Թարմացում — Փաստաբանների և ոստիկանների մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քննչական կոմիտե փաստաբանի կողմից ստացվել է հաղորդում՝ 2023 թվականի փետրվարի 9-ին քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, իր և գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։
Միևնույն ժամանակ նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը:
Նշված հաղորդումների առթիվ՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով` փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելը), ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) նախաքձեռնվել է քրեական վարույթ:
Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հայտնում է ՔԿ մամուլի քարտուղարը։
Փետրվարի 9-ին Ոստիկանության Էրեբունու բաժնում ոստիկանները ծեծել են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող երկու փաստաբանի։ Փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը բաժին էին գնացել, ձերբակալված և ըստ տեղեկությունների, ոստիկանների կողմից բռնության ենթարկված անչափահասներին, իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար։
Գերատեսչություններից, դեպքի առնչությամբ, արձագանքել է միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում՝ հարցաքննության ընթացքում, որին մասնակցել են փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, անչափահաս վկան ցուցմունքներ է տվել իր հետ առերեսվող օպերլիազորի հետ, թե ոստիկանները ինչպես են նախորդ օրը, բիրտ ուժի կիրառմամբ, իրենց բերման ենթարկել բաժին: Այդ թվում՝ գլուխը ինչ-որ շորով ծածկել են, մի քանի հոգով ծեծի ենթարկել, գետնին պառկացրել, ոտքերը դրել իրենց վրա:
«Lարվածություն է կուտակվել ոստիկանների մոտ, ովքեր որ կանգնած են եղել քննիչի սենյակի մուտքի մոտ։ Իսկ առերեսվող վկա օպերլիազորը, ընկալելով, որ անչափահասը ցուցմունքներ է տալիս նաև իր գործողությունների վերաբերյալ և փաստաբանն էլ, իր հերթին, հանգամանքների պարզաբանման համար հարցադրումներ է իրեն ուղղում, սկսել է լարվել, վիրավորել փաստաբանին, հետո արդեն հարձակվել ու բռնություն են գործադրել փաստաբանների վրա», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է բռնության ենթարկված փաստաբանների շահերը ներկայացնող Հրանտ Անանյանը։
16-17 տարեկան երիտասարդներին, ըստ Անանյանի, ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատողները բերման են ենթարկել՝ խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Այն ոստիկանները, ովքեր փաստաբանների նկատմամբ բռնություն են գործադրել, անչափահասների հետ դեպքի մասնակից ու տուժող ճանաչված ոստիկաններն են, համոզված է Անանյանը։
«Երեկ ենք հաղորդում ներկայացրել դեպքի կապակցությամբ, բայց վարույթ նախաձեռնելու արձանագրություն դեռ չենք ստացել։ Կոնկրետ իրավասու իրավապահ մարմինները, ովքեր էդ հարցով քննություն են իրականացնելու, պետք է արագ արձագանքեն, որպեսզի ապացույցների ձեռքբերման գործընթացը արդյունավետ լինի և ապացույցների արժեզրկում տեղի չունենա», – ասել է փաստաբանը։
Այն հարցին, թե արդյոք ոստիկանական բաժանմունքի տեսախցիկները ֆիքսել են անչափահասների և փաստաբանների նկատմամբ կիրառված բռնությունը, Անանյանը պատասխանել է, որ բաժանմունքի տեսախցիկների պարունակությանը իրենք հասանելիություն չունեն, բայց վարույթի շրջանակներում համապատասխան քննիչը պետք է վերցնի դրանք։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, իր հերթին, հայտարարություն է տարածել՝ դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում և խոստանալով հետևողական լինել գործի արդյունավետ քննության իրականացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկեու հարցում։
«Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով», – ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից և իրավապահ համակարգի այլ գերատեսչություններից դեռևս որևէ արձագանք չկա։