Անցած շաբաթավերջին ոստիկանությունը ռեյդեր է արել Դաշնակցության գրասենյակներում։ Քննչական կոմիտեն գաղտալսումներ է հրապարակել, որոնք, ըստ քննիչների, ապացուցում են, որ դաշնակցական ակտիվը մարդկանց փող է տվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի միտինգներին մասնակցելու համար։ Կան կալանավորվածներ։
«Ֆեյսբուք սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ։
Ձայնագրությունների մեջ անձինք խոսում են այդ ակցիաներին կազմակերպված ձևով մարդկանց մասնակցությունն ապահովելու, այդ նպատակով տրանսպորտային միջոցներ տրամադրելու, «մարդաքանակի» ապահովման համար գումարներ՝ «գլխարկներ» հատկացնելու, հավաքներին մարդկանց մասնակցության ապահովման համար կուսակցության կողմից ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնելու, ՀՀ Ազգային ժողովի «վրա» գնալու, վերջին կռիվը տալու, ինչպես նաև՝ հավաքներին մարդկանց մասնակցության համար հատկացված միջոցների սակավության, դրա շուրջ առաջացած տարաձայնությունների մասին», – գրել է Քննչական կոմիտեն։
Ձայնագրություններից 3-ն ավելի վաղ հրապարակվել են Քննչականի յութուբի էջում։
Դրանցից մեկում, ըստ քննիչների, դաշնակցական Գերասիմ Վարդանյանի ձայնն է լսվում։ Վարդանյանն ակտիվ դաշնակցական է՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը, որը հրաժարվել էր մանդատից՝ պատգամավորի պորտֆելն ի վերջո զիջելով Քոչարյանի կրտսեր որդի Լևոնին։ Պատերազմից առաջ Գերասիմը համակարգում էր ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի՝ հանուն հայոց լեզվի դասադուլը, ներգրավված էր ավանդական ընատնեկան արժեքների պաշտպանության արշավներում, պատերազմից հետո մասնակցում էր 16+ կուսակցությունների փրկության շարժմանը և արտահերթ ընտրություններին։ Բագրատ արքեպիսկոպոսի շարժման ակտիվ անդամներից է։
Իրավապահները պնդում են, որ գաղտնալսված ձայնագրությունում նա ինչ-որ տղամարդու հանձնարարում է ցույցերին մասնակցելու համար 5-ից 15 հազար դրամ տալ ոմն Սուրիկին ու այլ անձանց։ Վարդանյանը շաբաթ օրը ձերբակալվածներից մեկն է։ Քրեական գործը նա շինծու է համարում։
«Նախաքննության շրջանակներում պարզվել է, որ [հրապարակված] ձայնագրություններում լսվող խոսակցությունները տեղի են ունեցել 2024թ. մայիսի 25-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ կայացած հանդիպումների, այդ թվում նաև՝ Վայքի ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած ՀՅԴ ԳՄ անդամի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։
Պարզվել են խոսակցությունները վարող, դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, ովքեր ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաև՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ», – գրել է Քննչականը։
11 անձի են ձերբակալել, նրանցից 10-ին մեղադրանք է ներկայացվել։ 3-ը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը), 7-ը՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)։
Մեղադրյալներից 3-ը, այդ թվում Գերասիմ Վարդանյանը, կալանավորվել են, ևս 3-ի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Մյուս 4-ը մեղադրյալներն ազատ են արձակվել չբացակայելու ստորագրության դիմաց։
Գործի շրջանակներում Վայոց Ձորի մարզի շուրջ 2 տասնյակ հասցեներում կատարվել են խուզարկություններ։
Ուրբաթ երեկոյան Դաշնակցությունը ահազանգել է, որ ուժայինները մտել են կուսակցության Եղեգնաձորի և Վայքի գրասենյակներ, բերման ենթարկել կուսակցականներին ու համակիրներին՝ առնվազն 10 հոգու։ Դաշնակները Քննիչների գործողությունները քաղաքական հետապնդում են որակել։
Ցույցերին փողով մարդ բերելու մասին հունիսի 12-ին խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նույն օրը ընդդիմությունը փորձել էր շրջափակել Ազգային ժողովի շենքը, Բաղրամյանի վրա բախումներ էին սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։
Բախումներից հետո ևս 12 քրեական գործ է հարուցվել, ըստ Քննչական կոմիտեի՝ զանգվածային անկարգությունների ու խուլիգանության մեղադրանքներով 8 մարդ կալանավորվել է, 2-ը տնային կալանքի տակ են, 1-ի նկատմամբ կիրառվել է երկրից բացակայելու արգելքը: