Արմավիրի բանտի երեք պահակները մեղադրվում են «պաշտոնեական անփութության մեջ»։ Ըստ մեղադրանքի, նրանք չեն նկատել, որ դատապարտյալներից մեկը պարբերաբար բռնության է ենթարկում խցակցին։ Հերթական ծեծը 2022 թվականի հոկտեմբերի 13-ի գիշերն ավարտվել է սպանությամբ․ կալանավորին տանջամահ են արել։
Գրեթե երկու տարի անց Դատախազությունը զեկուցել է՝ դատարան է հանձնել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը:
«․․․ պաշտոնատար անձինք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել քրեակատարողական հիմնարկի խցում պահվող անձանց նկատմամբ. արդյունքում չի բացահայտվել քրեակատարողական հիմնարկում պահվող անձի՝ խցակցի կողմից պարբերաբար բռնության ենթարկվելու դեպքը, ինչի հետևանքով 2022 թվականի հոկտեմբերի 13-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում հայտնաբերվել է կալանավորված անձ Ա.Յ.-ի դին: Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Յ.-ի հետ նույն խցում պահվող Ա.Հ.-ն պարբերաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով Ա.Յ.-ի կյանքի համար վտանգավոր այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնք հանգեցրել են վերջինիս մահվան», – գրել է դատախազությունը։
Սպանության օրը հերթապահող անվտանգության աշխատակիցները՝ Ա.Խ.-ն, Խ.Խ.-ն և Մ.Զ.-ն, ըստ հաղորդագրության՝ պարտավոր էին վերահսկել խցերում պահվող անձանց վարքագիծը, երրորդ աստիճանի տագնապ հայտարարել, այդ մասին զեկուցել մասնաշենքի ավագին․ «Նրանք պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացրել են կալանավորված անձի՝ Ա.Յ.-ի մահը (դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության, ինչպես նաև դատաբժշկական փորձագետի ցուցմունքի համաձայն՝ Ա.Յ.-ի մահվան հետ ուղղակի պատճառական կապի մեջ գտնվող մարմնական վնասվածքները պատճառվել են նրա կենդանության օրոք և ունեցել են մահվանից րոպեների և ժամերի վաղեմություն)»:
2024-ի հուլիսի 22-ին նրանց մեղադրանք է առաջադրվել (ՔO 446-րդ հոդվածի 2-րդ մաս՝ պաշտոնեական անփութություն): Քննիչի որոշմամբ մեղադրյալներ Ա.Խ.-ի և Խ.Խ.-ի նկատմամբ կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը: Հսկող դատախազի՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ նրանց պաշտոնավարումը կասեցվել է։ Մեղադրյալ Մ.Զ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա մասով քրեական վարույթն անջատվել է։
Անցած տարի Քննչական կոմիտեն ամփոփել էր հաղորդագրությունում հիշատակված սպանության նախաքննությունը։ Հայտարարվել էր, թե կալանավոր Ա․Հ․-ն տևական ժամանակ ծեծի է ենթարկել խցակցին, որը մեղադրվում էր սեփական հորը սպանելու մեջ։ Պաշտոնական վարկածի համաձայն, Ա․Հ․-ն չի ուզեցել միևնույն խցում մնալ սեփական «հորը սպանելու համար մեղադրվող» և «խցում ընդունված վարվելակերպի կանոններին չհետևող անձի» հետ, ուլտիմատում է դրել, որ նա տեղափոխվի այլ խուց, ու քանի որ տեղափոխությունը չի կայացել՝ սկսել է նրան պատժել․
«2022 թվականի հոկտեմբերին վերոհիշյալ կալանավորը պարբերաբար ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Յ.-ի մարմնի տարբեր մասերին, կապել նրա ոտքերը, սեղմել պարանոցը, սուր եզր ունեցող, քննությամբ չպարզված առարկայով կամ գործիքով հասցրել կտրվածքներ», «դատաբժշկական փորձաքնության եզրակացության համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել տրավմատիկ-հեմոռագիկ, պլևրոպուլոնալ շոկից՝ կրծքավանդակի փակ բութ վնասվածքներ ստանալու հետևանքով, որոնք էլ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ մահվան հետ»:
Ա․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել սպանության, առողջությանը ծանր վնաս, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար, անցած տարվա դեկտեմբերի 22-ին գործն ուղարկվել է դատարան։