Ադրբեջանում «Թերթերի գործով» (Թերթեր՝ նախկին Միր֊Բաշիրի շրջան) սպանված կամ ձերբակալված զինվորականների հարազատներն այսօր բողոքի ցույց են իրականացրել Բարդայում՝ Պաշտպանության նախարարության զորամասի դիմաց։ Ակցիայի մասնակիցները սպանվածների ու ազատազրկվածների նկարներով շապիկներով էին, պահանջում էին վերանայել գործերն ու ազատ արձակել դատապարտյալներին։
«Ես երկու ապագա զինվոր եմ դաստիարակում, ի՞նչ պետք է ասեմ նրանց։ Արդեն սկսել են ասել, որ իրենք կգտնեն իրենց հայրերին սպանողներին։ Մենք արդար հետաքննություն ենք պահանջում», – «Տուրան» տեղեկատվական գործակալության հետ զրույցում ասել էր ցույցի մասնակիցներից մեկը։
Իրենց հարազատների մահվան մեջ հավաքվածները մեղադրում են միավորման հրամանատար Խիկմետ Հասանովին։ Նրանք պահանջում են աշխատանքից ազատել պատասխանատու պաշտոնատար անձանց և քրեական պատասխանատվության ենթարկել։
Սպաներից մեկը ակցիայի մասնակիցների հետ հանդիպման դուրս եկավ և ասաց, որ շուտով ցուցարարներին իր մոտ կընդունի զորամասի հրամանատարը։ Հավաքվածները խոստումներին չհավատացին։
Ակցիայի վայրում ոստիկանական ուժեր էին հավաքվել։ Ցուցարարներից ոմանք սկսեցին վատ զգալ, ինչից հետո հավաքվածները սկսեցին ցրվել։
2017 թվականի մայիսի 7-ին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունն ու Ներքին գործերի նախարարությունը համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որում ասվում էր, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ է ձերբակալվել՝ «Հայաստանի համար լրտեսություն անելու մեղադրանքով»։
Մայիսի 3-ին Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ էր հարուցել 274 հոդվածով (պետական դավաճանություն)։ Վերևում նշված գերատեսչությունների ներկայացուցիչներից համատեղ հետաքննական խումբ էր ձևավորվել։
Ձերբակալվածները դատապարտվեցին ազատազրկման՝ տարբեր ժամկետներով։ Շուտով պարզ դարձավ, որ քննության ընթացքում ձերբակալվածներից առնվազն 8-ը կտտանքների արդյունքում սպանվել են։ Ավելի ուշ սպանվածներից 4-ը հետմահու անմեղ ճանաչվեցին, իսկ նրանց վրա գործ բարդած քննիչները դատապարտվեցին մինչև 7 տարի ազատազրկման։