Ղարաբաղի Հին Թաղեր-Խծաբերդ գյուղերի հատվածում գերեվարված շիրակցի զինծառայողների հարազատներն այսօր փակել էին ճանապարհը, որով ընդդիմության (նախկին իշխանավորների ու նրանց թիմակիցների) ավտոերթը շարժվում էր դեպի Գյումրի։
Գերիների հարազատները մեղադրում են ընդդիմադիրներին ներքաղաքական իրավիճակը լարելու և բանակցությունները խոչընդոտելու մեջ։ Ըստ նրանց՝ ընդդիմության ծայրահեղական հայտարարություններն ու գործողությունները (Ադրբեջանի դրոշ վառել և այլն) բացասաբար են անդրադառնում հայ-ադրբեջանական գործընթացի վրա, այդ թվում՝ ուղղված գերիների վերադարձին։
Գերեվարված զինծառայողի ծնողներից մեկը դիմում է դաշնակ Գեղամ Մանուկյանին․ — Ասենք թե՝ եկել ես դու կառավարության գլուխ, ձեռագիրդ, ինձ ձեռագիրդ ըսա։
— Բանակը կզորացնենք, – գոռում են հետնամասից։
Մանուկյանը ընդհատում է նրանց և դիմում ծնողին․
— Առաջինը՝ էս քո սաղ մինիստրներին սիկտիր եմ անելու, կամերաների առաջ եմ ասում։ Ասե՞մ՝ ինչի։ Որովհետև մի հայվան արտաքին գործերի նախարար ա նստած, ու սենց հայվանները նստած են․․․ Դու քո երկրի գլխավոր շտաբի պետ մինչև հիմա չունես՝ երկու ամիս ա չունես, երեխեքը էնտեղ կանգնած անտերուդուս, մի հատ գլխավոր շտաբի պետ չկա։
— Նախքան էդ դուք էիք կառավարության գլուխ, է ինչի՞ բանակը չզորացրիք, ինչո՞ւ էս չէրիք, էն չէրիք, – հակադարձում է տղամարդը։
Ընդդիմադիրների ամբոխը ընդհատում է նրան։ Մեկը գոռում է, թե «բանակը հզոր ա եղել․․․», մյուսը՝ դիմելով ծնողին, ասում է՝ «ո՞վ ա քեզ ուղարկել, ուղարկողիդ անունն ասա»։
— Ցավդ տանիմ, ես գերու ծնող եմ, որ տղես տարիուկես է էնտեղ է, — պատասխանում է տղամարդը և շարունակում՝ հայացքն ուղղելով պատգամավորին․ — Դուք ինչի՞ հելաք դրոշը վառիք, չթողիք երեխեքին բերեն։
Ձեննե՛րդ, – դիմելով հետնամասից գոռգոռացող գործընկներներին՝ ասում է դաշնակցականը։
— Ամիսներով ասում էիք՝ ցույց մի՛ ըրեք, թողեք Նիկոլը, Նիկոլը խոստացել է և այլն… Նաիրի Սարգսյանը հիմա հանդիպու՞մ է հետներդ, հիշում ես՝ էն ժամանակ ձեզ ոնց էր խաբում, – Մանուկյանը փոքր-ինչ ոգևորված սկսում է մատ թափ տալ։
— Մատդ վրաս թափ մի տուր, – միջամտում է տղամարդը։
— ․․․Շարունակեմ՝ եկա՞վ ընտրություններ, էլի պրոբլեմ էր։ Հելավ ասեց՝ ոչինչ, մեր գերիները երկու ամիս էլ կսպասեն։ Ձեններս կտրինք։ Էսքան ժամանակ, հոպար, էս մեկուկես տարի է․․․
Գերիների հարազատները հակադարձում են՝ գերիներին բերում են։
Մանուկյանը ընդհատում է նրանց․
— Հոպար, կայնի, մեռնեմ ջանիդ, ընտրություններին էլ, չէ՞, ասեց, որ մի երկու ամիս կսպասեք․․․
— Հա։ Բերե՛լ են։ Դրանից հետո էլի բերել են․․․ Ինչի՞ էս վերջում հելաք՝ դրոշը վառեցիք։
— Քանի հոգի՞, դրոշը ե՞րբ վառեցինք։
— 174 հոգի․․․ Երևանի մեջ ջահերով վառեցիք։
— Մեկ շաբաթ առաջ խոստացել են գերի բերե՞ն։
— Հա։ Հելաք դրոշը վառիք․․․ ու էդ 38 հոգին հետ չեկան։
— Ե՞րբ էր էդ։ Էդ ո՞վ ա քեզ ասել։ Մի րոպե ինձ լսի։ Նայի, մենք 30 տարի դրոշ ենք վառել, 30 տարի մեր տղեքից գերի ընկնող եղե՞լ ա
— Թե չէ սպանված քիչ են եղե՞լ։
— Նայի՝ յա պռա իվան, տի պռա բալվան։ Ես ասում եմ՝ 30 տարի դրոշ վառել ենք, գերի մինչև 4 տարի առաջն ընկե՞լ են։
Մանուկյանին միանում է ընդդիմադիրներից ևս մեկը․ հայտարարում են, որ պահեստազորայինների գերեվարման մեջ մեղավոր են ներկայիս իշխանությունները․
— Դեռ 2020 թվականից ասում էին՝ հիմա ցույցեր մի արեք, որ Նիկոլը մեր գերիներին հետ բերի։ Եղե՞լ ա տենց բան։ Տարիուկես ա անցել, ցավդ տանեմ․․․
— Բերել են, կարո՞ղ է քիչ են բերել, – պատասխանում է գերեվարված զինծառայողի ծնողը։
— Քանի՞սն են մնացել։
— 38 հոգի էնտեղ հիմա․․․
Մանուկյանը նորից ընդհատում է նրան․
— Հիմա քո պահանջը մեր նկատմամբ ի՞նչ ա, կարող ես բացատրել։
— Մի խանգարեք․․․
Խոսակցությանը զուգահեռ անընդհատ բղավոցներ են լսվում՝ ընդդիմադիր գործիչները վիճում են մյուս ծնողների, ոստիկանների և միմյանց հետ։
— Եթե բերողն եք տղոնցը, հմի երկու հոգի բերեք, մենք էլ գանք՝ ձեր կողքը կանգնենք, – շարունակում է պահեստազորայինի ծնողը։
— Արի սենց անենք։ Նիկոլը ընտրություններին խոստացավ, որ իրա տղուն ուղարկելու է բանակ․․․ Հոպար, Նիկոլը խոստացավ, որ իրա տղուն ուղարկելու ա, գերիներին բերի։ Խոստացավ, չէ՞։ Բա խի՞ չղրգեց։ Խի՞ իրանից ատվետ չեք ուզում, – պատասխանում է Մանուկյանը․ – Նայի, մեռնեմ ջանիդ, մի հատ բան ասեմ քեզ․․․
— Ջանիս մի մեռի․․․
— ․․․Ես քեզ ուրիշ բան ասեմ։ Նույն Ալեն Սիմոնյանը, նույն իրենց քաղաքական թիմը չասե՞ց՝ գերիների հարցը մեր համար փակված ա: Պարզ ասել ա, չէ՞: Ի՞նչ կապ ունի դրոշը վառելու հետ։ Էդ դրոշը հարյուր տարի վառում են, հարյուր տարի էլ վառելու են, — եզրափակում է դաշնակը։
Ընդդիմադիրների ու փողոցը փակած ծնողների միջև քաշքշուկ է սկսվում։
— Ես էս երկրի մեջ որտեղ ուզեմ կեթամ, դու ո՞վ ես վափշե, – գոռում է ընդդիմադիրներից մեկը․ — Հեսա կանցնեմ վրովդ՝ կիմանաս: Տո դու ո՞նց կարաս որոշես՝ ես Շիրակ մտնեմ, թե՞ չէ: Ըտենց մի հատ տղա կա՞, որ որոշի ես որտեղ մտնեմ։
Գերեվարված զինծառայողների ծնողները ճանապարհը միևնույնն է չեն բացում։
— Տասը րոպեից գալիս եմ՝ բաց լինի: Տասը րոպե ձեզ ժամանակ, ազատեք, – հայտարարում է մեկ ուրիշ ցուցարար։
Ճանապարհը (Հոռոմ գյուղի հատվածում) բացվեց մոտ մեկ ժամից։ Ընդդիմադիրները շարժվեցին դեպի Գյումրի՝ հանրահավաքի։ Հանրահավաքին, ԻՔՄ տվյալներով, մասնակցել է շուրջ 1150 մարդ։
2020 թվականի դեկտեմբերի 13-ին, հիշեցնե՛նք, Արցախի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածից 62 պահեստազորայիններ էին գերեվարվել: Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 150 գերի։ Գերիներից 38-ը առ այժմ մնում է Ադրբեջանում, նրանց մեծ մասը դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն։