Մեկուկես ամիս առաջ կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավոր դարձավ։ Նախկին նախագահ Ռոբետ Քոչարյանի որդու փաստաբանները պնդում են, որ մանդատը ստանալուց անմիջապես հետո նա պետք է ազատ արձակվի։ Վկայակոչվում է քրեական հետապնդման ենթարկված այլ պատգամավորների հարցով Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումը։
Լևոն Քոչարյանին անձեռնմխելիությամբ օժտելու համար 10 օր առաջ մանդատը վայր էր դրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը։ Հետո ինքնաբացարկ էին ներկայացրել պատգամավորի թեկնածուներ՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանը, PARA TV-ի նախկին պրոդյուսեր Անժելա Նալբանդյանը և դաշնակ Գերասիմ Վարդանյանը:
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում հաջորդը նրա որդի Լևոն էր։ Այսօր նա պատգամավոր դարձավ։
Նրան նախորդող երեք թեկնածուները մանդատից միաժամանակ հրաժարվելու բացատրությունները հրապարակել էին Ֆեյսբուքում։ Հոգեբան Մադաթյանը հայտարարել էր, թե կշարունակի հոգեբանությամբ զբաղվել (թե ինչպես՝ կարդալ այստեղ), նախկին պատգամավոր, նախկին մարզպետ, նախկին հանքահան, միլիոնատեր Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանի» մամուլի քարտուղար Անժելա Նալբանդյանը նշել էր, թե իր ներկայացրած կուսակցությունը դեռևս նոյեմբերին որոշել էր լքել խորհրդարանը, Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանն էլ ակնրակել էր՝ մանդատից հրաժարվում է որպես «մարտավարական դիրքավորում»։
Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, նա մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Մեղադրանքը կրտսեր Քոչարյանը չի ընդունում և հայտարարում է, որ ինքն է ոստիկանական բռնության զոհ դարձել։
Եթե նա ազատ արձակվի, գլխավոր դատախազը կարող է դիմել Ազգային ժողով՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու և նորից կալանավորելու միջորդությամբ։