Բաքուն շարունակում է աշխատել «զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի ուղղությամբ», հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ներկայում մենք աշխատում ենք զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի վրա, որը դառնալու է Արևելք-Արևմուտք միջանցքի մի մասը՝ Ասիան Եվրոպայի հետ միացնող», – ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նիստի ընթացքում ասել է Ալիևը՝ գործընկեր երկրներին վերստին հրավիրելով ուսումնասիրել տարածաշրջանային այդ նախագծի հեռանկարները։
Ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարը մի քանի անգամ շեշտել է, թե «Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում ունեն», իսկ անցյալ շաբաթ՝ սպառնացել, թե կատարելու է «զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրն»՝ անկախ նրանից, Հայաստանն ուզում է դա, թե ոչ (եթե Հայաստանը ցանկանա, խնդիրն, ըստ Ալիևի, «կարելի է լուծել հեշտությամբ», եթե ոչ՝ իրենք «այն կլուծեն ուժով»):
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այս հայտարարությանը, ապրիլի 21-ին կրկին շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք, ո՛չ միջանցք արտահայտություններ չկան։ Խոսքն, ըստ նրա, տրանսպորտային տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին է միայն։
Ապաշրջափակման շուրջ եռակողմ քննարկումների և ընթացիկ բանակցությունների առանցքում, ըստ շրջանառվող տեղեկությունների, հե՛նց այս ճանապարհի շուրջ անհամաձայնությունն է (տե՛ս՝ այստեղ)։
Չնայած ապաշրջափակման շուրջ կոնսենսուսի՝ Հայաստանն ու Ադրբեջանը մինչ այժմ համաձայնության չեն եկել, թե կոնկրետ որ ավտոճանապարհների ու երկաթուղիների բացմանն է տրվելու առաջնահերթությունը։
Ադրբեջանից Հայաստան տանող երկու ճանապարհ կա, երկուսն էլ՝ Նախիջևանի էքսկլավի միջոցով կապ են ապահովում Թուրքիայի հետ․ մի ճանապարհը՝ Իջևանով, մյուսը՝ հարավայինը՝ Զանգիլանով։
Երկու միջանցքներն էլ գործում էին խորհրդային շրջանում, երկուսն 90-ականների սկզբին՝ Ղարաբաղյան հակամարտության պատճառով, ամբողջովին փակվեցին։ Հայաստանն այժմ պնդում է հյուսիսային (իջևանյան) ճանապարհի բացման վրա, Ադրբեջանը՝ աջակցում է հարավային (զանգեզուրյան) այլընտրանքին։
Մինչ Ադրբեջանի նախագահը պարբերաբար շեշտում է, որ Զանգեզուրի «միջանցքն» այլընտրանք չունի, հայկական կողմը՝ ի դեմս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ով գլխավորում է ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում հայաստանյան ներկայացուցչությունը, հայտարարում է, թե հայկական կողմը բացառում է «Զանգեզուրի միջանցի» շուրջ քննարկումները։
«Միջանցք բառն ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց ես հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե հարց», – ըստ «Արմենպրեսի», ապրիլի 16-ին ասել է փոխվարչապետը։
Նույն օրը Մհեր Գրիգորյանի գրասենյակից հաստատել են՝ եռակողմ բանակցությունների շրջանակներում «հայկական կողմը առաջ է քաշել Իջևանի երկաթգիծի հարցը»։
շապիկի լուսանկարը՝ «Ուրբանիստա» նախագծից