Google-ի 28 աշխատակիցներ, որոնք մասնակցել են ընկերության նյույորքյան գրասենյակում կազմակերպված նստացույցին, հեռացվել են աշխատանքից։ Նրանք բողոքում էին Իրայելի կառավարության և տեխնոլոգիական կորպորացիայի համատեղ նախագծի՝ Nimbus-ի դեմ, որը, համաձայն որոշ տեղեկությունների, օգտագործվում է պաղեստինցիների դեմ ավերիչ պատերազմում։
Nimbus նախագիծը գործարկվել է 2021 թվականին․ Google-ն ու Amazon-ը Իսրայելի կառավարության հետ 1․2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր էին ստորագրել, որի շրջանակներում պարտավորվում էին արհեստական բանականության և ամպային հաշվարկման տեխնոլոգիաներ տրամարդել։ Google-ի քաղաքականությունն արգելում է ընկերության ծառայություններն օգտագործել «բռնության համար, որը կարող է հանգեցնել մահվան, էական վնաս կամ տրավմա պատճառել»։ Time և The Intercept պարբերականները պարզել էին, որ Nimbus-ում ներգրավված է նաև Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
Time-ի տեղեկություններով, նախագծի շրջանակներում Իսրայելի ռազմական գերատեսչությունը հասանելիություն է ստացել արհեստական բանականության ծառայություններին և Google Cloud-ի ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են տեղեկատվության (վերա)մշակման և պահպանության համար։ Փաստաթղթերից, որոնք The Intercept-ի ձեռքի տակ են հայտնվել 2022 թվականին, հետևում է, որ Google-ի ծառայությունները, որոնք հասանելի են դարձել Իսրայելին, թույլ են տալիս նույնականացնել դեմքերը, ավտոմատացված կերպով տեսակավորել պատկերները և հետևել օբյեկտներին։
Google-ն իսրայելական կառավարության հետ իր համագործակցությունը նկարագրել է որպես բացառապես քաղաքացիական։ Time-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց աշխատանքը կապ չունի «զենքին կամ հետախուզական ծառայություններին առնչվող գաղտնի ռազմական նպատակների» հետ։
Google-ի՝ բողոքի դուրս եկած աշխատակիցները պնդում են, որ ընկերության հերքումները հիմնազուրկ են։ Նրանց մտահոգությունները, ըստ Time-ի, հիմնավորվում են երեք փաստերով․ 1) 2021 թվականին Իսրայելի ֆինանսների նախարարությունն ուղիղ հայտարարել է, որ Nimbus-ն օգտագործվելու է պաշտպանության նախարարության կողմից, 2) Ծառայությունները, որոնք հասանելի են դարձել Իսրայելի կառավարությանը, իրենց բնույթով այնպիսին են, որ կարող են հեշտությամբ օգտագործվել ռազմական նպատակներով, 3) Google-ն ակնհայտորեն ի վիճակի չէ վերահսկել, թե կոնկրետ ինչ է Իսրայելն անում այդ տեխնոլոգիաների հետ։
Մարտի 4-ին Նյու Յորքում կազմակերպված գիտաժողովին ելույթ է ունեցել նաև Իսրայելում Google-ի կառավարիչ Բարակ Ռեգևը։ Ունկնդիրներից մեկն ընդհատել է նրան, ներկայացել որպես Google Cloud-ի ծրագրավորող և հայտարարել, որ հրաժարվում է տեխնոլոգիաներ ստեղծել, որոնք նպաստում են ցեղասպանությանն, ապարտեիդին և լրտեսությանը։ «Ո՛չ մի տեխնոլոգիա ապարտեիդի համար», – նախքան սրահից հեռացվելը՝ հասցրել է վանկարկել երիտասարդը։ Նրա հագին Google-ի լոգոյով շապիկ էր։
BREAKING—PRO-PALESTINE @googlecloud ENGINEER DISRUPTS @Google ISRAEL DIRECTOR AT GOOGLE-SPONSORED ISRAELI TECH CONFERENCE IN NYC.
The worker demanded that Google STOP using worker labor to power genocide against Palestinians in Gaza. #NoTechForApartheid pic.twitter.com/t2mqCqFFay
— No Tech For Apartheid (@NoTechApartheid) March 4, 2024
Ծրագրավորողը, ինչպես պարզվել է հետագայում, 23-ամյա Էդդի Հեթֆիլդն էր։ Գիտաժողովից երեք օր անց Google-ը նրան հեռացրել է աշխատանքից։
Ընկերության ներսում ձևավորված No Tech For Apartheid («Ո՛չ մի տեխնոլոգիա ապարտեիդի համար») նախաձեռնությանն, ըստ մասնակիցների, այդ պահին արդեն 200-ից ավել աշխատակից էր միացել։
Ապրիլի 16-ին Նյու Յորքի և Սանիվեյլի (Կալիֆոռնիա) գրասենյակների աշխատակիցները բողոքի ցույցի էին դուրս եկել։ Նյու Յորքում նրանք նստացույց են արել Google-ի գրասենյակի ներսում՝ մոտ 10 ժամ, Կալիֆորնիայում գրավել են Google Cloud-ի գլխավոր տնօրեն Թոմաս Կուրիանի օֆիսը։
https://twitter.com/NoTechApartheid/status/1780278895058518468
Երկու դեպքում էլ ընկերությունը ոստիկանություն է կանչել՝ աշխատակիցների բողոքը ցրելու համար։ Աշխատակիցներից 9-ին ձերբակալել են և, ըստ The Washington Post-ի, ազատ արձակել մի քանի ժամ հետո։
BREAKING— @google also orders for arrest of of its own workers in SUNNYVALE who sat in for 10 hours at @googlecloud CEO @thomasortk’s personal office, demanding google cut Project Nimbus, the company’s $1.2 billion contract with Israel.
arrests were caught on our livestream pic.twitter.com/pgLe4gkybY
— No Tech For Apartheid (@NoTechApartheid) April 17, 2024
Նստացույցից հաջորդ օրը Google-ի գլոբալ անվտանգության գծով փոխնախագահ Քրիս Ռեքոուն ընկերության աշխատակիցներին նամակ է ուղարկել, թե «նման վարքագիծը տեղ չունի» իրենց գրասենյակում, ընկերությունն այն «չի հանդուրժի»։ Նամակի ամբողջական տեքստը հրապարակվել է The Verge-ում։
Ռեքոուն հայտարարել է, թե նստացույցի մասնակիցները «գրասենյակային տարածքներ են գրավել, ապականել են մեր սեփականությունը, ֆիզիկապես խոչընդոտել են Google-ի մյուս աշխատակիցների գործունեությանը»։ «Նրանց վարքագիծն անընդունելի էր, ծայրահեղ դեստրուկտիվ և վտանգի զգացողություն էր առաջացնում կոլեգաների մոտ», – ասված էր նամակում։
Ընկերությունը հայտարարել էր, թե ինչ-որ ներքին քննություն է արել, որի արդյունքներով 28 աշխատակիցներ, որոնց առնչությունը գործադուլին հաստատվել է, հեռացվել են աշխատանքից։
https://twitter.com/BTnewsroom/status/1781421220052730199