Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
22:41_ ԱԱԾ-ն շպիոն է գտել․
«Հայաստանի քաղաքացի Մ.Ս.-ն, 2015թ. ընթացքում արտագնա աշխատանքի նպատակով գտնվելով Ստամբուլում, հայտնվելով այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջիններիս աշխատակիցների կողմից, Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թ. ընթացքում, առաջարկ է ստացել գումարի դիմաց Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության, ԶՈՒ-երի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց կազմի, իսկ վերջին շրջանում՝ նաև մարդկային կորուստների և այլնի վերաբերյալ, որն ընդունելով՝ լրտեսության եղանակով իրականացրել է տրված առաջադրանքները և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել տարբեր չափերի գումարներ», — ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։
Մ․Ս․ ձերբակալվել է և մեղադրվում է պետական դավաճանության մեջ։
22:40_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ճեպազրույցից․
— Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն լռել, թեև ակտիվությունը որոշակիորեն նվազել է։
— Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանում կիրառությամբ։
— Օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-երը հյուսիսային, կենտրոնական՝ Կարմիր Շուկայի հատվածում, հարավային ուղղություններով տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով՝ հրետանու աջակցությամբ, փորձել են նորից առաջ գալ, և հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ։
— Շուշի քաղաքի մերձակա անտառների և համայնքների դիվերսիոն խմբերը՝ հիմնականում հանդիպելով մեր ԶՈՒ-երի տարվեր ստորաբաժանումների դիմադրությանը, երկարատև մարտերի չեն բռնվում։ Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, շպրտել բնագծերից։
— Այս պահին էլ մարտերը շարունակվում են: Կարծում եմ, այսօր գիշերն էլ կշարունակվեն։
— Իրավիճակն օրհասական չէ։ Կան դժվարություններ՝ տեխնիկական, լոգիստիկ, «բայց գյորբագյոր օպերացիան շարունակվելու է»։
— Բերձորի ճանապարհը քաղաքացիականների համար դեռ փակ է։ Չնայած ճանապարհի վտանգավոր հատվածն արդեն մաքրվել է և այնտեղ պարեկություն է իրականացվում, բայց հավանական վտանգները հաշվի առնելով՝ ճանապարհը դեռ փակ է քաղաքացիական ուղևորափոխադրումների համար։
— Շուշիի մատույցներում դիվերսիոն խմբերի ոչնչացման աշխատանքները շարունակվում են։ Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ 30 հոգանոց թշնամական մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել։
— Կարմիր Շուկայի ուղղությամբ հակառակորդը փորձել է ճեղքել և մատակարարում իրականացնել։ Խոցվել է մի քանի մեքենա, այդ թվում՝ անձնակազմով:
21։59_ ❗️ Ադրբեջանական գերության մեջ 84-ամյա Միշա Մելքումյանի մահն, ըստ Քննչական կոմիտեի նախնական եզրակացության, վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, գրում է «Ազատությանը»։
21:42_ Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
Միայն վերջին մեկ ժամվա ընթացքում մայրաքաղաքում երեք անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։
Առաժմ տուժածների մասին տվյալներ չկան։
21:40_ Հունաստանի արտգործնախարարը Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիային կոչ է արել զենքի արգելանք կիրառել Թուրքիայի դեմ։
Դենդիասը հիշատակել է Թուրքիայի հանցագործությունները Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կովկասում և Կիպրոսում, խոսել Անկարայի կողմից սիրիացի ջիհադիստների’ Լիբիա և Կովկաս տեղափոխման մասին, գրել է ermenihaber-ը։
20։33_ Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է: Ներկայումս շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները, հայտնում է ՊԲ-ն։
18:55_ «Ստացվող տեղեկությունների համաձայն, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց ձեռքերը թաթախված են արյան մեջ, Մերձավոր Արևելքից այս պահին տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։
Խոսքը ծայրահեղական վարձկանների մասին է, նրանք ջիհադիզմի գաղափարախոսության կրողներ են։ Դա չի կարող չառաջացնել մեր լրջագույն անհանգստությունը, քանի որ իրադրության նման զարգացումը Անդրկովկասում ահաբեկչական անկլավի ստեղծման հեռանկար է նախանշում», – հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
18։38
Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։
Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։
Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։
ԱՀ ԱԻՊԾ pic.twitter.com/cKBN1VDGdx
— Epress.am (@epressam) November 5, 2020
18:16_ Առկա տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից գերեվարվել է ընդհանուր առմամբ 21 հայ զինծառայող, ՀԺ-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ռաֆայել Վարդանյանը։
Ինչ վերաբերում է գերեվարված քաղաքացիական անձանց, նրանց տվյալները, ըստ Վարդանյանի, ճշգրտման փուլում են, կներկայացնեն ավելի ուշ։
18:00_ Լրագրողներ առանց սահմանների (RSF) միջազգային կազմակերպությունը թվիթերի իր պաշտոնական էջում գրել է, որ Ստեփանակերտում մնացած 80 տեղական և արտասահմանյան լրագրողներ ծուղակում են հայտնվել և չեն կարողանում առանց կյանքը վտանգելու հասնել Հայաստան։
Կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ին, Եվրահանձնաժողովին և Ադրբեջանին անել հնարավոր ամեն բան՝ քաղաքացիական բնակչության (այդ թվում՝ լրագրողների) տարհանումը հնարավոր դարձնելու համար։
Երեկ հայկական կողմը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող հիմնական ճանապարհն է, ժամանակավորապես փակ է՝ «քաղաքացիների անվտանգությունից ելնելով» (հավանաբար, ծուղակի մասին խոսելիս՝ կազմակերպությունը նկատի է ունի հենց Բերձորի ճանապարհի արգելափակումը)։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը միաժամանակ ընդգծել էր, որ Արցախը Հայաստանին կապող մյուս՝ Քարվաճառի ճանապրհը բաց է և անվտանգ։
80 journalistes locaux et étrangers bloqués à Stepanakert dans le Haut #Karabakh ne peuvent rejoindre l'#Arménie sans risquer leur vie sous le feu des forces azéries. RSF appelle les @UN, le @coe et l'#Azerbaïdjan à tout mettre en oeuvre pour permettre l'évacuation des civils. pic.twitter.com/rUnQFLoSov
— RSF (@RSF_inter) November 5, 2020
16:44_ «Իրականում խնդրի լուծումը գերազանցապես ռազմադաշտում է», — ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյան։
16։43_ «2020թ․ նոյեմբերի 4-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կանխամտածված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը։ ․․․Ադրբեջանի ԶՈՒ-երը ԱԹՍ-ներ են կիրառել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր, Շատջրեք, Մեծ Մասրիկ և Ակունք բնակավայրերում: Դրանք հայտնաբերվել և ոչնչացվել են Հայաստանի ԶՈՒ-ի կողմից: Հարուցվել է քրեական գործ», — Հայաստանի Գլխավոր դատախազություն։
16։06_ Իտալիայի Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը։
15։49_ Միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը:
«Միջազգային հանրությունը բաց է թողել Թուրքիայի շատ ագրեսիվ նկրտումները, որոնք կան վերջին տասնամյակում: Միջազգային հանրությունը ձախողել է՝ թույլ տալով Թուրքիային ունենալ այն վարքագիծը, որը կա այսօր: Նրանց չկանգնեցրեցին Սիրիայում, Իրաքում, այժմ արդեն՝ Լիբանանի հյուսիսում: Նրանց չկանգնեցրեցին Միջերկրական ծովի արևելքում, երբ նրանք խախտեցին Կիպրոսի տարածքային ամբողջականությունը՝ գրավելով դրա կեսը: Նրանք խախտել են Իրաքի, Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ այժմ եկել ու խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Հենց սա է, որ միջազգային հանրությունն անտեսում է, չի ցանկանում նկատել», — Շվեդիայի հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։
15։32_Նախօրեին Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել արգելել թուրքական ուլտրաազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ «Ֆրանսիայի կառավարության այս որոշմանը կհետևի Անկարայի կոշտ պատասխանը»։
«Գորշ գայլեր» կազմակերպություն, ըստ թուրքական ԱԳՆ-ի, ընդհանրապես գոյություն չունի․ Ֆրանսիայի կառավարության որոշումը բնույթով «երևակայական է, երեսպաշտական և սադրիչ»։ Թուրքիայի արտաքին գերատեսչության կարծիքով՝ Փարիզը «կատարյալ կախվածության մեջ է հայկական շրջանակներից»։
14։39_ «Թուրքիան ագրեսիվ գործողություններ է իրականացնում Եվրոպայի անմիջական հարևանությամբ՝ Լիբիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Լեռնային Ղարաբաղում և անգամ Իրաքի հյուսիսում։ Այժմ նաև նոր մի գործոն է ի հայտ եկել։ Վերջին օրերին փոխվել է նախագահ Էրդողանի՝ Ֆրանսիայի և Եվրոպայի հասցեին հնչող հայտարարությունների տոնայնությունը։ Կանոնավոր կերպով Էրդողանի կողմից ատելության և բռնության ոգով լեցուն հայտարարություններ են հնչում, որոնց թիրախում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն է», – «Եվրոպա 1» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
«Փարիզը պահանջում է, որպեսզի Թուրքիան հրաժարվի նման պահվածքից», – «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ասել է Ժան-Իվ Լե Դրիանը։
14:31_ Կառավարության որոշման համաձայն՝ մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար: Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք:
13։11_ «Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը:
Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը», – գրել է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը’ հետգրությամբ հատուկ շնորհակալություն հայտնելով «Արցախի հերոս, հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»:
13։04
Իրանը ծանր ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է տեղափոխում Ադրբեջանի հետ սահմանային գոտի:
տեսանյութերը' «Милитарист» տելեգրամ ալիքից pic.twitter.com/s54rachIuX
— Epress.am (@epressam) November 5, 2020
12:58_ Այսօր՝ ժամը 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածնում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։
Էջմիածնի քաղաքապետարանը խնդրում է չանհանգստանալ։
12:28_ Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
12։06_ Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով։ Այստեղ միացված է տագնապի ազդանշանը։ Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
11։09_ 🦠 Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2413 նոր դեպք
🦠 1324 հոգի առողջացել է,
🦠 29 հոգի’ մահացել. 28-ը’ կորոնավիրուսից, 1-ը’ «այլ պատճառով»:
🦠 37562 հոգի փաստացի բուժման մեջ է։
🦠 Վերջին մեկ օրում 5405 թեստ է արվել, որոնցից 44․6%-ը’ դրական։
09:33_ Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:
Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում:
Հակառակորդի գրոհային խմբերի բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են:
Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից։
… Ներկա պահին թշնամական ուժերի հարձակման փորձերը նշված ուղղություններում շարունակվում են, հայտնում է ՊԲ֊ն։
09։31_ Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։
Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։
Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։
Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․
նոյեմբերի 4
նոյեմբերի 3
նոյեմբերի 2
նոյեմբերի 1
հոկտեմբերի 31
հոկտեմբերի 30
հոկտեմբերի 29
հոկտեմբերի 28
հոկտեմբերի 27
հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27