Փաստաբան Կարեն Ալավերդյանի խոսքով՝ իրեն մեղադրանք են առաջադրել զուտ նրա համար, որ բաժանքմունքում փորձել է օգնել պաշտպանյալին, որին այդ պահին ծեծում էին ոստիկաններն ու պարեկները։ Ադրյունքում ինքն էլ է բռնության ենթարկվել, իսկ վերջում՝ հայտնվել մեղադրյալի աթոռին։
«Առանց որևէ իրավական հիմքի իմ նկատմամբ իրականացվել է անհարկի ֆիզիկական ուժի գործադրում, ձերբակալվել եմ, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ», – հունիսի 13-ին հրավիրված ասուլիսին պատմել է փաստաբանը։
Կարեն Ալավերդյանին մեղադրանք են առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը խոչընդոտելու համար։ Խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը։
Իրավապահները այժմ հայտարարում են, թե ուսումնասիրում են ոստիկանների գործողությունների օրինականությունը։ Մանրամասներ չի հաղորդվում, քանի որ «ծառայողական քննություն է ընթանում»։
Սա առաջին դեպքը չէ, երբ փաստաբանների պալատի անդամները ահազանգում են ոստիկանական բաժանմունքում բռնության ենթարկվելու մասին։ Այս տարվա փետրվարին փաստաբաններ Էմմանուել Անանյանը ու Մարզպետ Ավագյանը հայտարարել էին, որ էրեբունու բաժանմունքում ոստիկանները ծեծել են իրենց․ նրանք բաժին էին գնացել ձերբակալված և ոստիկանների կողմից բռնության ենթարկված անչափահասներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար։
Փաստաբան Ալավերդյանը խոսքով՝ անցած շաբաթ դատարանում միջադեպ է եղել իր պաշտպանյալի և նրա ընկերոջ միջև։ Ոստիկաններն իր պաշտպանյալին են մոտոցել, երբ իրավիճակն արդեն հարթված էր, և առանց հիմքեր ներկայացնելու նրան բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Փաստաբանը գնացել է նրանց հետևից։
«Բացեցի աշխատասենյակի դուռը և հայտնաբերեցի պաշտպանյալիս՝ ձեռնաշղթաները հետևից ամրացված, բերանի վրա գետնին ընկած, և ոստիկանության 5-6 ծառայողներ միաժամանակ հարվածներ են հասցնում նրա գլխի, մարմնի տարբեր հատվածներին», – պատմել է փաստաբանը։
Ոստիկանները պահանջել են, որ փաստաբանը հեռանա բաժնից, նա էլ հրաժարվել է։ Ի վերջո՝ նրան էլ են ծեծել և ձերբակալել։
Ծեծի ժամանակ պարեկներից ոչ մեկի վրա տեսախցիկ չի եղել՝ հավելել է փաստաբանը։ Իր հարցին էլ, թե ուր են հագուստին ամրակցվող սարքերը, խոշտանգման մասնակիցները պատասխանել են, թե դրանք լիցքավորվում են։
Փաստաբանների պալատի նախագահը պնդում է՝ ոստիկանները իրավունք չունեին փաստաբանին արգելել գտնվել այն տարածքում, որտեղ նրա պաշտպանյալն է, իրավունք չունեին նույնիսկ խուզարկել նրան, առավել ևս՝ բռնություն և հատուկ միջոցներ կիրառել նրա նկատմամբ։ «Փաստաբանը ծեծի է ենթարկվել իր մասնագիտական գործունեության համա՛ր», – շեշտում են նրա գործընկերները։
«Որպեսզի պատկերացնենք ստեղծված իրավիճակը, մտովի մտնենք ոստիկանության բաժանմունքի այն սենյակ, որտեղ փաստաբանի վստահորդը ձեռնաշղթաներով է՝ ձեռքերը մեջքին, որովայնի վրա պառկած գետնին։ ․․․Ծեծի իրավիճակ է, ի՞նչ պետք է աներ փաստաբան պարոն Ալավերդյանը։ Կարող էր չտեսնելու տալ, դուրս գար սենյակից, հետո հետ գար ու իր ծեծված վստահորդին իրավական օգնություն ցույց տար։ Բայց պարոն Ալավերդյանը միջամտել է, արդյունքում իրեն էլ են ծեծել։
Ծեծել են փաստաբանին, խուզարկել են, որը օրենքով արգելված է, ձեռնաշղթա են կիրառել նրա նկատմամբ ու արցունքաբեր գազ, ընդ որում՝ ձեռնաշղթա հագցնելուց հետո», – ասել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչ Արա Զոհրաբյանը։
Հետագա զարգացումները՝ պաշտպանի ձերբակալությունը, առաջադրված մեղադրանքը, ըստ նրանց, տեղի ունեցածը կոծկելու ոստիկանական փորձ են։
«Պատկերացնո՞ւմ եք՝ փաստաբանը գնացել է, ոստիկանությունում խմբակային խուլիգանություն է կատարում։ Ո՞ր են ապացույցները։ Ի՞նչն էր խանգարում՝ մի հատ տեսախցիկ միացնեիք, նկարեիք փաստաբանի «խուլիգանությունը», այսօր մտցնեիք մեր աչքը», – հարցրել է Զոհրաբյանը։
Կարեն Ալավերդյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, քրեական գործ է հարուցվել ՔՕ 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից կատարված խոշտանգմանը։
Փետրվարին Էրեբունու բաժնում փաստաբաններին ծեծի ենթարկած օպերլիազորները ազատվել էին աշխատանքից։ Այս պարագայում Ալավերդյանի գործընկերները արդեն խիստ պատիժ են պահանջում։