«Սամվել Վարդանյանի և մյուսների նկատմամբ խոշտանգումներն ինձ ավելի շատ են ցավեցնում, քան հենց իմ նկատմամբ խոշտանգումները՝ նախկին իշխանությունների օրոք, քանի որ հիմա մարդկանց խոշտանգում են իմ անունից»․ Վարդգես Գասպարին բողոքի ցույց է արել մոտ մեկ տարի առաջ ոստիկանական մեքենայի մոտ խոշտանգված հակաՔՊական ակտիվիստ Սամվել Վարդանյանի դատական նիստին։
Նիստի մեկնարկին Գասպարին պառկել է դահլիճի մեջտեղում։ Դատավոր Դավիթ Արղամանյանի հրահանգով կարգադրիչները նրան դուրս են բերել շենքից։ Ակցիան շարունակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրի բակում։
«Այդ զանցանքի [պատգամավորին վիրավորելու] համար [Սամվել Վարդանյանին] դատում են արդեն մոտ մեկ տարի, իսկ նրա նկատմամբ խոշտանգումները դեռ քննվում են։ Սա ծաղր է իմ նկատմամբ, որ ամբողջ կյանքում պայքարել եմ օրինակության համար և ընդդեմ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ Նախկին իշխանության օրոք ես պայքարում էի իշխանության դեմ, բայց հիմա ի՛մ իշխանությունն է և ի՛մ անունից իրենք խոշտանգում են կատարում», – նշել է Գասպարին։
2024-ի ապրիլին Սամվել Վարդանյանը, որը հայտնի է հակաՔՊական ակցիաներով (պաշտոնյաների է բռնացնում հանրային վայրերում և հայրենասիրական վիրավորանքներ տալիս), ավտոբուսում հանդիպել էր 69-ամյա պատգամավոր Հակոբ Ասլանյանին, սեփական հեռախոսի տեսախցիկը միացնելուց հետո անվանել էր նրան «հակահայ վիժվածք» «ժեխ բիձա», հրել և հարցրել․ «Էս արդեն մարդամեջ եք դուրս գալի՞ս»։ Ասլանյանն ի պատասխան նրան որակել էր «ապուշ», հրել, պահանջել դադարեցնել նկարահանումը։ Քաշքշուկ էր սկսվել, որի ընթացքում պատգամավորը հարվածելով գցել էր հեռախոսը, որով Վարդանյանը նկարահանում էր իրեն, և իջել ավտոբուսից։
Նույն օրը Վարդանյանին ձերբակալել էին։
Ավելի ուշ նրա փաստաբանները (Լեռնային Ղարաբաղի նախկին օմբուդսմեն, հայտնի ընդդիմադիր գործիչ Ռուբեն Մելիքյանը; Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի արդեն նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարևանյանը և այլն) ահազանգել էին՝ Քննչական կոմիտեից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձինք խոշտանգել են Վարդանյանին։ Քննչականի մոտակայքում նրան ուղեկցողները իջել են մեքենայից և զուգարան գնալու պատրվակով լքել տարածքը՝ ձեռնաշղթայված մեղադրյալին թողնելով մենակ։ Կարճ ժամանակ անց մեքենա են մտել դիմակավորված երկու տղամարդիկ, քաշքշելով իջեցրել են Վարդանյանին մեքենայից, ծեծել, հայհոյել և թքել վրան։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խոշտանգման հոդվածով, բայց մեկ տարի անց էլ ոչ մեղադրյալներ կան, ոչ էլ ձերբակալվածներ։ Ոստիկանապետը հայտարարել էր, թե «դեռ հարց է՝ ինչ է իրականում կատարվել»։ Իրավապահները հերթապահ հայտարարություններ են տարածում «նախաքննությունը շարունակելու» մասին։ Փոխարենը դատում են Վարդանյանին՝ ավտոբուսում «քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված թշնամանք կամ անհանդուրժողականություն հրահրելու» համար։
Գասպարիին հատկապես սա է զայրացնում։ Պատգամավորին վիրավորելու համար քաղաքացուն դատ-դատաստան է հասնում, բայց պետության վերահսկողության տակ հայտնվածին ծեծելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։ «Զանցանք-հանցանքին՝ դատ ու դատաստան, ստոր խոշտանգումներին՝ ՈՉԻՆՉ», – գրված էր պաստառին, որը նա բերել էր այսօրվա (և նախորդ մի քանի) դատական նիստերին։