Ռուսաստանի արտգործնախարարը երեկ հայտարարել էր, թե Հիտլերը հրեական արյուն ուներ։ Հետո հավելել, թե իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենակատաղի հակասեմիտիստները, որպես կանոն, հրեաներ են»։
Ռուսաստանցի դեսպանը անմիջապես հրավիրվել էր Իսրայելի ԱԳՆ։ «Հակասեմիտիզմի մեջ հրեաներին մեղադրելը նրանց նկատմամբ ռասիզմի աղաղակող աստիճան է», – ռուս դիվանագետի հայտարարությունը մեկնաբանել էր Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը։
Արդեն այսօր Ռուսաստանի ԱԳՆ-ն «Հակասեմիտիզմի մասին» հայտարարություն է հրապարակել, որով ավարտին է հասցրել Լավրովի նախաձեռնած գործը։
Հայտարարության սկզբում Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը անդրադառնում է Իսրայելի արտգործնախարարի խոսքերին, որոնք «հակապատմական» է որակում։ Ըստ Մոսկվայի, այդ խոսքերը մեծապես բացատրում են «Իսրայելի ներկայիս իշխանության՝ Կիևի նեոնացիստական ռեժիմին աջակցելու կուրսը»։
Այնուհետև ռուսական ԱԳՆ-ն հայտարարում է, թե պատմության ծանոթ են հրեաների և նացիստների համագործակցության ողբերգական դեպքեր։ Հիշատակվում է Յակուբ Լեյկինի և Խաիմ Ռումկովսկու մասին։
Եզրակացություն է արվում, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հրեական արմատներ ունենալու հետ մեկտեղ, կարող է լինել նեոնացիստական երկրի նախագահ։ Ռուսաստանի ԱԳՆ֊ն մեղադրում է իսրայելական իշխանություններին՝ «Ուկրաինայի բազմաշերտ հակասեմիտիզմը չնկատելու» մեջ։
Բացի այդ, ռուսական ԱԳՆ-ն փաստացի նեոնացիզմի մեջ է մեղադրում նաև Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը, որը նույնպես հրեական արմատներ ունի։
Հիտլերի հրեական արմատների մասին ռուս դիվանագետի ենթադրությունները, այնուամենայնիվ, ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ չեն կրկնվել։
Մայիսի 2-ին Mediaset-ի հետ հարցազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարար Սեգեյ Լավրովն ասել էր հետևյալը․ «Նա [Զելենսկին] այսպիսի փաստարկ է բերում՝ ինչպես կարող է իրենց մոտ նացիֆիկացում լինել, եթե ինքը հրեա է։ Կարող եմ սխալվել, բայց Հիտլերը նույնպես հրեական արյուն ուներ։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենակատաղի հակասեմիտիստները, որպես կանոն, հրեաներ են»։
Իսրայելում Լավրովի խոսքերը արագորեն տարածվել և լայնորեն քննադատվել եին պետական պաշտոնյաների, քաղաքական և հասարակական գործիչների կողմից։ Իսրայելում Լավրովի գործընկեր Յաիր Լապիդը, որը դեռ վերջերս Մոսկվա էր այցելել և խոսում էր Իսրայելի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կառուցողական ապագայի մասին, մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ հարցազրույցը ասել է․
«Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարի արտահայտությունը ոչ միայն աններելի ու վրդովիչ է, այլև՝ պատմականորեն սոսկալի սխալ։ Հրեաները իրենք իրենց չեն սպանել Հոլոքոստի ժամանակ։ Մենք ջանք չենք խնայում Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ պահպանելու համար, բայց կա սահման, այս անգամ այդ սահմանը նրանք անցել են։ Ռուսաստանի իշխանությունը պետք է ներողություն խնդրի մեզնից և ամբողջ հրեա ժողովրդից»։
«Սովորաբար նման բաները փորձում են թաքցնել խալու տակ, ձև տալ, թե ոչինչ տեղի չի ունեցել, ոչ ոք նման բան չի ասել, եթե անգամ ասել էլ է՝ ստոր լրագրողները կոնտեքստից դուրս են ներկայացրել։
Այս դեպքում ռուսական բոլոր պաշտոնական ԶԼՄ-ներով հաղորդվել է միջադեպի և դեսպանին Իսրայելի ԱԳՆ կանչելու մասին՝ առանց որևէ բան հերքելու։
Սարսափելին այն չէ, որ պետության երրորդ դեմքն իր իսկ բերանով և հրապարակային ասել է սա, այլ այն, որ դա ներկայացվում է որպես որոշակի սխրանք, գրեթե՝ չարչարանքներ հանուն հավատքի», – մեկնաբանել է ռուս գրող Էդուարդ Լուկոյանովը։