Home / Հայաստան / Խոշտանգումները տարածվել են ոստիկանական բաժիններից դուրս

Խոշտանգումները տարածվել են ոստիկանական բաժիններից դուրս

2024 թվականին ԶԼՄ-ները ֆիքսել են ոստիկանական բռնությունների 155 դեպք խաղաղ հավաքների ժամանակ և 24 դեպք՝ անհատների հանդեպ։ Չնայած վիդեո նյութերի ու փաստերի՝ ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել, անգամ նկատողություն չի ստացել։ 

«Նման մոտեցումը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների խրախուսական և գովասանքի խոսքերը ոստիկանության հակաօրինական գործողությունների վերաբերյալ խորացնում են անպատժելիության մթնոլորտը համակարգում» ,- գրում է Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ ամփոփելով 2024 թվականի մշտադիտարկումը։ 

Ըստ իրավապաշտպանների, խոշտանգումների և անպատժելության մեջ դեր ունեն նաև իրավական որոշ փոփոխություններ։ 2021 թվականից լուծարվել է Հատուկ քննչական ծառայությունը, խոշտանգման դեպքերը հիմա քննում է ԱԱԾ-ն, որը խոշտանգման դեպքերը քննում է չափազանց մեղմ հոդվածով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը»։

Եթե մինչև 2024 թ.արձանագրված խոշտանգման դեպքերը տեղի են ունեցել ոստիկանության բաժիններում, ապա 2024 թ. մարտին դեպքեր արձանագրվեցին նաև ոստիկանության բաժիններից դուրս։ 

տե՛ս Դասական խոշտանգում. Երևանի ոստիկանները էլի մարդ են ծեծել 

Արին Բերդի փողոցի մոտակայքում քննիչները՝ ծեծելով, վիրավորելով և նվաստացնելով, տեղեկություններ են փորձել կորզել ձերբակալված անձից։ Խոշտանգման տեսանյութը հայտնվել էր համացանցում։

տե՛ս Կենտրոնի ոստիկանները պետք է պատժվեն

2024-ի ապրիլին էլ հաղորդվել էր, որ քննչական կոմիտեից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս ոստիկանության ծառայողները կայանել են և անձնական կարիքները հոգալու պատրվակով իջել մեքենայից, ինչից հետո մեքենա են մտել 4-5 դիմակավորված անձինք, խոշտանգել, նվաստացրել և սպառնացել ձերբակալվածին։

տե՛ս ՔՊ-ականներ որսացող ձերբակալվածին ծեծել են և նվաստացրել

«Ոստիկանության ծառայողների նման վարքագիծը հիմք է տալիս հիմնավոր կասկած առաջադրել, որ քաղաքացուն խոշտանգելու և մարդկային արժանապատվությունը նվաստացնելու գործողությունները եղել են հրահանգված, ինչը բացարձակապես անընդունելի է, և բացի կատարողներից պատասխանատվության պետք է ենթարկվեն ինչպես ուղեկցող ոստիկանության ծառայողները, այնպես էլ պատվիրատուները։ Մինչդեռ, դեպքից 8 ամիս անց անձին խոշտանգելու գործով նույնիսկ չեն նույնականացվել ուղեկցող ոստիկանները»,- ասված է իրավապաշտպանների զեկույցում։ 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգում է նաև, որ խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանները մարդկանց վախեցնելու, ֆիզիկապես վնասելու մարտավարությամբ են շարժվում։  Մասնավորապես, 2024 թ. հունիսի 12-ին ընդդիմության ակցիայի ժամանակ ոստիկանությունը առանց պատշաճ զգուշացման է կիրառել լուսաձայնային նռնակներ և վնասվածք հասցրել 100-ից ավել մարդու։ 

տե՛ս Վկայություններ և կադրեր Բաղրամյանից․ «Ոստիկանությունը հե՛տ», «Ով խփի՝ սատկացրեք»

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։