. վնասվել է 11600 մասնավոր անշարժ գույք, 1600 մասնավոր շարժական գույք, 2100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

14։35_ Ադրբեջանում 17 հայ ռազմագերի է պահվում։ Եվս երկուսի մասով տվյալները ճշտվում են։

Հոկտեմբերի 27-ի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Հայաստանի ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

14։16_

https://twitter.com/epressam/status/1321037520084357121

14։02_ ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ Հովհաննես Կարումյանն ազատվել է պաշտոնից։

🔺 Երեկ պաշտոնից ազատվել էր նաև ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը:

13։54_

https://twitter.com/epressam/status/1321031022398656516

13։41_ Ճապոնիայի կառավարությունը մոտ 3.8 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին:

Ազգային ժողովն այսօր վավերացրել է համաձայնագիրը։

― Դրամաշնորհը կծախսվի լիաքարշ շտապօգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ ձեռք բերելու վրա, գրում է «Արմենպրես»-ը։

13։18_ «Ապատեղեկատվություն է, թե [երկու օր առաջ] տարածված տեսանյությում երևացող անձը հայերեն խոսող ադրբեջանցի ռազմագերի է։

Վերջինս Հայաստանի քաղաքացի է և որևէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի ԶՈՒ-ի իրականացրած գործողություններին», – հայտնում է ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

13։12_ ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 35 զինծառայողների անունները.

Բաղդիշյան Գևորգ Ստեփանի, ծնվ. 2000թ.
Մուրադյան Հարութ Ֆրիկի, ծնվ. 2000թ.
Խորենյան Սևակ Սուրենի, ծնվ. 1987թ.
Հակոբյան Հայկ Արարատի, ծնվ. 1996թ.
Հովհանիսյան Հովիկ Կարապետի, ծնվ. 1984թ.
Ավետիսյան Շալիկո Սեդրակի, ծնվ. 1980թ.
Պահեստազորային Ղազարյան Հայկ Էդվարդի, ծնվ. 1989թ.
Պահեստազորային Քարտաշյան Գևորգ Նշանի, ծնվ. 1984թ.
Պահեստազորային Սարգսյան Գեղամ Աշոտի, ծնվ. 1992թ.
Պահեստազորային Սարգսյան Վահագն Անդրանիկի, ծնվ. 1986թ.
Գրիգորյան Գրիգոր Հայկի, ծնվ. 2002թ.
Վարդանյան Մուշեղ Մհերի, ծնվ. 2001թ.
Կամավորական Խաչատրյան Արման Արսենի, ծնվ. 1993թ.
Կամավորական Պետրոսյան Հովհաննես Անդրանիկի, ծնվ. 1996թ.
Մանյան Արարատ Արմենի, ծնվ. 2002թ.
Ավետյան Կարեն Գագիկի, ծնվ. 2000թ.
Մանասյան Անդրանիկ Կամոյի, ծնվ. 2002թ.
Մնացականյան Դավիթ Արմենի, ծնվ. 2001թ.
Ասատրյան Մարսել Խաչիկի, ծնվ. 2000թ.
Գալստյան Էրիկ Էմիլի, ծնվ. 2001թ.
Սինանյան Սասուն Գեղամի, ծնվ. 2002թ.
Մակարյան Արարատ Ասատուրի, ծնվ. 2002թ.
Մանոյան Լևոն Անդրանիկի, ծնվ. 2001թ.
Եսայան Կարեն Պետրոսի, ծնվ. 2000թ.
Վարդանյան Արտյոմ Վարդանի, ծնվ. 2002թ.
Խաչատրյան Վալերի Դավթի, ծնվ. 2001թ.
Պետրոսյան Հակոբ Սուրենի, ծնվ. 2000թ.
Առաքելյան Արման Հովիկի, ծնվ. 2002թ.
Գյուլամիրյան Արամ Արմանի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Լևոն Արամի, ծնվ. 2001թ.
Վլասյան Ալբերտ Արտուրի, ծնվ. 2001թ.
Մուսինյան Բորիկ Սուրենի, ծնվ. 2001թ.
Չաքրյան Դավիթ Արտյոմի, ծնվ. 2001թ.
Արչունց Արման Արտուշի, ծնվ. 2001թ.
Ավագյան Կարեն Նորիկի, ծնվ. 2001թ.

13:00_ ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ:
Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

12։50_ Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը Արցախին սատարող հռչակագիր է ընդունել (և 50 հազար եվրոյի չափով մարդասիրական օգնություն ցուցաբերել):

Հռչակագրում նշվել է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրանց հիմնարար իրավունքների իրականացմանը և հակասում ազատության, հավասարության ու համագործակցության ոգուն, և կոչ է արվել Ֆրանսիայի կառավարությանը ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու Արցախի բնակչության պաշտպանությունը։

12:41_ «Պատերազմական գործողություններին ներգրավված ԱԱԾ սահմանապահ զորքերից այս ընթացքում ունեցել ենք 37 զոհ, 4 անհետ կորած և 243 վիրավոր», – հայտնում է Հայաստանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։

12։29_ Առողջապահության նախարարությունը կոչ է անում «նպաստել հաղթանակին՝ ապահովելով արյան պաշարների բավարար քանակ»:

Արյունատվության համար անհրաժեշտ է մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ` անձնագրով, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00:

12:26_ Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ, հայտնում է Շուշան Ստեփանյանը։

12։04_ ԱՄՆ-ի հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները հացադուլ են անում։

Պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։

11:44_ Հայաստանի հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների, գրում է Շուշան Ստեփանյանը։

11։42_ Առավոտյան 10:00-10:15 սահմաններում ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է Հայաստանի տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է Հայաստանի հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

09։48_ «Հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է», – հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

09։47_ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են ԱԹՍ-ներ, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից:

Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում…», – հայտնում է Պաշտպանության Բանակը։

09։42_ Ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա» – հայտնում է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։

01։36_  «Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ» – հայտնում է Ղարաբաղի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։

―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27