Ադրբեջանի զինված ուժերն այսօր կրկին փորձել են, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, դիրքերի առաջխաղացում իրականացնել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում, հաղորդում է Հայաստանի ՊՆ-ն։
«Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։», ֊ ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան ադրբեջանական կողմը հատել էր Հայաստանի պետական սահմանը Սև լճի հատվածում։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում նշել է, որ նրանք իրենց հետ ունեին ակնհայտ կեղծ քարտեզներ, ինչն, ըստ պաշտոնյայի ցույց է տալիս, որ սա նախապես կազմակերպված սադրանք է։ Փաշինյանի հաղորդմամբ՝ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ: Այնտեղ նաև հայաստանցի զինվորների մեծ թվով ներկայություն կա։ Իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն և բախում չկա: Երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ։