ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել:
Ըստ նրա` հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:
«Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար», — Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Օ՛Բրայենը:
«Մենք կարծում ենք, որ երկու երկրներն էլ պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ` ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում` հրադադարի ռեժիմը պահպանելու համար», — նշել է Օ’Բրայենը:
Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է՝ Ադրբեջանն օգտագործում է իր նավթային գումարները` զինտեխնիկա գնելու համար և ստանում է տեխնիկական աջակցություն Թուրքիայից: Չնայած թուրքական ժխտումներին, Օ՛Բրայենի պնդմամբ՝ կան բազմաթիվ հաղորդումներ, լրատվամիջոցների բաց աղբյուրներում տեղեկություններ, որ Թուրքիան հակամարտության մեջ է ներգրավում սիրիացի վարձկանների։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված հումանիտար հրադադարի երեք պայմանավորվածությունները, որոնցից մեկը՝ հե՛նց ԱՄՆ-ի միջնորդությամբ, այժմ չեն պահպանվել:
Օ՛Բրայենի պնդմամբ՝ կողմերը պետք է պահպանեն համաձայնեցված հրադադարը․ «Սա հատկապես վերաբերվում է Ադրբեջանին, որն այսօր բավականին վարանում է առանց նախապայմանների հրադադարի հաստատմանը համաձայնել»։