հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Ոստիկանի սպանության համար ձերբակալվածին խոշտանգում են

Ոստիկանի սպանության համար ձերբակալվածին խոշտանգում են

Արմավիրում ոստիկանի սպանած Մանուկ Մարգարյանը դաժան խոշտանգումների է ենթարկվել ձերբակալվելուց հետո։ Հարազատների խոսքով, ոստիկանները վրեժ են լուծում նրանից՝ առանց սպասելու դատարանի վճռին և օրինական պատժին։

Մարգարյանի բարեկամները Epress.am-ին են դիմել, քանի որ պաշտոնական հաղորդագրությունները աղճատում են իրականությունը․ Մանուկը ներկայացվում է որպես սերիական հանցագործ, ում հանդեպ անմարդկային կկտանքները թույլատրելի են։

Տղամարդիկ խուսափում էին տեսախցիկից․ ուժայինները արդեն սպառնացել են նրանց, բարեկամներից մեկին նաև ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկանները։

Հարազատների խոսքով՝ Մանուկը չի հայտնաբերվել ՆԳՆ «անհետաձգելի միջոցառումների արդյունքում», այլ ինքնակամ է վերադարձել տուն, լողացել, հագնվել ու հանձնվել (դրա մասին է վկայում նաև դիմացի տան տեսախցիկի նկարած վիդեոն)։ Նրա ունեցած զենքի մասին Ոստիկանությունն իմացել է ոչ թե սեպտեմբերի 7-ի «օպերատիվ տվյալներով», այլ շատ վաղուց։ Մանուկն ավտոմատը բերել է 44-օրյա պատերազմից։ Անընդհատ նրանից կաշառք պահանջելով՝ թողել են զենքը ու չեն առգրավել։ Տեղի ոստիկանները նաև իմացել են, որ այգեպանն իր այգում կանեփ է աճացնում։ Աչք են փակում կաշառքի դիմաց։

«Գալիս էին աշնան բերքահավաքին [Մանուկը նեկտարինի այգի էր մշակում], սնանկացնում էին։ Աշխատել են՝ տվել են մենթերին։ Գումարներն առնում էին՝ բաց էին թողնում։ 15 օր առաջ հողում աշխատելուց են եղել, եկել տեսել են, որ կանեփ կա։ Գումարը դրել ա ջեբը՝ գնացել են», – Epress.am-ին պատմել է հորաքույր Լալան։

Ըստ նրա՝ ոստիկանները ռեյդ են արել նաև Մանուկի հարազատների տներում։ Հորեղբոր տուն ներխուժելուց՝ հարվածել են ծեր կնոջը ավտոմատի կոթով։

«Մանուկի հեռախոսը տանում են, համարներով ինչքան ընկերություն ունի, սաղին տանում են ոստիկանություն, ծեծում են։ Էդ իրավունքը ո՞վ է տվել։ Գալիս են տուն՝ խուզարկության, առանց վկաների։ Ամբողջ տունը քանդում են։ Էդքան արտոնություն ո՞վ է տվել իրանց։ Եթե պագոններով են, ուրեմն մարդ են։ Մենք մարդ չե՞նք»։

Ոստիկանները «ընկել էին» Մանուկի հետևից վերջին երկու տարում։ Նա հաճախ էր դաշտում գիշերում կամ գնում հորաքրոջ տուն։ Ապրում էր վախի մեջ, ասում էր, որ իրեն հետևում են։ Սկզբից Լալան չէր հավատում, մտածում էր՝ հոգեկան շեղում ունի։ Հետո անձամբ է տեսել, որ ոստիկանների մեքենան հետևում է նրան։

«Բռնել ես, հերն անիծա։ Ինչի՞ ես բաց թողնում։ Մի քանի ամիս անցնում ա՝ գալիս ա։ Ե՛վ կանեփն ա տանում, ե՛վ փողը։ Սենց օրենք ա լինո՞ւմ։ Մեկը մեկին սպանում ա։ Մեկը մեկի տունը գողություն ա անում, միլիցեքը ծածկադմփոց են անում։ Մենք օրենք չունենք, մեր օրենքը տապալվել է, սաղ շահի դար ա..․ Փողի դար ա»։