Home / Առողջապահություն / Լոռու ոստիկաններին չհաջողվեց ծեծելով կորզել խոստովանությունը․ վճիռ

Լոռու ոստիկաններին չհաջողվեց ծեծելով կորզել խոստովանությունը․ վճիռ

2025թ․-ի հունվարի 24-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լ․Սեփխանյանի նախագահությամբ որոշում է կայացրել բավարարելու Վ․Մ․-ի ձերբակալման արձանագրության իրավաչափության վերաբերյալ ներկայացված դիմումը։

Հունվարի 10-ին առավոտյան ժամը 7։45-ին Վ․Մ․-ի բնակարան են այցելել քաղաքացիական հագուստով 2 անձ, ովքեր ներկայացել են որպես ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներ։ Նրանք առանց որևէ հիմնավորման և փաստաթուղթ ներկայացնելու հորդորել են Վ․Մ․-ին իրենց հետ գնալ Վարչություն, նշելով, որ զրուցելու բան ունեն, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), որի փաստաբան Անի Չատինյանը ստանձնել է Վ․Մ․-ի իրավունքների պաշտպանությունը։

Նույն օրը Վարչությունում Վ․Մ․-ն ենթարկվել է անձնական խուզարկության՝ առանց համապատասխան իրավական հիմքերի։ Խուզարկությունից հետո Վարչության աշխատակիցները ֆիզիկական բռնություն են կիրառել Վ․Մ․ նկատմամբ՝ իր կողմից չկատարած արարքի համար ինքնախոստովանություն կորզելու նպատակով։ Չկարողանալով ստանալ խոստովանությունը՝ առանց որևէ իրավական հիմնավորման հաջորդ օրը ժամը 13:00-ի սահմաններում Վ․Մ․-ին ազատ են արձակել։

Հունվարի 15-ին աստաբան Չատինյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացրել, որը հունվարի 24-ին բավարարվեց։

Վահան Մկրտչյանին ձերբակալելու մասին արձանագրությունը և անազատության մեջ պահելուն ուղղված գործողությունները եղել են ակնհայտ ոչ իրավաչափ և առկա բոլոր իրավական և փաստական հիմքերի հիման վրա դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել վերջինիս ձերբակալումը։