Քենիայի նախագահ Ուիլիամ Ռուտոն այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում հաստատել նոր հարկային օրինագիծը, որը երկրում զանգվածային բողոքի ցույցերի առիթ է դարձել։ Նախագահը օրենքը վերադարձրել է խորհրդարան` հետագա փոփոխությունների համար։
Ռուտոն ժողովրդին դիմել է պետական հեռուստատեսությամբ.
«Ես ուշադիր լսեցի Քենիայի ժողովրդին, որը բարձր հայտարարեց, որ չի ուզում գործ ունենալ 2024 թվականի ֆինանսական օրենսդրական նախաձեռնության հետ։ Ես այդ բողոքը ճանաչում եմ։ Չեմ պատրաստվում ստորագրել այդ փաստաթուղթը, օրինագիծը հետ կկանչվի»։
Նա նաև նշել է, որ պատրաստվում է երկխոսություն սկսել երկրի ակտիվ երիտասարդության հետ։ Կոնկերտ ինչ գործողություններ են նախատեսվում` չի պարզաբանել։ Նախագահը նշել է, որ աշխատանքներ են տարվելու խիստ խնայողության միջոցների ներմուծման ուղղությամբ։ Կրճատումները կսկսվեն նախագահի վարչակազմի բյուջեից։
Հունիսի 25-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում այրվել էր խորհրդարանի շենքի մի մասը։ Հրդեհը բռնկվել էր հարկային նոր օրենսդրության դեմ պայքարող ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից րոպեներ անց։
Ուժայինները սկզբում փորձում էին ցուցարարների բազմահազարանոց հավաքը ցրել արցունքաբեր գազով ու ջրցաններով, ավելի ուշ սկսել են կրակել։ Քենիայի Ազգային հիվանդանոցը Х-ի իր էջում գրել է, որ իրենց են դիմել բախումներից տուժած տասնյակ քաղաքացիներ։ Քենիական The Standard լրատվական գործակալության հետ զրույցում, Նայրոբիի ոստիկանապետ Ադամսոն Բունգեյը հաստատել է, որ ցուցարարներից ոմանք լուրջ վնասվածքներ ունեն։ Տեղական KTN հեռուստաընկերությունը հայտնել է ութ զոհերի մասին։ Բուժակ Վիվիան Աչիստայի փոխանցմամբ, սպանվել է նվազագույնը 10 ցուցարար։ Քենիայի մարդու իրավունքների հանձնաժողովը ոստիկանության գործողությունները որակել է որպես «անընդունելի»։
Սոցիալական ցանցերում շրջանառվում են խորհրդարանի պաշարված շենքից տարհանվող պատգամավորների ու այրվող ոստիկանական մեքենաների լուսանկարներ։
Բողոքի ակցիաներ իրականացվել են նաև երկրի այլ քաղաքներում։ Հիմնարկությունների աշխատանքները դադարեցված են, տրանսպորտը պարալիզացված է։
Քենիայի խորհրդարանը վերջերս ընդունել էր նոր հարկերի մասին օրենքի վիճելի նախագիծը. անմիջապես հետո երկրում զանգվածային ցույցրեր են սկսվել։ «Ուզում ենք փակել խորհրդարանը, բոլոր պատգամավորները պետք է հրաժարական տան։ Մենք նոր կառավարություն պետք է ունենանք»,— հայտարել է ցուցարարներից Դևիս Տաֆարին։
«Կան բաներ, որ բարդ է հասկանալ։ Ասենք, ո՞նց կարելի է 16 տոկոս հարկ սահմանել հացի վրա։ Ինչպե՞ս կարելի է հարկել հիգիենիկ միջադիրները», — Բիբիսիի հետ զրույցում ասել է 24-ամյա Դերիկ Մվատուն։
Ցույցերի ֆոնին կառավարությունը չեղարկել էր օրինագծի որոշ դրույթներ։ հայտարարել էին, որ հացը չի հարկվի, իսկ հիգիենայի միջոցները կհարկվեն միայն եթե ներմուծված են։ Խոստանում էին հանել նաև ձեթի հարկը, մեքենա ունեցողների համար սահմանված նոր հարկը և դրամական փոխանցումներինը։ Այս ամենը, սակայն, ցուցարարների համար բավարար չէր։
Ակցիաների մասնակիցներից շատերը պահանջում են նախագահ Ուիլիամ Ռուտոյի հրաժարականը։ Երկու տարի առաջ նա ընտրություններում հաղթել էր երկրի ամենաաղքատ բնակչության աջակցության ծրագրերի հաշվին։ Պաշտոնը ստանձնելուց հետո հայտնվել էր երկու քարի արանքում. մի կողմից երկրի բնակչություն է, մյուս կողմից` միջազգային կրոդիտորները, այդ թվում` Արժույթի միջազգային հիմնադրամը, որը կառավարությունից պահանջում է կրճատել բյուջեի դեֆիցիտը։
Քենիայում ստեղծված ճգնաժամ մի քանի պատճառ ունի։ Կորոնավիրուսի համաճարակի անսպասելի ծախսերը մեծ բեռ էին երկրի բյուջեի համար։ Բացի այդ, երկրում երկու տարի շարունակ երաշտ էր։ Նոր հարկային նախագծի արդյունքում հնարավոր կլիներ հավաքել 2.7 միլիարդ ԱՄՆ դոլար, որը կարող էր ծախսվել պարտքերը փակելու համար։ Այս պահին նախկին վարկերի միայն տոկոսները վճարելու վրա Քենիան ծախսում է քաղաքացիների վճարած հարկերի շուրջ 37 տոկոսը։
2022 թվականի վերջի տվյալներով Քենիայի արտաքին պարտքը կազմում է 37,4 միլիարդ դոլար։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (I.M.F), դրանից առնվազն 6,7 միլիարդ դոլարը պարտք է Չինաստանին: Այն ժամանակ Քենիան ևս 11,1 միլիարդ դոլար պարտք էր Համաշխարհային բանկին, 7,1 միլիարդ դոլար՝ պարտատոմսերի սեփականատերերին, 3,8 միլիարդ դոլար՝ արդյունաբերական զարգացած երկրներին, 3,5 միլիարդ դոլար՝ Աֆրիկյան զարգացման բանկին, 2,4 միլիարդ դոլար՝ I.M.F-ին, 1,9 մլրդ դոլար` միջազգային առևտրային բանկերին: I.M.F.-ի պարտքը 2022-ից հետո ավելացել է:
Աֆրիկյան գրեթե բոլոր երկրները անկախությունից հետո պարտք են իրենց գաղութատերերին և ոչ միայն։ Դեֆոլտից խուսափելու համար Քենիայի նման երկրները ստիպված են էլ ավելի շատ վարկ վերցնել։ Որքան մեծանում է պարտքը, այնքան փոքրանում է լրացուցիչ ֆինանսական աջակցություն ստանալու շանսը։