Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 34-րդ (հոկտեմբերի 30)

Պատերազմ Ղարաբաղում, օր 34-րդ (հոկտեմբերի 30)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

01։30 _ Ավելի քան 6 ժամ տևած բանակցությունների ընթացքում Երևանն ու Բաքուն պայմանավորվել են, որ

🔺 դիտավորյալ չեն թիրախավորի խաղաղ բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները՝ համաձայն միջազգային հումանիտար օրենքների։

🔺 ակտիվորեն կներգրավվեն ռազմի դաշտում մնացած դիերը հավաքելու և փոխանակելու աշխատանքներին՝ տրամադրելով Կարմիր Խաչին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։

🔺ԿԽ-ին ու ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչին մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն ռազմագերիների ցանկը՝ նրանց տեսակցելու և փոխանակելու համար։

🔺գրավոր կներկայացնեն իրենց դիտարկումներն ու հարցերը, որոնք վերաբերում են հրադադարի վերահսկման հնարավոր մեխանիզմներին՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի համաձայն։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

00։18 _ «Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հանդիպումը տևել է ավելի քան 6 ժամ։ Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն», — գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

22:41_ ԼՂ հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից կամ հարևան պետություններից, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանի՝ առաջարկելով Ղարաղում տեղակայել սկանդինավյան խաղաղապահ զորքեր և կոչ անելով «հատկապես Ադրբեջանին» պահպանել համաձայնեցված հրադադարը։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

22:32_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփոխ ճեպազրույցից

〽️ Այսօր վաղ առավոտյան, ավելի վաղ նույնիսկ, քան սովորաբար լինում է, Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով։

〽️ Նախ՝ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերը։ Անմիջապես կոտորվել են․ կրելով լուրջ կորուստներ՝ հետ են շպրտվել։

〽️ Ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից դեպի հյուսիս մի քանի բարձրունքների ուղղությամբ։ Մեր ԶՈՒ-ն ունի որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են և հստակ որևէ բան այս ուղղությամբ նշել այս պահին չեմ կարող։

〽️ Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ․ առաջինը՝ Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտական գործողություններով, հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ գրոհիչ խմբերով՝ հրետանու բավականին խիտ կրակի ներքո։ Մեր ԶՈՒ-ն չի ընկրկել։ Այս պահին որևէ դիրքային փոփոխություն այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են։

〽️ Նույն ժամանակ Շուշիի մերձակա անտառային գյուղերի ուղղությամբ՝ Կարմիր Շուկայից դեպի արևմուտք մի քանի գյուղերի ուղղությամբ, դուք տեսաք՝ գիշերվա մարտական գործողությունների ընթացքում դիվերսիոն ահաբեկչական խառը հրոսակախմբերի դեմ պայքարը ինչ արդյունքներ է տվել։ Չնայած շատ լավ ցուցանիշներ ենք ապահովել այս ուղղությամբ, զգալի խմբեր, ռազմաբազա է չեզոքացվել, բայց մարտերը դեռ շարունակվում են․ փոքր խմբավորումները մեկ այս, մեկ մյուս բնակավայրում հայտնվում են, կորում են, նահանջում են, նորից են փորձում և այլն։

〽️ Մեր ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, որպես ականադաշտերը հաղթահարելու, առաջին շարքի մեր բնագծերը, մեր կրակային պատնեշները հաղթահարելու միջոց։

〽️ Մարտական գործողությունները շարունակվում են։

〽️ Պատերազմը, իհարկե, իր սաստությունը կորցրել է, բայց եթե առանձին տեղերում բախումները լինում են, դրանք լինում են նույն հրետանու, օդուժի և այլ միջոցների կիրառությամբ։ Քիչ է կիրառվում զրահատեխնիկա։

〽️ հարց․ — Ի՞նչ իրավիճակ է Կապանում։ Տեղեկություններ կան, որ Դավիթ Բեկ գյուղում տներ են այրվել, կա մեկ զոհ և երկու վիրավոր։

〽️ Արծրուն Հովհաննիսյան․ — Կոնկրետ զոհերի և վիրավորների մասին տվյալներ չունեմ։ Կապանի ուղղությամբ այսօր, այո, մարտական գործողություններ եղել են, և Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից, այո, կրակ արձակվել է այս ուղղությամբ․ կան կոնկրետ հետևանքներ։

〽️ հարց․ — Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ հակառակորդը սկսել է կիրառել ֆոսֆորային ռումբեր և արկեր։

〽️ Հովհաննիսյան․ — Դեռ ուսումնասիրում ենք դրանց կիրառությունը։ ․․․Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Շուշիում, Ստեփանակերտու, Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում և այլ բնակավայրերում կիրառվել են մարդկանց դեմ արգելված զինատեսակներ։ Սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում։ Արցախի հայությունը առաջին հերթին ենթարկվել է ագրեսիայի Ադրբեջանի կողմից, և եթե որևէ մեկը այսքանից հետո աշխարհի ցանկացած մասում կարծում է, որ Արցախը չունի լեգիտիմ իրավունք՝ Ադրբեջանի տարածքում հավաստանշելու և ոչնչացնելու թիրախները, որտեղից իրականացվում է ագրեսիան, ապա պետք է այս ամենի մասին ուղղակի մտածի։ Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված են ռազմական օբյեկտներ․․․և եթե այս օբյեկտներից իրականացվում է ագրեսիա Արցախի բնակչության նկատմամբ, Արցախի լիարժեք իրավունքն է թիրախավորել և ոչնչացնել այդ նշանակետերը։

〽️  Հովհաննիսյան․ — Առաջին հերթին Արցախի բանկչությունն է ենթարկվել ագրեսիայի։ Եվ եթե Արցախի սպառազինության մեջ եղած խորհրդային արտադրության, շատ դեպքերում՝ հին խոցման միջոցները՝ թիրախավորելով Ադրբեջանի ռազմական նշանակության օբկյեկտները, որոնք մոտ են տեղակայված խաղաղ բնակչությանը, կարող են վրիպել, ապա Ադրբեջանի սպառազինության մեջ շատ ավելի դիպուկ և գերճշգրիտ խոցման միջոցներ կան, և Ադրբեջանը ավելի թիրախային օգտագործում է դրան։

21։49_ ԱԺ-ում քննարկում են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» համար պարտադիր գանձվող «1000 դրամների» շեմը վերանայելու (բարձրացնելու) հարցը։

ՀԺ-ն գրում է, որ մի քանի տարբերակ է դիտարկվում՝ ֆիքսված մոտեցումը (ամսական 1000 դրամի փոխարեն՝ երկու կամ երեք հազար), պրոգրեսիվ տարբերակը (որքան բարձր է աշխատավարձը, այնքան բարձր է գանձվող աջակցության չափը): Որ տարբերակը կընտրվի՝ դեռևս պարզ չէ։

20:32_ Ակնաղբյուր գյուղի ռմբակոծության հետևանքով զոհվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը։ Եվս 6 քաղաքացիներ վիրավոր են։

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերն ու բնակչությանը։

Թվիթերի իր էջում գրել է Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

19։47_ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ևս մեկնաբանել է նրա և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ միասին Մոսկվա մեկնելու ցանկության մասին վարչապետի քարտուղարի հայտարարությունը։ Պարզվել է՝ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով․

«Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ Նախագահների կողմից։ Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։

Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց Նախագահ Քոչարյանին մեկնել երկրից /մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ/ և նրան վերադարձվեց անձնագիրը։ Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա։

Հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։ Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ։

Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել», — ասված է Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակի մեկնաբանությունը՝ այստեղ։

19։39_ Ռազմական դրություն հայտարարելուց հետո պետական կառավարման համակարգի և մարզպետարանների աշխատողները պարգևավճարներ չեն ստացել, հայտնում է վարչապետի աշխատակազմը։

19:21_ Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։
〽️ Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։
〽️ Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։
〽️ Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա։

Հայտնում է Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորումը։

19:20_ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը մեկնաբանել է նրա և Ռոբերտ Քոչարյանի՝ միասին Մոսկվա մեկնելու ցանկության մասին վարչապետի մամուլի քարտուղարի հայտարարությունը

«Հիմա մեր երկիրը գտնվում է պատերազմական բարդ իրադրության մեջ, և ավելորդ տարըմբռնումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով, այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ճգնաժամի ավարտից հետո», — ասել է Արման Մուսինյան։

18:18_ Իսկ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Դեսպանի խնդրանքով Հայաստանի պաշտպանության նախարարը «ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքը և իրավիճակը ռազմաճակատում», դեսպանն էլ «մտահոգություն է հայտնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չպահպանման կապակցությամբ և հույս հայտնել, որ կիառվող դիվանագիտական ջանքերը կտան իրենց արդյունքը»:

18։14_ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած՝ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին:

18:09_ 17։34-ի դրությամբ՝ ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ: Հեռվից այս պահին էլ ձայներ են լսվում:

Քիչ առաջ էլ ճշտեցինք, որ այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական գործողությունները, ինչպես նաև աշխատում է հայկական կողմի ՀՕՊ-ը, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

17:54_ 🔴 Տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

🔴 ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն ՀՀ և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը ․․․համաձայնել է առաջարկությանը:

🔴 Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռևս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը եւ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից:

Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան

17:53_ Փաշինյանի կարծիքով՝ Եվրոպայում ևս պատերազմ է ընթանում, բայց բարեկեցությունը թույլ չի տալիս նկատել այն:

լրագրող – Ի՞նչ կարող եք իրապես ակնկալել ԵՄ-ից՝ իմանալով, որ ԵՄ որոշ եվրոպական երկրներ արգելափակում են Թուրքիայի նկատմամբ այլ թեմաներով սանկցիաները:

Փաշինյան – Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: ․․․Այս պատերազմը Եվրոպայում շուտ է սկսել: Եվ ամեն օր ընթանում է: Եթե Դուք չեք նկատում այդ պատերազմը, եթե այնտեղ, ասենք, հեռահար հրետանի չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ այդ պատերազմը չի սկսվել: ․․․Կան ուժեր, որոնք գիտեն հետևյալը՝ Եվրոպան արդեն մոտավորապես 60 և ավելի տարի ապրում է բարեկեցության մեջ, և այդ բարեկեցությունը թույլ չի տալիս նկատել այն պատերազմը, որ այսօր տեղի է ունենում Եվրոպայում․․․

լրագրող – Ի՞նչ պատերազմ նկատի ունեք, որ այսօր տեղի է ունենում Եվրոպայում:

Փաշինյան – Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում: Տեսեք, թե ինչ տոնայնությամբ է խոսում Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահի մասին: ․․․ Դա ի՞նչ է, եթե ոչ պատերազմ: ․․․Այո, մարդկանց գլուխներ են կտրվում այսօր Եվրոպայի փողոցներում և բոլորը երջանիկ են նրանից, որ իրենց գլուխը չի կտրվել: Ես դա անվանում եմ ցեղասպանության մեխանիկա: ․․․ Արձագանքներից մենք տեսնում ենք, թե որտեղ է այն էներգետիկ կենտրոնը, որտեղից այդ ամեն ինչը քաջալերվում է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ վարչապետի պաշտոնական կայքում։
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի մասին խոսելիս Ֆրանսիայի դեպքերը հիշատակել է նաև Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Բելգիայից ժամանած պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

17:51_ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի (քրիստոնյա դեմոկրատների՝ Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն կուսակցությունից) գլխավորած պատվիրակությանը:

〽️ Հարությունյանը ներկայացրել է Ղարաբաղում տիրող իրավիճակը․ «․․․Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնված այս պատերազմը, որտեղ ներգրավվել են նաև ահաբեկչական տարբեր խմբավորումներ, ծավալվում է արդեն դեպի Եվրոպա, և ֆրանսիական քաղաքներում օրերս տեղի ունեցած իրադարձությունները դրա վառ վկայությունն են»։

〽️ Դալմանը արձագանքել է․ «Հաստատումներն այն մասին, որ Ադրբեջանի կողմից ներգրավված են նաև վարձկան-ահաբեկիչներ, վկայում են, որ պաշտոնական Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծել: Եվ դա արվում է Թուրքիայի բարձր հովանավորությամբ: ․․․Եթե այսօր անհապաղ միջոցներ չձեռնարկվեն այդ գործողությունները զսպելու համար, մեծ մտավախություն ունեմ, որ նրանց հաջողության դեպքում աշխարհը շատ ավելի թանկ է վճարելու»։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ղարաբաղի ԱԳՆ Մասիս Մայիլյանը և ՀՅԴ Եվրոպական Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներ Հարութ Շիրինյանը ու Պետրոս Պետրոսյանը։

17:27_ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ռուսական Abbas Djuma տելեգրամ ալիքի հետ զրույցում․

«Ինչպես նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ երեկվանից դիվերսիոն խմբերը մոտեցել են Շուշիի հարակից գյուղերին։

Ամբողջ գիշեր այդ խմբերի առաջխաղացման կանխարգելման, դրանց հանյտնաբերման և ոչնչացման ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել։ Ինտենսիվ մարտերի արդյունքում գերեվարվել է Սիրիայից ժամանած մեկ ահաբեկիչ․․․

Այս պահին նույնատիպ գործողությունները շարունակվում են թե՛ հյուսիսում, թե՛ հարավում՝ գյուղերում, որոնցից թշնամին հետ է մղվել։ Մարտերը շարունակվում են նաև Արաքս գետի երկայնքով։ Ոչ այնքան ինտենսիվ, որքան պատերազմի առաջին 10-15 օրեին, բայց միևնույնն է՝ բավականին ինտենսիվ»։

17։16_

16:26_ «ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով հստակեցվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված դրույթները:

Քանի որ այս ընթացքում շատերն են հետաքրքրվել այս հարցով, ասեմ՝ նախագիծը ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ։ Այսինքն՝ պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները, չի կարող ձեռք տալ ավանդներին»,- պարզաբանել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։

15։11_ Օրվա ընթացքում Արցախի խախաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

14:56 _ Հայաստանի ՊՆ հայտնել է Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված և Ադրբեջանի ԶՈՒ շարքերում կռվող վարձկանի գերեվարման մասին։

«ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել:  Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները:

Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները», ֊ գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ կից ներկայացնելով գերեվարվածի հարցաքննության տեսանյութը։

13:45_ «Ես հրաժարվում եմ թույլ տալ, որ իմ աշխատանքը քաղաքական գործիքավորումների զոհը դառնա»․

Արվեստագետ Ահմետ Օղուտի հայտարարությունը` այստեղ։

13:01_ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը վերածվել է քողարկող ցանցեր պատրաստելու հարթակի։ ․․․Թատրոնի ամբողջ անձնակազմը 24- ժամյա ռեժիմով, մի քանի հերթափոխով աշխատում է», – գրում է ԿԳՄՍ նախարարությունը։


լուսանկարը՝ Միշա Պողոսյան ֆեյսբուքի էջից։

12։15_ «Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն, շոշափելի հարվածներ: Հրետանին ամբողջ գիշեր արդյունավետ աշխատել է», – հայտնում է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

11։51_ Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են, – գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

10։59_ Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2398 նոր դեպք։

Իրականացվել է ընդհանուր 4938 թեստ. 48․5%-ը` դրական։

1059 հոգի առողջացել է, 32 հոգի` մահացել։

Փաստացի բուժվողները 31458-ն են։

10։37_ Այսօր Ուզբեկստանում կանցկացվի ԱՊՀ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նիստին կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի զինվորական պատվիրակությունները։

10:02_ Ժնևի, Վիեննայի և Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց տեղի հայ համայնքի ներկայացուցիչները միաժամանակ մեկ ժամանոց լուռ ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն Արցախի, ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի:

09:59_ Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ, հայտնում է Հայաստանի ՄԻՊ-ը։

09։40_ Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ:

Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից:

Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:

Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը:
Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են, – հայտնում է Պաշտպանության Բանակը։

01։28_ «Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում այս պահին լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են», – փոխանցում են ՊԲ-ից։։

―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 29
հոկտեմբերի 28
հոկտեմբերի 27
հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27