Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ Ժնևում նախ առանձին-առանձին, ապա նաև համատեղ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ:
Համանախագահները կողմերին վերստին կոչ են արել իրագործել ստանձնած պարտավորությունները, անհապաղ հումանիտար հրադադար հաստատել՝ համաձայն Մոսկվայում հոկտեմբերի 10-ի արված համատեղ հայտարարության, որը վերահաստվել է Փարիզում՝ հոկտեմբերի 17-ին և Վաշինգոտոնում՝ հոկտեմբերի 26-ին։
Ավելի քան 6 ժամ տևած բանակցությունների ընթացքում Երևանն ու Բաքուն, ըստ Մինսկի խմբի համանախագահների, համաձայնել են անհապաղ մի քանի քայլ իրականացնել, այդ թվում.
— դիտավորյալ չթիրախավորել խաղաղ բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները՝ համաձայն միջազգային հումանիտար օրենքների,
— ակտիվորեն ներգրավվել ռազմի դաշտում մնացած դիերը հավաքելու և փոխանակելու աշխատանքներին՝ տրամադրելով Կարմիր Խաչին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։
— ԿԽ-ին ու ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչին մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել ռազմագերիների ցանկը՝ նրանց տեսակցելու և փոխանակելու համար։
— գրավոր տեսքով ներկայացնել դիտարկումներն ու հարցերը, որոնք վերաբերում են հրադադարի վերահսկման հնարավոր մեխանիզմներին՝ համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի։
«Կողմերը բաց և առարկայական մտքերի փոխանակություն են արել՝ նպատակ ունենալով հստակեցնել բանակցային դիրքերը հոկտեմբերի 10-ի հայտարարության 3-րդ կետում նշված համապարփակ լուծման հիմնարար տարրերի շուրջ։ Համանախագահները կշարունակեն ակտիվորեն աշխատել կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու համար», – ասված է համանախագահների տարածած հայտարարությունում։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և արտգործնախարարների հանդիպմանն այսօր մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Մնացականյանն ու Բայրամովն այսօր խորհդակցություններ են անցկացրել Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ։