Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
22։49_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ճեպազրույցից․
— Այսօր վաղ առավոտյան հակառակորդը հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում է ձեռնարկել՝ միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները։ Կան տուժածներ։
— Ողջ օրվա ընթացքում նրանց չի հաջողվել ճեղքել ռազմաճակատի, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել։ Մեր զինուժին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը։
— Հադրութից հյուսիս գտնվող անտառների հատվածում նույն ժամանակ շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնման և ջախջախման գործողությունները։ Որոշ դիվերսիոն խմբեր՝ թողնելով նույնիսկ մեքենաներ, փախել են։ Մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են (Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղեր)։
— Հակառակորդը որոշ տեղերում ունեցել է հաջողություն, այո։ Այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին (https://t.me/epressam/1482)։ Բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ ․․․Եթե նույնիսկ ինչ-որ տեղ նահանջել ենք, շատ տեղերում էլ փախուստի ենք մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին։ Եվ սա կրկնվում է գրեթե ամեն օր։ Հաճախ, այո, նահանջում ենք։ Որովհետև մարդկանց կյանքն ավելի թանկ է, որովհետև նոր բնագծեր ենք զբաղեցնում։ ․․․Բայց դա ճակատագրական չէ։ Վիճակը ծանր է, մարտերը՝ դաժան, պատերազմը՝ սաստիկ։ Բայց անելանելի չէ․․․
հարց․ — Ադրբեջանի՝ ռազմագերիների հարցով հանձնաժողովն այսօր հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը հանդես է եկել ռազմագերիներին և գերևարված քաղաքացիական անձանց փոխանակելու առաջարկությամբ, սակայն մինչ այժմ հայկական կողմից պատասխան չի ստացել։ Ինչիսի՞ն է իրական դրությունը։
պատասխան․ — Այս ամեն ինչը ծիծաղելի կլիներ, եթե այդքան դաժան չլիներ։ Երեք մայրաքաղաքներում փորձեցին հաստատել հրադադար, երեք մայրաքաղաքներից շատ հստակ գնահատականներ են հնչել՝ մինչև այդ պայմանավորվածությունները և դրանցից հետո։ Հասցեական նշվել է՝ ով չի ուզում հաստատել և ով է խախտում։ Այստեղ ավելացնելու բան չունեմ և չեմ էլ կարծում, որ մեր դաշտում այս հարցը արժի քննարկել, որովհետև աշխարհին է հայտնի, թե ով է պահպանում և ով չի պահպանում։
— Ռազմական ղեկավարությունը փայլուն տիրապետում է իրավիճակին, ինչքան էլ որոշ տեղերում ստիպված ենք լինում նահանջել, վերախմբավորվել, որոշ դիրքեր զիջել՝ շատ հաճախ 8-ից 12 անգամ գերակայող ուժերի ազդեցության տակ․․․ Մեր հրամանատարները շարքային զինվորների կողքին կանգնած են մինչև վերջին գրոհը, հարձակման հետմղումը և զրահատեխնիկայի խոցումը: Նման դեպքերը հարյուրավոր են:
հարց․ ― Արդյո՞ք կազմակերպվում է պատերազմի մեկնած զինծառայողների հերթափոխ և եթե այո՝ ի՞նչ կարգ է գործում։
պատասխան․ ― Սա ռազմական գաղտնիք է։ Հերթափոխերն իրականացվում են ըստ ժամանակացույցի, պլանավորման, մարտական պատրաստության փուլերի, ըստ կարևորության և ուղղությունների։ ․․․Զորահավաքը ընթանում է բնականոն հունով, նոր ձևավորվող ստորաբաժանումները անցնում են համապատասխան մարտական պատրաստություն, ներդաշնակման փուլ, որից հետո ստանձնում են մարտական հերթապահություն։ Քանի որ որոշ տեղերում վիճակը լինում է դժվար, ինչ-որ տեղերում այդ հերթափոխը չի կարող կատարվել։ Համեմատաբար հանգիստ տեղերում հերթափոխերն ընթանում են բնականոն հունով։
22։04_ «Երեկ, ցավոք, երեկոյան մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ», — երեկոյան ասուլիսի ընթացքում ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
21:40_ «Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ։
Երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում։ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են», — հայտնել է ԱՀ ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը՝ «Արմենպրես»-ին։
21։23_ Հոկտեմբերի 24-ին՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության Մարտունու պահեստի մոտ պայթյուն է եղել, որի հետևանքով զոհվել են ընկերության երկու աշխատակիցները՝ Վյաչեսլավ Բալասանյանը (19.04.1979թ.) ու Կամո Գրիգորյանը (10.05.1994թ.)։
Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։ Նրա փոխանցմամբ, Բալասանյանը տեղում է զոհվել։ Ընկերության ևս երեք աշխատակիցներ՝ Կամո Գրիգորյանը, Գարիկ Պետրոսյանը և Մխիթար Բարաշյանը, ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կամո Գրիգորյանը մահացել է Ստեփանակերտի հիվանդանոցում։
21։13 _ «РИА новости»-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են հրադադարի ռեժիմը։
20:33 _ Առաջին տիկինը պատրաստվում է առաջնագիծ մեկնելուն
«Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։
Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու», – գրել է առաջին տիկին Աննա Հակոբյանը։
19:16_ «Հերթական ձախողված հրադադարի մասին»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերից․
— Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց պահպանել հրադադարը։
— Պետք է իմանալ, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի։ ԱՀ ՊԲ-ն էլ առավոտից շատ զսպված է եղել, բայց օրվա երկրորդ կեսին, այնուամենայնիվ, հրադադարը արդեն երրորդ անգամ պահել չի հաջողվել։
— Կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, և ուղիղ ասել եմ, որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար՝ արդեն երրորդ, և ես կարող եմ մոտավորապես կանխատեսել, որ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվելու, և Ադրբեջանը կասի, թե հայկական կողմն է խախտել հրադադարը։
— Բայց հիմնական հարցը, որ դնում էի ԱՄՆ պետքարտուղարի առաջ, հետևյալն էր՝ եթե հրադադարը չպահվի, ինչպես եք պարզելու, թե ով է մեղավորը, և ինչ հետևանքներ է ունենալու հրադադարի խախտումը՝ խախտող կողմի համար։
— Ես խնդրում եմ՝ որևէ մեկը թող չկասկածի երեք նախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի անկեղծությանը՝ հրադադար հաստատելու վերաբերյալ։ ․․․Այս տերությունների ղեկավարներն իրենց անունն են դնում այդ հրադադարի ջանքերի տակ․․․
— ԱՄՆ-ի դեպքում այս հարցն էլ ավելի է սրվում․ այնտեղ նախընտրական արշավ է, և խոսքն, ըստ էության, միջազգային իրավիճակի վրա ազդելու՝ նախագահ Թրամփի կարողությունների մասին է․․․։ Մենք դեռ պետք է սպասենք Թրամփի կամ ԱՄՆ-ի արձագանքին։ ․․․դեռ հույս ունենք, որ երեք նախագահների ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան, բայց որ հիմա ունենք այս իրավիճակը՝ փաստ է։
― Այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն, և եկել ենք եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա, ընդ որում՝ ոչ միայն այսօր, այլև պատերազմից առաջ։
— Եթե մենք որևէ բանի համաձայնվել ենք, դա արդեն ընդունելի չի եղել Ադրբեջանի համար։ Նրանք ցանկացել են ավելին՝ քաջալերված Թուրքիայի կողմից, թե ոչ՝ այս պահին էական չէ։
🔺 Հայ ժողովուրդն արդյոք պատրա՞ստ է փոխզիջումների։ Ես կարծում եմ, որ, այո՛, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, նույնիսկ ցավոտ փոխզիջումների։ Բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ո՛չ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի՝ որքան էլ որ սա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ։
— Հիմա՝ հաշվի առնելով նաև մեզնից ակնկալվող միջազգային ճկունությունը, մենք պիտի ուժ ունենանք՝ գործել մեր շահերի եզրագծին մոտ։ Բայցև անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի։
🔺 Հետևաբար, մենք պետք է գտնենք ռեսուրսներ, որպեսզի կարողանանք մեր շահերը պաշտպանել, մենք պետք է գտնենք ռեսուրսներ, որպեսզի կարողանանք իրավիճակը դարձնել այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ փոխզիջումը։ ․․․Ադրբեջանը մինչ օրս պատրաստ չի եղել և հիմա առավել ևս պատրաստ չէ փոխզիջման։
https://www.youtube.com/watch?v=fo1vFNtGcxU
18։51 _ «Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից:
Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ:
Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ…», – գրել է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։
18:38_ «Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ …Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են», – հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետծառայությունը։
18:33_ Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր, հայտնում է Շուշան Ստեփանյանը։
18։01 _ Ղարաբաղյան հակամարտության գոտուց դիերի և վիրավորների դուրսբերման գործընթացը սկսելու հնարավորություն Կարմիր խաչն այսօր առավոտյան չի ունեցել։
«ՀԺ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս մարտի դաշտից դիերի կամ վիրավորների դուրսբերման հնարավորություն որևէ անգամ չի եղել, ասել է Ամատունին․ հիմնական պայմանը՝ հրադադարի պահպանումը, չի շարունակաբար չի ապահովվում։
17:08_ Հոկտեմբերի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվել է Հայաստանի ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը:
Նրան փոխարինել է Արման Մարալչյանը:
16:42_ Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։
16:14_ Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ։
«Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը», – գրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
15:59_ «Karabakh Records»-ը գրում է. «Քիչ առաջ մեր թղթակիցները արտասահմանցի լրագրողների հետ միասին Ասկերանի շրջանում էին։ Հակառակորդը ռմբակոծում է Թագավարդ, Զարդանաշեն, Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերը»:
15։48_ «Սուր փուլում գտնվող ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել մրցակցության դաշտ։ Ռուսաստանը’ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որ կօգնի դադարեցնել պատերազմը»:
РИА новости-ի փոխանցմամբ’ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` ի պատասխան լրագրողի’ «Ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածություններին» հարցին։
14։16_ «Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:
Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար»,- հայտնում է Պաշտպանության բանակը:
14:07_ Թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ն հետախուզական թռիչք է իրականացնուշ հայ-թուրքական սահմանի մոտ’ Գյումրու օդանավակայանից շուրջ 25 կմ հեռավորության վրա, հայտնում է Հանրային ռադիոն’ հղում անելով «Ռազմինֆո»-ին։
Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան։
13։26_ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոկտեմբերի 26-ի տեսաուղերձից․
– Բարձրացել եմ Հայաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ցանկացել Երևանի վրա ճնշում գործադրել։
– Մինսկի խմբի համանախագահները կաթվածահար են արել բանակցային գործընթացը։
– Համանախագահ երկրների դիրքորոշումները տարբերվում են բոլոր հարցերով, բացի ղարաբայան հարցից։ Եվ մենք գիտենք’ ինչու է այդպես։
– Մենք սկսեցին ազատագրել մեր հողերը և սկսվեց’ հանդիպումներ, բանակցություններ։ Ինչքա՞ն կարելի է։
– Բոլորն ասում էին, թե այս հարցը ռազմական լուծում չունի։ Ո՞նց թե չունի։
– Մի քանի օրից արտգործնախարարները կհանդիպեն Ժնևում։ Ես դեմ չեմ, բայց քանի՞ անօգուտ հանդիպում է արդեն եղել:
– Ո՞ր 5 շրջանների վերադարձի մասին եք դուք մեզ ասում, եթե 4-ն արդեն մեզ մոտ են։ Այդ հարցն այլևս ակտուալ չէ։
– Այս հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
– Մենք գնալու ենք մինչև վերջ։
– Երրորդ երկրի ագրեսիայի պարագայում Ադրբեջանը կկիռարի թուրքական F-16 կործանիչները։
12:15_ «Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին», – հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
12:06 _
լուսանկարները՝ Emanuele Satolli-ի
մնացածը՝ time.com-ում
11։52_ Թուրքական լիրան արժեզրկման ռեկորդային ցուցանիշ է գրանցել – 8 լիրա 1 դոլարի համար։
11:41_ «Հարգելի հայրենակիցներ.
Այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։
Հայտնաբերված զենք-զինքմթերքը ոչնչացվում է տեղում։
Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ֊ից։
11։21_ «Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։
Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա՝ կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը», –հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
11։15_ Սերգեյ Լավրով․ Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ամբողջ աղդեցությունը՝ ի շահ հրադադարի ու ԼՂ հակամարտության կարգավորման համար բովանդակային բանակացություններ սկսելու։
11:10_ ՊՆ խոսնակ․ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:
Այս առումով, ՀՀ ՊՆ-ն կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:
10։22_ «Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը», – հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
10։20_ «Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
– Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ», – հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
10։17_ «ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը:
Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում», – հայտնում է ՊԲ-ն։
―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27