Ամենակարևորը հիմա՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի «վերջնական կարգավորումն» է, և այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Ըստ նրա՝ քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։
«Այստեղ մեզ, հավանաբար, որևէ մեկը պետք էլ չէ՝ երկու կողմերից և Ռուսաստանից բացի: Ինչո՞ւ: Շատ պարզ պրագմատիկ պատճառով՝ քարտեզները, դրանք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Այն քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել խորհրդային հանրապետությունների միջև սահմանները։
Այս փաստաթղթերի վրա հիմնվելով՝ պետք է հանգիստ նստել երկու կողմերի հետ․․․այնտեղ հարցեր կան, որոնք պահանջում են փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հավասարեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել։ Բայց այնպես, որ դա ճանաչվի և շահավետ լինի երկու կողմերի համար: Կարելի է՞ դա անել, թե՞ ոչ: Կարելի՛ է», – նախօրեին՝ «Վալդայ» ակումբում, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Միևնույն ժամանակ, Պուտինը շեշտել է՝ Ռուսաստանը կողմ է նաև բազմակողմ ձևաչափ գտնելում, այդ թվում՝ Մինսկի խմբի աշխատանքն ակտիվացնելուն։ Այդ ուղղությամբ, ըստ նրա, աշխատում են։
Կարևորը, Ռուսաստանի ղեկավարի կարծիքով, գլխավոր նպատակին հասնելն է՝ անվտանգ իրավիճակ ստեղծել, հետագայում հարաբերություններ կառուցել՝ դրական հեռանկարով։
«Խնդիրը այն չէ, որ հայտարարության կետի համաձայն՝ դիտարկվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայության ժամկետի երկարաձգումը: Մի՞թե այդտեղ է խնդիրը։ Խնդիրը երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելն է՝ դա է գլխավորը: Հույս ունեմ, որ մեզ դա կհաջողվի»։
Հարցին, որը վերաբերում էր 3+3 ձևաչափին, որի շրջանակներում առաջարկվում էր տարածաշրջանային բանակցություններ սկսել՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և նրանց երեք խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, Ռուսաստանի նախագահը պատասխանեց շրջանցելով․ նշվեց, որ թեև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը, դեռևս կան շատ հարցեր և անհրաժեշտ է պայմաններ ստեղծել՝ «ընդհանուր տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար», ինչը, ըստ Պուտինի, հնարավոր է միայն եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները երկարաժամկետ հեռանկարում և գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները։ Ադրբեջանը, Ռուսաստանի նախագահի կարծիքով, շահագրգռված է, որ կարողանա կապ ունենալ Նախիջևանի հետ, իսկ Հայաստանի համար առաջնայինն արդյունավետ տնտեսական կյանքի հաստատումն է։