Հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով, ինչպես գրել էինք, ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ խստացվում է մի շարք հանցանքների համար նախատեսված պատժաչափը։
Խտացումն, ըստ ԱԺ կայքում հրապարակված նախագծի, վերաբերելու է ՔրՕր-ի 8 հոդվածներին․
🔺 327-րդ — Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը (4-ից 8 տարվա փոխարեն՝ 6-ից 12 տարի ազատազրում);
🔺 327.1-րդ — Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը (3-ից 8 տարվա փոխարեն՝ 6-ից 12 տարի ազատազրում);
🔺 327.2-րդ — Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը (6-ից 12 տարվա փոխարեն՝ 8-ից 15 տարի ազատազրկում);
🔺 327.5-րդ — Ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը (1-ից 3 տարվա փոխարեն՝ 2-ից 6 տարի ազատազրկում);
🔺 327․6 — Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը (5-ից 8 տարվա փոխարեն՝ 5-ից 10 տարի ազատազրկում);
🔺 328-րդ — Պատերազմի ժամանակ պարհակներ կատարելուց կամ հարկեր վճարելուց խուսափելը (առավելագույնը 4 տարվա փոխարեն՝ 1-ից 5 տարի ազատազրկում);
🔺 356-րդ — Հրամանը չկատարելը (5-ից 15 տարվա փոխարեն՝ 8-ից 15 տարի ազատազրկում);
🔺 361-րդ — Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը (3-ից 8 տարվա փոխարեն՝ 6-ից 12 տարի ազատազրկում);
🔺 362-րդ — Դասալքությունը (6-ից 12 տարվա փոխարեն՝ 8-ից 15 տարի ազատազրկում);
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
Պատժամիջոցների խստացման անհրաժեշտությունն ավելի վաղ հիմնավորում էր ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը․ «Արդեն իսկ կան առաջադրված համապատասխան մեղադրանքներ, կան իրականացված համապատասխան իրավախախտումներ: Օրենքով արգելված արարք կատարելու հետ կապված համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրված և այս պահի դրությամբ գտնում ենք, որ պետք է ավելի հրապարակային, ավելի խիստ պատիժ նախատեսվի, որպեսզի անձինք ձեռնպահ մնան նման արարքներ կատարելուց կամ որոշակի իրադրության պարագայում անգործություն ցուցաբերելուց»։