Աղբյուրը՝ Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայություն:
Փաստաբանները և իրավապաշտպանները ներկայացրել են «Եհովայի վկաների» վնասվածքների հետազոտության արդյունքները։ Նրանք ձերբակալվել էին փետրվարի 15-ին ռուսական Սուռգուտ քաղաքում։ Համաձայն ձերբակալվածների հայտարարությունների՝ ոստիկանները նրանց խոշտանգել են՝ անհրաժեշտ ցուցմունքները կորզելու համար։ Փորձագետները հաստատել են, որ նրանք մարմնական վնասվածքներ ստացել են փետրվարի 15-16-ն ընկած ժամանակահատվածում։
«Եհովայի վկաները» մեղադրվում են մի կրոնական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ, որը 2017 թվականին Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից ճանաչել էր ծայրահեղական։
7 ձերբակալվածները հայտնել են, որ հարցաքննության ժամանակ իրենք հրաժարվել են իրենց և իրենց հավատակիցների դեմ ցուցմունք տալուց։ Հարցաքննվածների մեծ մասը զրկված է եղել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 51-րդ հոդվածից (Յուրաքանչյուրն իրավունք ունի ցուցմունք չտալ իր, իր ամուսնու և մերձավոր ազգականների դեմ) օգտվելու իրավունքից։ Նրանք, ովքեր այնուամենայնիվ պնդել են օգտվել այդ իրավունքից, խոշտանգվել, նվաստացվել և վիրավորանքների են ենթարկվել։ Հերթապահ փաստաբանի գնալուց հետո նրանց ձեռքերը կապել են մեջքի հետևում և ծեծել, մերկացրել են, ջուր են լցրել նրանց վրա և էլեկտրաշոկ կիրառել։
Մարտի 27-ին Քննչական կոմիտեն չի հաստատել Սուռգուտի ձերբակալվածների խոշտանգման փաստը: Բողոքի հիմա վրա ընթացակարգային քննություն էր նշանակվել, որից հետո ՔԿ-ն հայտարարել էր, որ նախքան խուզարկությունը կասկածյալներն ակտիվ դիմադրություն են ցույց տվել, որի պատճառով ստացել են «աննշան արյունազեղումներ և ոտքերի շրջանում քերծվածքներ»։ Իսկ մնացած վնասվածքները, այսինքն՝ այրվածքները, չէին կարող առաջանալ քննչական գործողությունների օրը, այլ ավելի ուշ են հայտնվել։ Խոշտանգումների մասին մեղադրանքը ՔԿ-ն անվանել էր «հետաքննության վրա ազդելու փորձ»։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում արտահոսք էր եղել, ըստ որի՝ քննչական խմբի անդամներն ասել են, որ ձերբակալվածները փաստաբանների ղեկավարությամբ են իրենք իրենց խոշտանգել։ Այս մասին պատմել է «Հանուն մարդու իրավունքների» համառուսական շարժման գործադիր տնօրեն Լև Պոնոմարևը.
«Նախ և առաջ դա ծիծաղելի է։ Բաստրիկինը (Քննչական կոմիտեի ղեկավարը-խմբ.) իրեն իրական հարվածի տակ է դնում, որովհետև արդեն ամեն ինչ ապացուցված է։ Եվ եթե նա կարգի չբերի իր ղեկավարության տակ գտնվող բաժինը, ապա պետք է պարոն Բաստրիկինի հրաժարականի հարցը դնել։ Կա՛մ նա գիտակցաբար աչք է փակում իր աշխատակիցների կատարած բռնությունների վրա, կա՛մ ընդհանրապես նրա հսկողությունից դուրս են մարզային ստորաբաժանումների գործողությունները»։
«Եհովայի վկաների» եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչ Յարոսլավ Սիվուլսկին կարծում է, որ հավատացյալ մարդիկ ոչ մի կերպ չէին կարող ոստիկաններին սուտ ցուցմունք տալ և խուզարկության ժամանակ դիմադրել.
«Մենք գիտենք, որ հավատացյալների մոտ այսպիսի մի հասկացություն կա, ինչպիսին մեղքն է։ Եվ սուտ մատնությունը ծանր մեղք է։ «Եհովայի վկաներին» քիչ թե շատ ճանաչողները հասկանում են, որ փաստաբանների հետ պայմանավորվածության մասին խոսակցությունները, որոնց մասին իրավապահներն ակնարկում են, ուղղակի անհնար է։ «Եհովայի վկաները» ոչ մի քաղաքում երբեք ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չեն տվել։ Նրանք բոլորը հետևում են աստվածաշնչյան օրենքներին՝ «չարին չարով չպատասխանել»։ Բացի դրանից՝ իրավապահ մարմինների գործողությունները նկարահանվել են, և ակնհայտ է, որ խուզարկվողներից ոչ մեկը դիմադրություն ցույց չի տվել»։
«Դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ն 6 ձերբակալվածների լուսանկարների, տեսանյութերի և բժշկական փաստաթղթերի հիման վրա համալիր բժշկական հետազոտություն է կատարել։ Լուսանկարներն արվել են փետրվարի 23-ին և, բոլոր դեպքերում, ըստ փորձագետների, վնասվածքները լուսանկարահանման օրվանից ոչ ավել է, քան 7-8 օրվա վաղեմություն ունեն։
Վյաչեսլավ Բորոնոսը ոտքերի կապտուկները լուսանկարահանված են։ Դրանք, ըստ փորձագետների, ստացել է փետրվարի 15-16-ը։ Ինչպես նաև մի քանի վնասվածք աջ սրունքին, որոնք բնորոշ են էլեկտրահարվածներին (ոչ պակաս, քան 3 անգամ էլեկտրաշոկ է կիրառվել)։
«Այն հանգամանքը, որ աջ սրունքի էլեկտրահարված կետերի շուրջ հայտանաբերվել է ենթամաշկային կետային արյունազեղումների լայն տարածք, թույլ է տալիս եզրակացնել, որ էլեկտրական հոսանքը կիրառվել է տևական ժամանակ, որը ոչ միայն տեղային ռեակցիա է առաջացրել, այլ տարածվել է՝ խախտելով արյան մատակարարումը ողջ օրգանիզմում», – ասված է եզրակացության մեջ։
Կիրիլ Սեվերինչիկովի նստատեղի ձախ հատվածում ախտորոշվել է 1-ինից 2-րդ կարգի էլեկտրական այրվածքներ, ինչպես նաև գլխի շրջանում բազմաթիվ մակերեսային վնասվածքներ։ Արտյոմ Կիմն ունեցել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում նաև մի շարք քերծվածքներ մեջքի հատվածում, որոնք նույնպես բնորոշ են էլեկտրահարմանը (ոչ պակաս, քան 12 անգամ էլեկտրական հոսանք է կիրառվել)։
Կիմի փաստաբանը պատմել է, որ ձերբակալվածին հարցաքննությունից հետո միայն հաջորդ օրն են ազատել, այսինքն՝ փետրվարի 16-ին։ Դրանից հետո Կիմը դիմել է շտապ օգնություն, որտեղ տեղեկանք է ստացել այն մասին, որ ունի գլխուղեղային փակ վնասվածք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի շրջանում վնասվածք և այլն։ Փաստաբանի կարծիքով՝ սա ապացուցում է, որ Կիմը չէր կարող ինքն իրեն այդ վնասվածքները հասցնել, ինչպես հաստատում է ՔԿ-ն։
Եղիազար Չերնիկովի փաստաբանը պատմել է՝ ինչ է եղել հավատացյալների հետ հարցաքննության ժամանակ.
«Խոշտանգումներն արել են այսպես կոչված «հեռավոր սենյակում»։ Մարդուն ծնկների վրա, ձեռքերը բարձրացրած կանգնացնում էին պատի մոտ, դրանից հետո գլուխներին պոլիէթիլենային տոպրակ էին մտցնում, որը ժապավենով կապում էին վզով մեկ՝ թթվածնի հոսքը սահմանափակելու համար։ Ձեռքերը կապում էին մեջքի հետևում, դրանից հետո մարդուն տապալում էին հատակին և ոտքերը նույնպես կապում։ Դրանից հետո նրանց ծեծում էին, ստորացնում և գոռգոռում ձերբակալվածների վրա։ Ես կարող եմ բառացի ցիտել իմ վստահորդների խոսքերը, թե ինչ են գոռացել ոստիկանները. «Դու քննիչին այսպիսի ցուցմունքներ կտաս։ Հասկացա՞ր։ Դու այլևս չես վկայակոչի 51-րդ հոդվածը։ Հասկացա՞ր»։ Մինչև հիմա որոշները չեն կարողանում դրանց մասին խոսել առանց արցունքների։ Նրանցից մեկն ասել է, որ ինքը տոպրակը ներս է շնչել և մտածել, որ կմահանա։ Այդ պահին նրա վրա ջուր են լցրել և էլեկտրահարել։ Այդ մարդիկ ցավից գալարվում էին։ Նրանք պատմում էին, որ էլեկտրահարման պահին կարծես թե մեջդ ամբողջովին խառնվում է։ Չնայած դրան՝ 3 աշխատակիցներ շարունակում են ծեծել և ստիպել տալ ինքնախոստովանական ցուցմունքներ։ Այս ամենն այնքան են շարունակել մինչև մարդիկ արդեն սկսել են վերջնականապես շնչահեղձ լինել։ Կարելի է ասել, որ այդ բոլոր դահիճները շատ լավ կազմակերպվել էին, խոշտանգման հարցում շատ լավ փորձ ունեին։ Հենց իրենք ասում էին. «Մենք այսպիսի ահաբեկիչների չէ, որ կոտրել ենք»։
«Եհովայի վկաների» հետապնդումներն առաջինը չեն պատմության մեջ։ Ռուսաստանում նրանք դեռ խորհրդային շրջանում են հետապնդվել, բայց 1999 թվականին ստուգման են ենթարկվել և գրանցվել։ Վաստակավոր փաստաբան Անատոլի Պչելինցևը պատմում է, որ ժամանակին եղել է Արդարադատության նախարարության փորձագիտական կոմիտեի անդամ, որը ստուգումներ էր անցկացնում այդ կրոնական կազմակերպության հետ կապված։
«Ես և փորձագիտական խմբի այլ անդամներ այցելել ենք կրոնական կազմակերպություններ, ուսումնասիրել ենք պատարագները, գրականությունը։ Եվ փորձագիտական խմբի անդամները եզրակացության են եկել, որ այդ օրինական կրոնական կազմակերպությունը, ոչ մի հասարակական վտանգ իրենից չի ներկայացնում»։
Պչելինցևի կարծիքով՝ «Եհովայի վկաների» հանդեպ հետապնդումներն այժմ կապված են իրավապահ մարմինների աշխատանքի առանձնահատկության հետ.
«Այսօր իրավապահ մարմինների որակը որոշվում է պաշտոնական ցուցանիշներով: Օրինակ՝ քանի դեպք է ուսումնասիրվել։ Իրավապահների աշխատանքների մեջ հատկապես գնահատվում է ահաբեկչական և ծայրահեղական հանցագործությունների հետաքննությունը։ Իսկ ո՞ւմ բռնել, եթե ոչ «Եհովայի վկաներին»։ Այդ պացիֆիստները, նրանք երբեք չեն դիմադրում։ Եվ նրանց հաշվին կարելի է վիճակագրություն անել։ Ահա այսպես էլ իրավապահներն արդարացնում են իրենց աշխատավարձը։ Ես ինքս նախկին քննիչ եմ, բայց նրանից ինչ հիմա տեղի է ունենում իրավապահ համակարգում, մազերս բիզ-բիզ է կանգնում։ Այսպես բան երբեք չի եղել։ Իմ կարծիքով՝ քննչական մարմնի աշխատակիցներն իրենց փողոցային, քաշած լակոտների պես են պահել»։
Դեռևս 2017 թվականին, երբ Գերագույն դատարանն արգելեց «Եհովայի վկաներ» կազմակերպությունը, փաստաբանները և իրավապաշտպանները փորձում էին դատարանին բացատրել, որ դա կհանգեցնի հավատացյալների դեմ բռնաճնշումների։ Նրանք դատարանին զգուշացրել էին, որ շուտով երկրում կհայտնվի 170 հազար խղճի գերի։
«Այնուամենայնիվ, դատարանը որոշել է լուծարել կազմակերպությունը՝ որպես իրավաբանական միություն։ Եվ այսօր այդ որոշման հիման վրա հետապնդում են հասարակ հավատացյալներին։ Բոլորի փաստաթղթերում էլ նույն ձևակերպում է. դատարանն արգելել է իրավաբանական անձի գոյությունը, բայց դուք շարունակում եք միասին Աստվածաշունչ կարդալ։ Դրանով դուք «շարունակում եք կառավարման կենտրոնի գործունեությունը»», -ասել է փաստաբան Վիկտոր Ժենկովը։
Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության արգելումից հետո ողջ Ռուսաստանում արդեն 400 խուզարկություն է կատարվել, 70 քրեական գործ հարուցվել, 169 հավատացյալներ հայտնվել են մեղադրյալի կամ կասկածյալի վիճակում։ Այդ երկու տարվա ընթացքում 82 մարդ կալանքի տակ են եղել, նրանցից 27-ը մինչև հիմա մեկուսարանում է, 28-ը՝ տնային կալանքի տակ, 60-ը՝ ստորագրություն է տվել չհեռանալու մասին։ Կրոնական հետապնդումներն ընդգրկել են Ռուսաստնի Դաշնության 36 շրջանները։