Օրվա «անհնազանդություններից» հետո ընդդիմությունն ամփոփիչ հանրահավաք էր անում Ֆրանսիայի հրապարակում, որտեղ մայիսի 1-ից վրանային ճամբար է գործում։
Հանրահավաքը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամ, երգչուհի Սիրուշոյի ակապելլա համերգով։ Երգաշարն ազգային-ազատագրական էր՝ «Թնդաց երկինքը հայոց հեյո՜», «Զարթնիր, լաո», «Հայեր, միացեք», «Մարտիկի երգ», նորից «Գինի լից» և այլն։
Համերգից հետո տեղի ունեցավ երթ։ Ամփոփիչ հանրահավաքի ամենապիկին հրապարակում շուրջ 5600 մարդ կար՝ մոտ 2 հազարով ավելի, քան երեկ։
Արդեն 2-րդ օրն է՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ը, որի մեջ է մտնում նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն, «անհնազանդության ակցիաներ» են անում։ Նմանակելով 2018 թվականի հեղափոխությանը՝ նրանք փակ են պահում Ֆրանսիայի հրապարակը և փորձում են փակել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն ու միջպետական նշանակության մայրուղիներ։
«Անհնազանդության» առաջին օրն աչքի ընկավ ոստիկանական գործողություններով․ ոստիկաններից մեկը բռունցքներով ծեծել էր բերման ենթարկվող ցուցարարին, մյուսը՝ հարվածել լրագրողին։ Երկու դեպքով էլ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Քրեական գործ առ այժմ չի հարուցվել։
Երկրորդ օրը տեղի ունեցած միջադեպերն արդեն այլ բնույթի էին։
Համացանցում տարածվող տեսանյութերից մեկում, օրինակ, ցուցարարը ապտակում է ոստիկանին, մեկ այլ տեսանյութում երևում է, ինչպես են ցուցարարները հայհոյում իրենց չմիացող անցորդներին և հարվածում վարորդների մեքենաներին։
Ցուցարարների և անցորդների/վարորդների միջև պարբերաբար լեզվակռիվներ են լինում (փոխադարձ վիրավորանքներ և այլն), հետագա զարգացումները որպես կանոն կասեցվում են ոստիկանների կողմից։
Օրվա ընթացքում, ըստ ոստիկանության, Երևանում 209, Գեղարքունիքում՝ 10, Արարատում՝ 6, Արագածոտնում՝ 6, Արմավիրում՝ 4, Լոռիում՝ 2 քաղաքացի է բերման ենթարկվել:
Առավոտյան բաժին է տարվել նաև Սիրուշոյի ամուսինը՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոնը։ Մի խումբ պինդ տղամարդկանց հետ միասին նա «Ռիո Մոլ»-ից հասել էր Բաղրամյան պողոտա՝ ակցիա անելու։
««Ռիո Մոլից» Բաղրամյան հասած այդ խումբը ամենաագրեսիվն էր. հայհոյում էին ոստիկաններին, ագրեսիվ կերպով կոնֆլիկտի էին բռնվում վարորդների հետ։ Մի քանի տեղ միայն ոստիկանների միջամտությամբ հնարավոր եղավ կասեցնել խմբի ագրեսիվ անդամների կողմից վարորդների վրա ֆիզիկապես հարձակվելը», – գրել էր իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, որի ղեկավարած կազմակերպությունը մոնիթորինգ է իրականացնում լարվածության գրեթե բոլոր օջախներում․ երեկ մոնիթորինգի խումբն ահազանգում էր ոստիկանական բռնությունների, այսօր՝ արդեն ցուցարարների սադրանքների մասին։
Մայիսի 3-ի հիմնական «անհնազանդությունների» մասին տե՛ս այստեղ,
մայիսի 2-ի մասին՝ այստեղ, իսկ մայիսի 1-ի մասին՝ այստեղ