Ադրբեջանի ազգային հերոսի սխրանքը հարցականի տակ դնելու համար հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Նարմին Շահմարզադեն դատապարտվեց 400 ժամ ուղղիչ աշխատանքների։
Jam-news.net-ի փոխանցմամբ, 2018 թվականի դեկտեմբերին ֆեյսբուքի իր էջում տեղադրված գրառմամբ ուսանողուհին անդրադարձել է հետմահու հերոսի կոչում ստացած Մուբարիզ Իբրահիմովի մահվան հանգամանքներին և կասկածի տակ դրել նրա հերոսությունը, ինչը հանրային մեծ զայրույթ է առաջացրել։ Կնոջը սկսել են հալածել, սպառնալ, պահանջել նրան քրեական պատասխանատվության ենթարկել։ Մուբարիզ Իբրահիմովի մոր ներկայացրած բողոքն ընդունվել է և հասել դատարան։ Ուսանողուհու բողոքարկումները մերժվել են։
Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող Մուբարիզ Իբրահիմովը զոհվել է 2010 թվականի հունիսին՝ Ադրբեջանի Տերտերի (Մարտակերտի) շրջանի սահմանագծին։ Նրա մահվան հանգամանքները մինչ օրես բացահայտված չեն։
Ադրբեջանական վարկածի համաձայն, Իբրահիմովը զոհվել է մարտական պայմաններում՝ դիմակայելով հայկական կողմի հարձակմանը։
Ըստ հայկական վարկածի, Իբրահիմովը հատել է սահմանը, դիվերսիոն ներթափանցման փորձ կատարել, որի արդյունքում մի քանի հայ զինվոր է զոհվել։
Իբրահիմովը հետմահու արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման։
2018 թվականի դեկտեմբերի 5-ին ֆեյսբուքի իր էջում Բաքվի պետական համալսարանի ուսանողուհի, վիդեո-բլոգեր Նարմին Շահմարզադեն գրել է․
«․․․Բայց մարտից դուրս մարդ սպանելը, երբ հայրենիքիդ, հարազատներիդ կամ սեփական կյանքիդ վտանգ չի սպառնում, իմ կարծիքով, դաժանություն է։ Գուցե սպանված հայը այդ ամենից հետո էր ծնվել, ոչ մի բանում ոչ մի կաթիլ մեղք չի ունեցել, և լինելով սահմանին՝ վախ է ապրել և հաշվել տուն վերադառնալուն մնացած օրերը։․․․ Բայց ահա, նրան սպանել են՝ մեղադրելով մի բանում, որ նա չի արել։ Ավելին՝ եթե Մուբարիզը ողջ մնար և ետ վերադառնար, նրա նկատմամբ, ամենայն հավանականությամբ, քրեական գործ կհարուցվեր ռազմական հանցագործություն կատարելու համար։ Որովհետև նա առանց հրամանի սահման էր հատել։ Իրականում մարդն, ում մենք հերոս ենք անվանում, վտանգել էր պետական քաղաքականությունը»։
Ավելի ուշ Նարմինը սոցցանցերի միջոցով ներողություն էր խնդրել Մուբարիզ Իբրահիմովի ծնողներից։
Սկզբում Շահմարզադեին մեղադրում էին զրպարտության մեջ։ Զրպարտության հոդվածով դատարանը արդարացրեց նրան և դատապարտեց 400 ժամ ուղղիչ աշխատանքների՝ վիրավորանքի համար։ Կանանց պարագայում, ուղղիչ աշխատանքների տակ Ադրբեջանում հասկացվում է փողոցների մաքրումը։