Խմբագրության հասցեին նամակ է եկել Եհովայի վկաներ կազմակերպությունից․
«․․․Կարդացինք ձեր կայքեջում տեղ գտած Դատ․ տերտերը «հանուն զինվորների» հարձակվում է Եհովայի վկաների վրա | Epress.am հոդվածը:
Ունենք մի քանի առաջարկ, որոնք գուցե օգտակար համարեք։
Հոդվածից մեջբերում։ Քահանայի տեսանյութերը տարածել են նաև 168.am, Asekose.am, hayeli.am լրատվամիջոցները։ Հաղորդումը նաև այս խմբագրատներին է վերաբերում։
Առաջարկ։ Ճիշտ է քահանայի տեսանյութերը տարածվել են մի շարք լրատվամիջոցներով, սակայն միայն 168․am-ն է ընդգրկվել գործում որպես 3-րդ կողմ։
Հոդվածից մեջբերում։ «Եհովայի վկաները» պահանջում են քրեական գործ հարուցել նաև ատելություն և բռնություն հրահրելու մեղադրանքով….. Ոստիկանությունը քրեական գործ դեռ չի հարուցել։
Առաջարկ։ Քրեական գործով վարույթը ընդունվել է»։
Հունվարի 31-ին վերջին դատական նիստն էր այս գործով․ Եհովայի վկաներ քրիստոնեական կազմակերպությունը դատի է տվել քահանա Մեսրոպ Աշուրյանին՝ իրենց անդամներին վիրավորելու, զրպարտելու, իրենց գործարար համբավը վնասելու համար և 3 միլիոն դրամ փոխհատուցում պահանջել բարոյական վնասի դիմաց։
Նիստը լուսաբանելու էինք գնացել ես ու լրագրող Քնար Խուդոյանը։ Արտաշատի դատարանում հիմնականում հանգիստ էր։ Ներկաների պատմելով նախորդ նիստը շատ ավելի լարված մթնոլորտում է անցել․ ռեպլիկներ, վիրավորանքներ։ Հնարավոր է, որ այս անգամ հավաքվածներին զսպում էր ԱՄՆ դեսպանատան աշխատողների ներկայությունը, որոնք կեսից գնացին։ Նիստից հիշվեց երկու միջադեպ։ 1․ Եհովայի վկաների փաստաբանի ճառի ժամանակ քահանաներից մեկը դուրս եկավ դահլիճից՝ բարձրաձայնելով․ «Ով ա բերել էս հիվանդին»։ Երկրորդ միջադեպը նիստից հետո եղավ․ հայ առաքելական քահանան, որը դատվում է փողոցներում մարդկանց տեսախցիկով ահաբեկելու համար, վրա տվեց epress.am-ի լրագրողներին։ Նա վրդովվել էր նախորդ հոդվածում «տերտեր» բառից․ «գրողի հերն ա տերտեր» և այլն։
Քահանայի ագրեսիան բորբոքեց հավաքվածներին՝ Մեսրոպ Աշուրյանի երկրպագուներին։ Նրանք շրջապատել էին epress.am-ի լրագրողներին, կպնում էին և խոսում սպառնալից տոնով։ Հեռախոսի ձայնագրիչը չէինք անջատել։ Մեջբերեմ մի հատված տերտերի հրահրած իրավիճակից։
Դահլիճից դուրս գալով՝ քահանան դիմում է Քնար Խուդոյանին։ Ես դատարանի դիմաց էի, երբ նրանք դուրս եկան։
Տերտեր․ – Թող բարեվարքության կանոնները չխախտեն ու թող տերտեր բառը չակերտների մեջ չգրեն։ Երբ որ գրում են «տերտերը», տերտերը իրանց հորոխպոր տղեն ա՝ ով որ հեղինակն ա էդ հոդվածի։ Տենց էլ փոխանցեք։ ․․․Հոդված եք հրապարակել, որը վերաբերում ա ինձ, իմ դատավարությանը, իմ լուսանկարով ու գրել եք տերտեր։ Գրողի հորոխպոր տղեն ա տերտեր, իրա հերն ա տերտեր՝ իրա պապու ձեռը բռնած։ Հասկացա՞ր ինձ։ Ուրեմն փոխանցե՛ք։ Փոխանցեք, որ հեռացնեն էդ հոդվածը։
Քնար Խուդոյան․ – Տերտեր բառի մեջ վիրավորական բան կա՞։
Տերտեր․ – Այո, կա վիրավորական բան։
Քնար․ – Դուք վիրավորանքի համար եք դատվում ու շարունակում եք վիրավորել։
Տերտերի երկրպագու․ – Չի դատվում։ Դուք կդատվեք, բայց ինքը չի դատվի։ Էդ ո՞վ ա ձեզ թույլ տվել, որ իրան դատեք։
Քնար․ – Հիմա դատարանում որոշվում է դա։
Երկրպագու․ – Գնացեք Ամերիկա վառվեք, ոչ թե եկեք ստեղ։ Եկաք, Հայաստանը ավիրեցիք։
Ես․ – Ո՞վ եկավ։
Երկրպագու․ – Դուք՝ Եհովայի վկաները։
Այդ պահին լրագրողներին շրջապատող մարդիկ խտացան։ Ինչ-որ ջահելներ կռվի տոնով էին խոսում։ Մեկը ձեռքս բռնեց, Քրիստոսին հիշատակեցի՝ ամաչեցնելու համար։ Տերտերը ևս մեկ անգամ դիմեց լրագրողներին․ «․․․մարդ եք, փաղաքշականով ասեմ՝ մարդուկ․․․»։
Ես․ – Հիմա ես էլ նույն տրամաբանությամբ պատասխանեմ, ի՞նչ կլինի։
Լարվածությունը սկսեց թուլանալ, երկու մեքենաներով ոստիկաններ եկան։
Տերտերի մեկ այլ երկրպագու․ – Դուք հոդված եք գրել սուր։
Ես․ – Ի՞նչն ա սուր։
Երկրպագու․ – Պռավակատր բաներ մի արա։
Ես․ – Մի կպի ինձ։
Երկրպագու․ – Ես վաբշե քո հետ չեմ խոսացել։
Ես․ – Ոնց չես խոսել։
Ջահել․ – Կնոջից առանձին կլինես, կասեմ քեզ։
Գործով վճիռը կհրապարակվի փետրվարի վերջին։
ՀԱԵ քահանա Աշուրյանը 2017 թվականից ի վեր մոտենում է հանրային վայրերում քարոզ իրականացնող Եհավայի վկաներին, վիրավորում նրանց («ազգակործան», «սրբապիղծ», «առնետներ»), նկարում առանց թույլտվության և այդ տեսանյութերը տեղադրում սոցցանցերում՝ կոչ անելով այլոց հետևել իր օրինակին և «վռնդել սրանց մեր սրբազան երկրից»։ Դատարանում քահանան հիմա փորձում է ապացուցել, որ իր բառերում վիրավորանք չկա, իսկ առնետները «Աստծո արարածներ են»։
Եհովայի վկաների խոսքով, նիստերին նա ներկայանում է տերտերի շորերով, պահանջում իրեն դիմել «տեր հայր Աշուրյան» կամ «թագավոր Աշուրյան», տալիս դիվանաբանական հարցեր։ Եհովայի վկաների փաստաբանը միջնորդել է, որ հայցը քննվի ըստ էության, այսինքն՝ աստվածաբանական հարցերով զբաղվելու փոխարեն դատարանը քննի օրենքի խախտումը։ Դատավորը մերժել է։
Աշուրյանի ատելության արշավը մինչև հիմա էլ շարունակվում է։ Դատարանը հրաժարվում է քահանայի նոր տեսանյութերն ուսումնասիրել կամ արգելել դրանց տարածումը։ Ատելության շարունակվող քարոզը, ըստ տուժող կողմի, շատացրել է բռնությունները Եհովայի վկաների հանդեպ։
Յուրի Մ