Ոստիկանության նախկին գնդապետ Դանիել Դանիելյանը «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի Կոմիտասի մասնաճյուղից 500 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու, բանկի անվտանգության աշխատակիցներից մեկին սպանելու և մեկ այլ աշխատակցի էլ վիրավորելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, որոշել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։
Ըստ Դատախազության՝ 2018 թվականի մայիսի 3-ին Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման կենտրոնի նախկին պետ Դանիել Դանիելյանն «Էյչ-Էս-Բի-Սի» բանկից 500 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու նպատակով կատարել էր ավազակային հարձակում, որի հետևանքով սպանել էր «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդին: Անվտանգության մեկ այլ աշխատակից ստացել էր հրազենային վիրավորում:
Դատախազը 2024 թվականի մարտի 5-ին իր ճառով միջնորդել էր Դանիել Դանիելյանին մեղավոր ճանաչել առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարած ավազակության, այլ հանցանքը թաքցնելու և դրա կատարումը հեշտացնելու նպատակով ծառայողական գործունեության կատարման մեջ գտնվող երկու անձանց նկատմամբ շահադիտական դրդումներով սպանության, սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար և մեղադրյալի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը:
Հայաստանյան բանտերում նման պատիժ կրող 104 մարդ կա։ Նրանց մեծ մասն այդ կարգավիճակը ստացել են 2003 թվականի՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրից հետո, երբ մահապատժի դատապարտվածների պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։
Քրեական օրենսգիրքը ցմահ պատիժ է նախատեսում առանձնակի դաժանությամբ սպանության, պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ ահաբեկչական գործողության, միջազգային ահաբեկչության, մարդկության անվտայգության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության դեպքերով:
Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պահվում են այլ ազատազրկված անձանցից առանձին՝ խիստ ռեժիմի բանտերում։ Իսկ վաղաժամկետ ազատման համար նրանք կարող են դիմել միայն պատիժը կրելուց 20 տարի հետո։
«Ցմահների մասով իրավիճակն անհույս է։ այս վերջին 6 տարիների ընթացքում ընդամենը 4 հոգու են վաղաժամկետ ազատել։ Մարդ կա՝ նստած է իր արածների համար, մարդ կա՝ չարածների, բայց 27-28 տարի պատիժ կրելուց հետո էլ ռեժիմի փոփոխության հույս չկա։ Դատախազությունը թույլ չի տալիս, որ նույնիսկ պահման պայմանները մեղմացնեն։ 27 տարվա դատապարտյալ է, բանտում արդեն ծերացած, ֆիզիկապես չի էլ կարող որևէ մեկին վնաս տալ», – Epress.am-ին պատմել է նախկին դատապարտյալ Ա․Ս․-ն։