Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 35-րդ (հոկտեմբերի 31)

Պատերազմ Ղարաբաղում, օր 35-րդ (հոկտեմբերի 31)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

22։25 _ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի’ օրը ամփոփոխ ասուլիսից.

– Այսօր ամբողջ օրը’ վաղ առավոտվանից, Ադրբեջանի ԶՈՒ-ն ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները:

– Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, բայց որոշ առանձին ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակվողական գործողություններ:

– Կենտրոնի ուղղությամբ’ նետելով մեծաքանակ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի և միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, դիրքային փոփոխություններ։

– Հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող օջախային մարտերում մեր ԶՈՒ-ն կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր։

– Մարտերը շարունակվում են։ Դրանք մեծ ինտենսիվություն չունեն։ Զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ:

– Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բոլոր բնակիչները ժամանակին տարհանվել են։

– Ինչ էլ բանակցեն կամ պայմանավորվեն’ մինչև չլինեն վերիֆիկացիայի մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող։

– Ուսումնասիրվում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից ֆոսֆորային զենքերի կիրառման հետևանքները։

– Այսօր առավոտյան Ստեփանակերտի ուղղությամբ կիրառել է նաև ռազմական ավիացիա՝ խաղաղ բնակչությանը հրթիռակոծելու համար։

21։35 _ 🔴 ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է, իսկ այն քաղաքացիները, որոնց վճարումն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չի կատարվել, հաջորդ ամսվա ընթացքում կվճարվի։

Կարգավորվում են նաև հետծննդյան նպաստների, կենսաթոշակների նշանակման հարցերը Հայաստանի Հանրապետությունում։ Նման հարցերով քաղաքացիները կարող են դիմել տարածքային սոցիալական ապահովության գործակալություններ։

ՀՀ-ում կգործի նաև նախարարության մասնաճյուղ-գրասենյակ՝ նպատակ ունենալով համակարգել և լուծել հընթացս առաջացող բոլոր խնդիրները, – հայտնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը։

21։15 _ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։

20։51 _Ադրբեջանը Ղարաբաղի դեմ ֆոսֆորային զենք է կիրառել։

🔴 Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ: Նույնիսկ բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի, այլապես կարող է վերքի բուժման ընթացքում ևս այրվածք ստանալ, գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

20։46 _ ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից’ ակումբի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի հայատյաց և մարդասպան կոչերի համար։

«ՈՒԵՖԱ-ն այն կառույցն է, որը մշտապես հետևում է ֆուտբոլը չքաղաքականացնելու, ֆուտբոլային ընտանիքի անդամների շրջանում այլատյացությունը բացառելու և համերաշխություն հաստատելու քաղաքականությանը: Նուրլան Իբրահիմովի անհանդուրժելի քայլը պետք է արժանանա համարժեք վերաբերմունքի ՈՒԵՖԱ-ի կողմից։ Այլ մոտեցումը կնշանակի, որ միջազգային ֆուտբոլային հանդիպումներից առաջ տարածվող ընդունելի կարգախոսները ձևական բնույթ են կրում», – ասված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ։

18։56 _ «Իմ քայլ»-ական Ռուբեն Ռուբինյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանի գրությանը.

– Սթափության հորդոր Հայաստանից

Վարչապետ Փաշինյանը, հիմք ընունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը, ՌԴ նախագահին դիմում է ուղղել՝ խնդրելով սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը։

ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, արձագանքելով վարչապետի դիմումին՝ վերահաստատել է ՌԴ դաշնակցային պարտավորությունները ՀՀ նկատմամբ, և վարչապետի նշած խորհրդակցություններն արդեն սկսված են։ Այսինքն, եթե ասենք պարզ՝ վարչապետի դիմումին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն ասել է ԱՅՈ՝ բոլոր կետերով։

Բնականաբար, այս ամենը նախապես արվել է փոխադարձ համաձայնությամբ, և սա պետք է դիտարկել որպես կարևոր և հեռանկարային գործընթացների մեկնարկ՝ հրապարակային և ոչ հրապարակային դրսևորումներով։

Մեծարգո նախագահ,
Այս պատերազմը մեր ժողովրդի պատմության ամենակարևոր ու որոշիչ դրվագներից է։ Եթե կուզեք՝ ամենակարևորը։

Սա նախկինում ունեցած ամբիցիաների դրսևորման, նախկինում հնչեցրած կարծիքների ճշմարտացիության ապացուցման տեղը և պահը չէ։ Սա լրջանալու պահն է։

18։14 _ Լևոն Տեր-Պետրոսյան․ Սթափության հորդոր Ռուսաստանից

«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։
Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։

Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։

Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»:

աղբյուրը՝ ilur.am

16։51 _ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը:

🔺Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ:

🔺 Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը:

🔺 Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են, – հայտնում է Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

16։48 _ 2020թ. հոկտեմբերի 29-ին Արցախում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ճամբարից Թուրքիայի միջոցով Ադրբեջան տեղափոխված և վերը նկարագրված գործողություններին անմիջականորեն մասնակցություն ունեցած, Աբու Համշեին խմբավորման Աբու Հուսեին 23 ջոկատի անդամ վարձկան 1975թ. ծնված Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը: Մի շարք հանցանքներ կատարելու կասկածանքով Մըհըրաբ նա ձերբակալվել է։

Հայտնում են Հայաստանի Գլխավոր դատախազությունից։

16։46 _ Ալիևն՝ այսօր․ — Մենք որևէ երկրի միջամտության հնարավորություն չենք տեսնում․․․ Սա պայքար է մեր և Հայաստանի միջև, և մնացած բոլորը պետք է ձեռնպահ մնան դրանից: Մենք պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով, սակայն տարածաշրջանում մարտերի տևողությունը կախված է միայն Հայաստանից:

Փաշինյանն՝ այսօր․ — Մենք միշտ էլ պատրաստ ենք բանակցությունների և փոխզիջումների: ․․․Հայկական կողմի համար կարևորագույն խնդիր է ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը: Բայց 2011-ին հայկական կողմը համաձայնել էր Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հետ: ․․․Վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ընդունել այդ կոմպրոմիսը և ավելի խիստ պայմաններ առաջադրեց: Այս պրոցեսն է, որ միչև օրս թույլ չի տալիս հասնել դիվանագիտական լուծման:

14։57 _ Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին մեկնել է Թուրքիա՝ ներկայացրելու ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը:

13։25 _ Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին աջակցության համար, հայտնել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

12։48 _ Ռուսաստանի ԱԳՆ-ի պատասխանը Նիկոլ Փաշինյանի նամակին.

– Հաստատում ենք ՌԴ հավատարմությունը ՀՀ-ի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին։ Համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանը անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածք:

11։38 _ ՊԲ փոխանցմամբ, Ստեփանակերտում հրթիռակոծվել են կենտրոնական շուկան և մեկ բնակելի տուն։

11։17 _ Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ, հայտնում է Ղարաբաղի բանակը:

11։13 _ Փաշինյանը Պուտինին նամակ է գրել․ պատերազմը մոտենում է Հայաստանի սահմանին, որի տարածքի նկատմամբ արդեն իսկ եղել են ոտնձգություններ։ Պետք է անհապաղ խորհրդակցություններ սկսել՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին՝ հիմք ընդունելով դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

Նամակում, ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, Փաշինյանը գրել է նաև Մերձավոր Արևելքից ահաբեկիչների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման մասին:

09։47 _ Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը.

Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:

Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը:

Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:

Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Գիշերն ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

09։43 _ ANNA news-ի փոխանցմամբ’ առավոտյան ռմբակոծվել է (Ստեփանակերտի) կենտրոնական շուկան։

09։37 _ Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ:

ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: … Խոցվել է 5 ԱԹՍ: Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում:

Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ, հայտնում է Պաշտպանության Բանակը։

―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 29
հոկտեմբերի 28
հոկտեմբերի 27
հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27